Լրահոս
Օրվա լրահոսը

Արձան՝ միտինգավորների համար

Սեպտեմբեր 25,2002 00:00

Արձան՝ միտինգավորների համար «Առավոտը» քանիցս անդրադարձել է Տերյան-Թումանյան խաչմերուկում երեւանցիներին անակնկալի բերած Առնո Բաբաջանյանի արձանին։ Երեկ Ժուռնալիստի տանն էլ կրկին հավաքվել էին ճանաչված մտավորականներ, «վամպիրանման» արձանի վերաբերյալ իրենց բողոքն արտահայտելու։ «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռ. Հակոբյանը նախ լրագրողների համար շարադրեց արձանը քանդակելու նախապատմությունը, այնուհետեւ ասաց, որ այն վայել չէ ոչ մեր քաղաքին, ոչ Բաբաջանյանին. «Մեր ցանկությունն էր ունենալ Բաբաջանյանի հրաշալի հուշարձան, որը կհիշեցներ եւ կխորհրդանշեր տաղանդավոր կոմպոզիտորի, արվեստագետի մարդկային հատկությունները, երաժշտությունը։ Իսկ այս արձանն, ընդհակառակը, բացասական էմոցիաներ է առաջացնում եւ տարբեր համեմատությունների առիթ տալիս»։ Արձանի հեղինակի՝ Դ. Բեջանյանի հասցեին հնչած դյուրաբորբոք կոչերին հակառակ, Նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանը մեծարեց վերջինիս, բնութագրելով իբրեւ ճանաչված քանդակագործ։ Նա զուգահեռներ անցկացրեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղադրված Զորավար Անդրանիկի եւ Առնո Բաբաջանյանի արձանների միջեւ. «Սա առաջին դեպքը չէ, տարիներ առաջ էլ Անդրանիկի արձանի շուրջ աղմուկ բարձրացավ, բայց այն մինչեւ օրս կա եւ այդպես էլ կմնա։ Չկա այն համակարգը, որը հնարավորություն է տալիս քաղաքում ունենալ փայլուն գործեր, հուշարձաններ»։ Ըստ Կ. Աղամյանի, եթե լիներ գեղխորհուրդ, ապա հարց կտայինք ոչ թե արձանի հեղինակին կամ «Ա. Բաբաջանյան» ֆոնդի տնօրենին, այլ գեղխորհրդին, թե ինչու է այսպես ընդունել այս քանդակը։ «Իսկ գեղխորհուրդը կասեր, որ արձանը լավն է, մենք էլ կհավատայինք»,- հավելեց Կ. Աղամյանը։ Չնայած նրա արդարացումներին, մտավորականներից ոմանք արձանը որակեցին այլանդակություն, անգամ առաջարկեցին մինչ նրա հանդիսավոր բացումը «շպրտել Զանգվի ձորը»։ Իսկ մամուլի ասուլիսին ներկա երգիծաբան Արամայիս Սահակյանը հիշեց իր ընկերներից մեկի կատակը արձանի վերաբերյալ. «Իշխանությունները հավանաբար արձանը դրել են այդտեղ, որ միտինգավորներին վախեցնեն»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել