Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ԱՅՆ ՍԻՄՖՈՆԻԿԸ ՉԷ

Սեպտեմբեր 25,2002 00:00

ՍԱ ԱՅՆ ՍԻՄՖՈՆԻԿԸ ՉԷ «Խնդրում ենք London Sinfonietta-ն չշփոթել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչպես արդեն սպրդել է մամուլում»,- հենց սկզբից մեզ զգուշացրին հանդիպման կազմակերպիչները։ «Լոնդոն սինֆոնիետա» նվագախումբն ընդամենը մեկ համերգով Երեւան է եկել Բրիտանիայի ազգային խորհրդի աջակցությամբ։ Իր հայրենիքում «նոր եւ նորարար երաժշտության աննախընթաց ախոյան» «տիտուլով» հայտնի երաժշտախումբն, ըստ իրենց ներկայացրածի, փայլուն համերգային շրջագայություններ է ունեցել աշխարհի շատ երկրներում։ Բրիտանական Միացյալ Թագավորությունում նվագախմբի կենտրոնը Էլիզաբեթ թագուհու դահլիճն է, ինչն արդեն վկայում է համույթի բարձր ընդունելության մասին։ Նվագախումբը կատարում է ե՛ւ անգլիացի, ե՛ւ այլազգի կոմպոզիտորների գործեր։ Ի դեպ, երեւանյան ծրագրում ընդգրկված է նաեւ հայ երգահան Ստեփան Ռոստոմյանի «Մուտք» ստեղծագործությունը։ Հյուրերը նշեցին, որ հայկական երաժշտությունն այնքան էլ լայն տարածում չունի Անգլիայում, եւ իրենք շատ ուրախ են, առիթն օգտագործելով, ծանոթանալու մեր երգահանների գործերին։ «Մենք արդեն գնել ենք մի քանի CD-ներ, բացի այդ, մեր դիրիժորը ծանոթ է Տիգրան Մանսուրյանի գործերին»,- հայտնեց Sinfonietta-ի մենեջեր Քաթի Գրահամը։ Նա ավելացրեց նաեւ, որ այս հյուրախաղերի համար երկար ժամանակ փնտրել ու դժվարությամբ գտել են շոտլանդացի մի պարկապզուկ նվագողի, որը պետք է մասնակցի Ստեփան Ռոստոմյանի գործի կատարմանը։ Այն կզուգակցվի հայկական այլ գործիքների հետ, որոնց կատարողներն արդեն տեղացի հայ երաժիշտներ են։ Երգչախմբային մասը, ի դեպ, նույնպես մերոնց վրա է։ Եզակի այս համերգի համար որպես բեմ ընտրվել է Ամերիկյան համալսարանի դահլիճը։ Ինչ վերաբերում է անծանոթ հանդիսատեսին, ապա նվագախմբի ղեկավարներն անհանգիստ չեն. «Մեզ շատ են պատմել հայ ժողովրդի ջերմության ու լավ վերաբերմունքի մասին, մենք սպասում ենք, որ կլինի զգայուն հանդիսատես, որ համերգը կընկալի բաց լսելիքով»,- ասացին, «բաց լսելիքն» էլ վերագրելով, հավանաբար, ուշադրությանը։ Ասենք նաեւ, որ ձայնագրել կամ տեսագրել համերգը չի թույլատրվում, բայց վերջում խաղարկվելու է 2 լազերային ձայնասկավառակ։ Ի դեպ, նման կարգի արգելքներ արդեն դրվել էին նույն բրիտանական խորհրդի կազմակերպած անգլիական նորարարական բալետային խմբի ելույթի համար, սակայն ելույթը նկարահանվեց էլ, ձայնագրվեց էլ, ինչի ականատեսն էինք։ Ինչեւէ, 1968 թվականին հիմնադրված այս երաժշտախումբն, անշուշտ, կհետաքրքրի երաժշտասերներին, թեկուզեւ այն առումով, որ «նոր է ու նորարարական»։ Իսկ հաջորդ օրը խումբը ծրագրել է երաժիշտ ուսանողների համար անցկացնել բաց դաս, որտեղ կմատուցվեն խմբի «նորարարություններից» մի քանի «պատառիկներ»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել