Լրահոս
Օրվա լրահոսը

Ակամա՝ մի կարգախոսի ներքո

Փետրվար 05,2003 00:00

Ակամա՝ մի կարգախոսի ներքո Ձեզնից շատերն են վերջին տարիներին բազում անգամ լսել մեր երկրում տիրող վախի մթնոլորտի մասին: Ոմանք իրենց կաշվի վրա են զգացել վախը, ոմանք լսել են ու չեն հասկացել՝ ինչի մասին է խոսքը: Իսկ ես երեկ տեսա վախը: Տեսա իմ սեփական աչքերով: Տեսա տավուշցիների աչքերում: Այդ վախը նրանց աչքերում ծնել է այս իշխանությունը, որ քաղցկեղի բջիջի պես մեծանում, փքվում է այն մարմնի հաշվին, որի ներսում ինքն ապրում է: Այս համեմատությունն արեց նախագահի թեկնածու Արամ Զավենի Սարգսյանը, որ իր նախընտրական քարոզարշավի երեկվա օրն անցկացրեց Տավուշի մարզում: Նախագահի թեկնածուն դիպուկ նկարագրեց նաեւ չինովնիկի այսօրվա վախը: Մարզպետը կամ գյուղապետն այսօր աշխատում է Ռոբերտ Քոչարյանի համար, ջանք ու եռանդ չի խնայում, համոզում է գյուղացուն, ստիպում, հրամայում, վախեցնում՝ տես, եթե չքվեարկես «նրա» օգտին, կզրկեմ էս, էս բաներից: Գալիս է տուն, կինն ասում է՝ այ մարդ, նման բան մի արա, խայտառակ ես անում մեզ աշխարհով մեկ: Ի՞նչ անի խեղճ մարդը. վախենում է՝ գործը կորցնի: «Հիմա թե Քոչարյանն անցավ, կգնան մոտը, կասեն՝ տեսա՞ր քեզ համար ոնց աշխատեցինք, թե Արամ Սարգսյանը կանցնի, կասեն՝ շեֆ, դե մենք քեզ միշտ էլ սիրել ենք»: Սարսափելին այն է, որ այս քաղաքապետերն ու գյուղապետերը վախից անգամ կուլտուրան են կորցրել ու Քոչարյանից բացի, ոչ մի թեկնածուի իրենց քաղաքներում ու գյուղերում չեն ընդունում՝ հային հատուկ հյուրասիրությունն էլ են մոռացել: Իսկ քաղաքների կենտրոնական մասերում բոլոր թեկնածուներն իրենց ընտրողների հետ ստիպված են հանդիպել միայն ու միայն Քոչարյանի կարգախոսի ներքո, որ ծանր ու մեծ կախված է մշակույթի տների, քաղաքապետարանների ու մարզպետարանների ճակատներին: Այսուամենայնիվ, մեզ հաջողվեց հավաքված հոծ բազմության վախվորած շուրթերից պոկել այն, ինչ իրենք մտածում են, այն, ինչ բարձրաձայնել չեն համարձակվում՝ իրենց որդիների նման արտագաղթի ճամփան բռնելու վախն աչքների առաջ: Նրանց հետ մեր զրույցները եւ Արամ Սարգսյանի քարոզարշավից այլ մանրամասներ՝ վաղվա համարում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել