Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարությունն ախոռ չէ

Սեպտեմբեր 24,2002 00:00

Նախարարությունն ախոռ չէ Ախ, այդ չարաբաստիկ տեսաերիզը «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը ներկայացել էր տուժող, ԱԺ պատգամավոր Ժիրայր Գեւորգյանը։ Գրեթե որեւէ հանգամանք չավելացվեց գործի նյութին, անակնկալ չեղավ եւ այն տպավորությունն էր, որ տուժողը տուժող է ճանաչվել հենց այնպես։ Հենց այնպես տուժող ճանաչված մեկ այլ տուժող էլ՝ Ռոլանդ Շառոյանը, ընդհանրապես չներկայացավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Տուժող Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը հանդես եկավ մի միջնորդությամբ, որը մեկ անգամ հնչել էր դատական նիստերից մեկի ժամանակ։ Խոսքը 1999թ. հոկտեմբերի 28-ին պաշտպանության նախարարությունում նկարահանված տեսաերիզի մասին է, որում պատկերված է ՀՀ նախագահի քաջարի զինվոր, խորհրդական Ալիկ Հարությունյանի՝ ՊՆ-ում գտնվելը։ Ըստ դատարանական եւ արտադատարանական տեղեկությունների, հայտնի եւ անհայտ տեսաերիզում նախկին կասկածյալը ասել էր, որ Ռ. Քոչարյանը մարդասպան է… Օ. Յունոշեւը միջնորդում էր դարձյալ պարզել տեսանյութի գտնվելու վայրը, ինչպես նաեւ հանձնարարել ՆԳ եւ ԱԱ նախարարություններին՝ ճշտելու, թե ովքեր են ներկա գտնվել այդ օրը ՊՆ-ում։ Փաստաբանը միջնորդում էր նաեւ չսպասել վկաների հարցաքննությանը եւ հարցաքննել հնարավոր վկաներից Արտակ Զեյնալյանին, Մանվել Գրիգորյանին, Աստվածատուր Պետրոսյանին եւ Ալիկ Հարությունյանին։ Դատավոր Սամվել Ուզունյանը հրապարակեց պաշտպանության նախարարությունից դատարան ուղարկված մի գրություն, որով պարզ դարձավ, որ Ալիկ Հարությունյանի ՊՆ կատարած այցելությունը նկարահանելու վերաբերյալ քննություն է արվել։ Տեսաժապավենի ձեռքբերման ուղղությամբ կատարված աշխատանքները արդյունք չեն տվել։ Այդ գրության պատճառով բորբոքվեց Կ. Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, որը նկատեց, որ «պաշտպանության նախարարի ընդունարանը վերնիսաժ չէ, նախարարի տեղակալի աշխատասենյակն էլ ախոռ չէ», խոսքը վերահսկվող տարածքի մասին է։ Նա կասկածի տակ առավ ծառայողական քննություն կոչվածը եւ կիսեց Օլեգ Յունոշեւի մտահոգությունները։ Միջնորդության կապակցությամբ հայտնեց, որ Արտակ Զեյնալյանին կարելի է հարցաքննել տուժողներից հետո, մինչեւ Ալիկ Հարությունյանի հարցաքննությունը։ Մեկ այլ տուժողի ներկայացուցիչ (Աղվան Վարդանյանի)՝ Ռուբեն Սահակյանը, պաշտպանության տակ առնելով Ալիկ Հարությունյանին, բացառեց, որ եղել է նման փաստ։ Ավելին, նա նկատեց, որ նախկին պաշտպանության նախարարը՝ Վաղարշակ Հարությունյանը, որոշակի գործողություններ կկատարեր, եթե Ա. Հարությունյանը նման հայտարարություններ արած լիներ։ Հետաքրքիր է, որ մի դեպքում նա գտնում էր, որ ՊՆ նախկին նախարարը կարող էր որոշակի գործողություններ կատարել, սակայն անհասկանալի էր համարում, թե ինչու է պաշտպանության ներկայիս նախարարին գրություն ուղարկվում։ Ամբաստանյալ Կարեն Հունանյանի խոսքից հասկացանք, որ ինքը պատրաստվելու է առաջիկայում գրավոր դիմել ազգային անվտանգության նախարարությանը, որպեսզի քրեական գործ հարուցվի։ Ակնարկը թափանցիկ էր, քրեական գործ պետք է հարուցվեր, ըստ նրա տրամաբանության, քաղաքական նպատակներ հետապնդողների համար։ Մինչեւ վերջերս գիտեինք, որ ԱԱՆ-ին գործ տալիս էին, բայց որ ԱԱՆ-ն գործ կարող է հարուցել, այդ մասին տեղեկացանք ամբաստանյալի հայտարարությունից։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը խորհուրդ տվեց Օ. Յունոշեւին փաստաբանությունը չծառայեցնել քաղաքականությանը եւ հակապետական գործունեությամբ չզբաղվել (պետական գործունեությունը, հավանաբար, ահաբեկչությունն է)։ Մեղադրող Հ. Մարտիրոսյանը տարօրինակ համարեց մեղադրանքի սահմաններից դուրս գալու ակնարկը, հարցնելով ամբաստանյալներին. «Բա ինչի՞ հետ կապ ունի միջնորդությունը»։ Ն. Հունանյանի խորհրդի կապակցությամբ (Յունոշեւին հասկացրեց, թե տեսաժապավենի հետ կապված թող անջատված մասին դիմի) մեղադրողը նկատեց. «Տարօրինակ էր, որ նախաքննական մարմնին չվստահող Նաիրի Հունանյանը հիմա վստահում է»։ Մեղադրողները գտնում էին, որ միջնորդությունը պետք է հետաձգվի եւ տուժողների հարցաքննությունից հետո պետք է անդրադառնալ դրան։ Դատարանը մասնակի բավարարեց փաստաբանի միջնորդությունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել