Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ ՄՆԱԼ

Սեպտեմբեր 27,2002 00:00

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ ՄՆԱԼ Ով ինչ գնահատական ուզում է՝ թող տա, բայց իրողությունն այն է, որ հայ հանրությունն իր մեծամասնությամբ կողմնորոշված չէ ԲԷՑ-երի մասնավորեցման ճիշտ կամ սխալ լինելու խնդրում։ Տարակուսանքը մասամբ անգամ չփարատվեց, երբ նոր տերերն առաջին իսկ հրապարակային հանդիպման ընթաց քում հայտարարեցին, որ մինչեւ 2004 թ. էլեկտրաէներգիայի սակագինը չեն բարձրացնի։ Նկատենք, որ մինչ նշված ժամկետը ընդամենը 15 ամիս է մնում։ Իսկ ի՞նչ է կատարվելու այս ընթացքում, որը կարող է սակագնի վերանայման առիթ դառնալ (անշուշտ՝ ոչ իջեցնելու առումով)։ Ընդդիմությունը, որն այս հարցում բնակչության ու գործարար աշխարհի գերակշիռ մասի պաշտպանի դերն է ստանձնել, հիմնականում հանդես է գալիս ոլորտի մասնավորեցման դեմ, չցանկանալով հիշել, որ էլեկտրաէներգետիկ համակարգն առավել ռազմավարական բնագավառ չէ, քան, ասենք, հացարտադրությունը կամ տրանսպորտը։ Այստեղ մասնավորեցումը վաղուց ավարտվել է, եւ երկիրը որեւէ էական խնդիր չունի։ Ուրեմն ինչու է այսչափ անցանկալի ԲԷՑ-երի մասնավորեցումը եւ ինչու է խաղաքարտ դարձվում սակագնի հնարավոր բարձրացումը։ Ընդունենք, որ 2003-ին «Միդլենդ ռեսուրսինգը» «Հայէներգոյից» գնել է 2001-ի քանակությամբ էլհոսանք՝ 4-6 մլրդ կվտ/ժամ։ 9 դրամ գնման եւ սպառողին երկդրույք վաճառքի միջին 22 դրամ սակագնի տարբերությունը 13 դրամ է։ 100% հավաքագրման արդյունքում գործատիրոջ մոտ առաջանում է 59 միլիարդ դրամ գումար, որը հաշվարկային արտարժույթով կազմում է 100 մլն դոլար։ Թե ինչպես կվերաբաշխվի այն, սեփականատիրոջ հայեցողության գործն է։ «ԱրմենՏելի» հետ շարունակվող տառապանքի փորձի հիման վրա կարելի է պնդել, որ գնված նոր սարքավորման կամ վերականգնողական որեւէ աշխատանքի արժեքների ուռճացման արդյունքում կարելի է անգամ վնասով աշխատելու իրավիճակ ներկայացնել։ Իրականում ինչ ծախսեր է կատարում համակարգը պետական լինելու պարագայում, որին մոտ պայմաններում թերեւս պետք է գործի նոր տերը։ Դրանք հիմնականում հետեւյալ ուղղություններն են. ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոս, վերանորոգումներ՝ 8 տոկոս, աշխատավարձ՝ 6 տոկոս, նյութերի ձեռքբերում՝ 5 տոկոս, սոցմուծումներ՝ 2 տոկոս, ընդամենը՝ 40 տոկոս։ Եթե նկատի ունենանք, որ աշխատավարձի բարձրացումը կիրականացվի աշխատանքի արդյունավետության խթանման օգնությամբ, որի արդյունքում սոցբաժնեմասը էապես չի փոփոխվի, մնում է կարծել, որ գումարները կուղղվեն վերանորոգումների ծավալների ավելացման ու նյութերի ձեռքբերման ուղղությամբ։ Դրանք անգամ քառապատկելու արդյունքում արդեն հիշատակված 100 մլն դոլարից հնարավոր է ծախսել առավելագույնը 70 մլն։ Ստացվում է, որ անգամ 1 տարվա լավ աշխատանքի արդյունքում կարելի է որոշակի շահաբաժնով հետ բերել վճարված գումարը։ Նման օրինակ կա՞ արդյոք համաշխարհային գործընթացներում՝ թող ներկայացնեն վաճառքի ջատագովները։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ 1992-99թթ. էներգետիկ չարաշահումներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել