Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլասեր մարզպետը

Սեպտեմբեր 25,2002 00:00

Ֆուտբոլասեր մարզպետը «Մրից ելանք` մրջուրն ընկանք»,172 տրտնջաց վայոցձորցի բարեկամս, որ իր կյանքի մի կարեւոր հատված նվիրել էր Վայոց ձորի նախկին մարզպետ Պանդուխտ Մանուկյանի դեմ պայքարին։ Պարզվեց, նոր մարզպետը՝ Վաղինակ Մաթեւոսյանը, մարզի բնակիչներին հիշեցրել է լավ մոռացված հին ասացվածքները՝ «Մինչեւ չգա հետինը՝ չի հիշվի առաջինը», «Փորձած թանը անփորձ մածնից լավ է» եւ այլն։ Ողջ մարզը զբաղված է 9 ամիս հազիվ մարզպետ աշխատած Վաղինակ Մաթեւոսյանի տարօրինակությունները քննարկելով եւ տեղ-տեղ երանությամբ նախկին մարզպետին հիշելով։ Իրար հերթ չտալով վայոցձորցիները թվարկում են, թե ինչով է զբաղված մարզպետը, թե ինչպես է հեղինակազրկել մարզպետի պաշտոնը, թե ինչքան քիչ է հոգ տանում մարզի համար եւ այլն։ Նրա միակ ու անկրկնելի սերը, պարզվեց, ֆուտբոլն է։ Փաստորեն նա ոչ այնքան Վայոց ձորի մարզպետն է, որքան Վայոց ձորի մարզի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։ Մարզի «Արփի» անունը կրող ֆուտբոլային թիմը դարձել է նրա անձնական հոգածության առարկան՝ ոչ միայն բարձր աշխատավարձեր է տալիս ֆուտբոլիստներին, պարգեւատրում, այլեւ բոլոր հնարավոր կազմակերպությունների ու պաշտոնյաների վրա յուրօրինակ տուրքեր է դրել։ Օրը մեկը հոգում է ֆուտբոլի թիմի կարիքները՝ սնունդ ուղարկում, գումարներ փոխանցում, օգնում՝ ինչով կարող է։ Զրուցակիցներս պատմեցին, որ միայն Եղեգնաձորի քաղաքապետը 3000 դոլար է փոխանցել «Արփիին», մանկապարտեզները ալյուր ու ձեթ են ուղարկել, իսկ հիվանդանոցներն իրենց աշխատողների մի ամսվա աշխատավարձն են ստորագրել ու փոխանցել ֆուտբոլիստներին։ Դպրոցների տնօրենները միանվագ 100-ական դոլար են տրամադրել։ Այնպես որ, «Արփին» դարձել է վայոցձորցիների աչքի գրողը՝ մարդիկ հազիվ են իրենց հոգսերի տակից դուրս գալիս, հիմա էլ լրացուցիչ ուտող բերան են պահում։ Բայց մարզպետի տարօրինակությունները ֆուտբոլով չեն ավարտվում։ Նա մի գեղեցիկ օր որոշել է, որ միջազգային հարաբերությունները պարտադրում են, որ մարզի բոլոր դպրոցներում որպես օտար լեզու դասավանդվի միայն անգլերենը եւ հրահանգել է բոլոր գերմաներենի ուսուցիչներին արագ՝ 1-2 ամսում վերապատրաստվել եւ անցնել անգլերենի։ Անգլերենի նկատմամբ իր հարգանքը մարզպետը մի այլ նախաձեռնությամբ էլ է արտահայտել՝ որոշել է, որ մարզպետարանի բոլոր աշխատողները պետք է անգլերենի դասերի գնան։ Ասում են՝ հատկապես զվարճալի են անցնում ամենօրյա դիսպետչերականները՝ առավոտյան ժամը 8։3017210172ը մարզպետը խորհրդակցում է իր ողջ ապարատի հետ։ Ընթերցում է մարզպետարանի ստացած նամակները, կոլեկտիվը որոշում է, թե նա դրանք ում մակագրի եւ այլն։ Մարզպետը մեծ սեր ունի ոչ միայն ֆուտբոլի, այլեւ կուլտմասսայական մյուս միջոցառումների նկատմամբ։ Նրա կարծիքով, պետք է մշակույթի տանը ամեն օր անվճար համերգներ կազմակերպվեն, մինչդեռ ոչ միայն դրա համար մարզպետարանը փող չունի, այլեւ մարզպետարանի աշխատողների՝ մարզի գյուղերը մեկնելու համար բենզին։ Փող չկա նաեւ մարզի թերթը տպելու համար։ Այսինքն, փողը հազիվ բավականացնում է ֆուտբոլի թիմին, որը համալրվել է դրսից հրավիրված ֆուտբոլիստներով, սակայն այս ծախսերը, ըստ վայոցձորցիների, արդարացված չեն, քանի որ թիմը պարտություն պարտության ետեւից է կրում։ Բայց չկարծեք Վաղինակ Մաթեւոսյանը միայն թերություններ ունի։ Նրա արժանիքների մասին անգամ ՀՀ նախագահն է մի առիթով արտահայտվել, ասել է, որ Վաղինակի սարքած խաշլաման ամենահամովն է։ Չէ՞ որ նա Ռոբերտ Քոչարյանի որսընկերն է եւ միշտ անհամբերությամբ է սպասում իր նախագահի ժամանելուն։ ՀԱԿՈԲ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել