Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՈՒՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ»

Սեպտեմբեր 27,2002 00:00

«ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀՈՒՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ» Այս արտահայտության հեղինակային իրավունքը մերը չէ. «ԱրմենՏելի» բաժանորդների սպասարկման բաժիններից մեկում (Հանրապետության հրապարակ) երեկ հավաքված հազարավոր մարդիկ այսպիսի եւ շատ ավելի «նուրբ հաճոյախոսություններ» ուղղեցին հայ-հունական համատեղ ձեռնարկության հասցեին։ Պատճառն ակնհայտ է՝ երեկվանից սկսվեց երկար ամիսներ սպասված easy (իզի) քարտերի վաճառքը։ Դեռ նախորդ խմբաքանակից մնացած հատուկենտ քարտերի գինը վերավաճառքում հասել էր 120 դոլարի։ Բնականաբար, սպասելի էին 24 դոլարանոց քարտերի հերթն ու տուրուդմփոցը։ Սպասելի էր հատկապես մի պարզ պատճառով. մտավախություն կար, որ մի քանի հազար քարտի ձեւական վաճառքից հետո մնացածը կանցնի վերավաճառողների ձեռքը։ Համենայնդեպս, այդպես եղավ նախորդ անգամ։ Ուստի «ԱրմենՏելի» համակարգում միջոցներ էին ձեռք առել՝ յուրաքանչյուրին վաճառել միայն մեկ քարտ։ Հանրապետության հրապարակի նույն բաժնում անվտանգության աշխատակիցը նույնիսկ առաջարկեց անձնագրերով գրանցվել եւ հաջորդ օրվա առավոտյան նույն անձնագրով գալ ու բակում ստանալ քարտը։ Թե ինչ է կատարվում վաճառքի կետերում, կարելի է պատկերացնել 2 ենթակայանների օրինակով. հրապարակի սպասարկման բաժնում առավոտյան ժամը 6-ից հերթի կանգնածներից մեծ մասը մնացել է անքարտ, «28» ենթակայանում հավաքվածների քարտատենչ ամբոխն, իրար հրելով, փշրել է ապակեպատ դուռը։ Նշված առաջին ենթակայանում, ըստ գնորդների, վաճառվել է 100 քարտից ոչ ավելի։ Այնինչ, «ԱրմենՏելից» ստացած տվյալներով, երեկ առավոտյան ընդամենը մեկ ժամում նույն բաժնում իրացվել է հատկացված 400 քարտը։ Ընդհանուր առմամբ, ըստ նույն աղբյուրի, հանրապետության ողջ տարածքում երեկ իրացվել է 5000 քարտ, ի դեպ, 14.000 դրամով, այսինքն՝ 80 դրամով ավելի սահմանված 24 դոլար գնից (տարբերությունը հաշված է Կենտրոնական բանկի այդ օրվա կուրսով)։ Եվ այսպես, առջեւում դեռ 45.000 քարտ կա «մարելու» եւ, ով գիտե, ինչ զարգացում կստանա այս համընդհանուր քարտամոլությունը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել