Լրահոս
Օրվա լրահոսը

Իր իսկ խախտման գերին

Սեպտեմբեր 25,2002 00:00

Իր իսկ խախտման գերին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն առանց հեռարձակման արտոնագրի գործող «Ար», «Պրոմեթեւս», «Սինեմաքս» եւ «HTB» հեռուստաընկերությունների զբաղեցրած կապուղիների համար հունիսին չհայտարարեց մրցույթ, դրժելով իր իսկ վաղորոք արված՝ հայտարարությունը: Մրցույթ չհայտարարելն էլ վերջերս այսպես պատճառաբանեց, թե ծագել են խնդիրներ, որոնք հաշվի չէին առնվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում: Մասնավորապես, որ «Պրոմեթեւսի» զբաղեցրած կապուղին մարզերում շահագործում են նաեւ այլ հեռուստաընկերություններ, որոնց իրավունքները պաշտպանված են, եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը չի առաջադրում խնդրի լուծման մեխանիզմներ: Վերջինիս հեղինակներից մեկը՝ ԱԺ Գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը, ծանոթանալով Գրիգոր Ամալյանի այս պնդումներին, ասաց. «Մի անգամ խախտելով օրենքը, հանձնաժողովը դարձել է ինքն իր խախտման գերին: Ասենք, կա կապուղի, որ միաժամանակ կարող է օգտագործվել տարբեր հեռուստաընկերությունների կողմից ՀՀ տարբեր շրջաններում: Օրենքը չի սահմանում մրցույթ ամբողջ կապուղու համար, այլ ընդամենը նախատեսում է մրցույթ այն տարածքի համար, որտեղ գործելու է հեռուստաընկերությունը: Ասենք, Սիսիանում ազատվե՞լ է այդ կապուղին՝ հայտարարեք մրցույթ: Բայց քանի որ, ելնելով քաղաքական նկատառումներից, հայտարարվել են ոչ թե ընդհանուր մրցույթներ տարածքների, այլ հենց կապուղիների համար, հիմա Ազգային հանձնաժողովը փորձում է իր խախտումը հիմնավորել նրանով, որ օրենքն է թերի: Մինչդեռ թերի է այն գործունեությունը, որը ոչ թե բխում է օրենքից, այլ ղեկավարվում է այլ շահերով»: Գրիգոր Ամալյանը նաեւ նշել էր, թե մրցույթը չեն հայտարարում, քանի որ չեն ցանկանում խաղից դուրս թողնել մարզային հեռուստաընկերություններին եւ մտավախություն ունեն, որ «Պրոմեթեւսի» զբաղեցրած կապուղու մրցույթը այլ հեռուստաընկերություններից տարանջատելու դեպքում՝ «կստեղծվի քաղաքական շահարկումների նոր առիթ»: Մի քիչ տարօրինակ էր սա լսել մի մարդուց, որն «Ա1+»-ին եւ «Նոյյան տապանին» զրկելով եթերից՝ «հրահրեց» նաեւ քաղաքական բողոքի ալիք ու բոլորովին հաշվի չառավ «Ա1+»-ի ստեղծած՝ մարզային հեռուստաընկերությունների «Համասփյուռ» ցանցի ճակատագիրը: Ինչո՞ւ Ազգային հանձնաժողովի նախագահն առանձնահատուկ վերաբերմունք հանդես բերեց հատկապես «Պրոմեթեւսի» պարագայում. այս հարցին ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Որ տարբեր է մոտեցումը հեռուստաընկերությունների նկատմամբ՝ գիտենք վաղուց: Այդ հարցի պատասխանը սակայն պետք է փնտրել այլ ոլորտում՝ ոչ օրենքի մեջ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել