Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահամեղ, ամենամաքուր

Սեպտեմբեր 26,2002 00:00

Ամենահամեղ, ամենամաքուր «Արմպրոդէքսպո» թվով երրորդ միջազգային ցուցահանդեսն այս անգամ անցկացվում էր «Դինամո» մարզադահլիճում։ Թե մեր երեխաներն են քաղաքակիրթ դարձել, թե ոստիկանների ահն է մեծ՝ պարզ չէ, բայց, անցյալ տարվա պես, այս տարի էլ «համտեսի» եկած փոքրիկներ չկային։ Թեպետ կազմակերպիչները սպասում էին. «Դեռ նոր ենք բացել, դեռ կգան»։ Մասնակիցների թիվը կրկին նույնն էր՝ շուրջ 60, բայց անունները փոխվել էին։ «Դե, շատերը զբաղված են, այլ ցուցահանդեսների են գնացել մասնակցելու (արտերկիր), որ ասես՝ հիասթափված են սրանից, չէ»,- պարզաբանեցին կազմկոմիտեում։ «Լավ կլինի, որ մեզանից յուրաքանչյուրն իմանա ու որտեղ էլ լինի՝ գովազդի, որ մեր արտադրանքն ամենահամեղն է, էկոլոգիապես ամենամաքուրը»,- այսպես բացեց ցուցահանդեսը գյուղնախարար Դավիթ Զադոյանը։ Դե, բնական է, աշխարհում էլ ո՞վ ունի այսքան մաքուր ու պահպանված շրջակա միջավայր, այսքան օրինատենչ վերահսկողներ, վայ թե՝ ատոմակայան էլ չունենք։ Բայց դե՝ խոսք է, պիտի ասվի, ունենք-չունենք, հո մեր դուշմանն էլ չե՞նք։ Ցուցահանդեսի առաջին «բախտավոր» մասնակիցը, ում պրն Զադոյանը սիրահոժար առաջարկեց օգնել՝ ինչով կարող է, «Մինե» ՍՊԸ-ն էր, որը զբաղվում էր կենցաղային իրերի վրա գունավոր դրոշմումով։ «Ինչո՞վ կարող է օգնել ձեզ նախարարը» հարցիս հստակ պատասխան դեռ չկար՝ առաջարկն էր անսպասելի։ Տաղավարներում ներկայացված էին հիմնականում ոգելից ու ոչ ոգելից խմիչքներ, պահածոներ, մսա- կաթնամթերք, ծխախոտ։ Պակասում էին միրգ-բանջարեղեն արտադրող կազմակերպությունները, թեպետ վերջին տարիներին ֆերմերական խոշոր տնտեսություններ են ձեւավորվել եւ հաջողությունների հասել ոչ միայն Հայաստանի տարածքում։ Ցուցահանդեսը միջազգային է, բայց այլազգիներից միայն վրացիներն էին ներկայացել իրենց գինիներով։ Ինչպես բացատրեցին, հայկական գրեթե բոլոր ընկերություններն էլ համատեղ են, որոնց մասնակցությունն արդեն նշանակում է «միջազգային»։ Տաղավարների տերերն, ինչպես միշտ, որպես հիմնական խնդիր նշում էին ճանապարհները՝ թանկ են, երկար են, ոչ շահավետ են։ Մնացա՞ծը՝ «հարմարվել ենք, հարկայինի հետ էլ, մյուս ստուգողների հետ էլ, աշխատել լինում է»,- ասացին։ Մի շարք ընկերություններ բավականին լուրջ էին ներկայացել ցուցահանդեսին, տաղավարները գեղեցիկ ձեւավորված էին («Սիգարոն», «Լուսակերտի ԹՖ»), կային նաեւ «հենց այնպես» եկածներ, բայց դրանք քիչ էին։ Ցուցահանդեսը բազմամարդ էր, բայց՝ խաղաղ, գուցե նաեւ այն պատճառով, որ նախագահն ու վարչապետը այն չէին «պատվել» իրենց անթիվ ու անհանգիստ պահապաններով։ Նույնիսկ աչքից հեռու տեղավորված համտեսի սրահը չէր վերահսկվում, թեպետ գիտեինք, որ մուտքն արգելված է։ Համտեսի մասնագետները ժամանել են Վրաստանից ու Ռուսաստանի Դաշնությունից, որոնք եռօրյա ցուցադրանքի ավարտին կհայտնեն, թե ովքեր են արժանացել մեդալների։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել