Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆ ԲԺՇԿԻՆՆ Է»

Փետրվար 13,2003 00:00

«ՀԻՎԱՆԴ ԵՐԵԽԱՆ ԲԺՇԿԻՆՆ Է» Երկիր է, թե ուղղակի տարածք՝ երեւում է անկարող մարդկանց հանդեպ վերաբերմունքից։ Մեր հարցազրույցը մանկատան տնօրեն, մասնագիտությամբ մանկաբույժ Հարություն Բալասանյանի հետ է։ – Հիվանդ երեխան նաեւ բժշկինը չէ՞։ – Հիվանդ երեխան ընդհանրապես բժշկինն է, եթե կոպիտ չհնչի։ Եթե երեխան առողջ է՝ ծնողներինն է, նախ մորը, հետո՝ հորը, հետո տատուպապինը, բայց որ հիվանդացավ, մայրը էմոցիոնալ առումով անկառավարելի է դառնում։ Այդ ժամանակ երեխայի համար ամբողջ պատասխանատվությունը բժշկի վրա է ընկնում։ Մանկաբույժը գործ ունի զարգացող, փոփոխվող, շատ հետաքրքիր մի էակի հետ։ Իսկ այս երեխաներին ես հիվանդ չեմ համարում։ Երեխան թուլամիտ է, մտավոր կարողություններն այն չափով չեն, որ հասարակության մեջ նորմալ է համարվում, բայց պետք է ընդունենք դա ինչպես որ կա։ – Վերջերս մանկատանը շատ բան է փոխվել։ Շենքի վերանորոգումից ու ջեռուցումից զատ՝ մանկատուն այցելած ծնողը զգում է ավելի լավ վերաբերմունք՝ հանդեպ իր ծնած եւ պետության խնամքին հանձնած երեխան։ Այդ վերաբերմունքը ինչի՞ց է գալիս։ – Սովետական ժամանակաշրջանում աչքից հեռու էին պահում այդպիսի երեխաներին։ Դա բերում էր նրան, որ վերաբերմունքը դեպի այդ երեխաները սարսափելի էր եւ դա նյութական միջոցների հետ կապված խնդիր չէր։ Այս հաստատության հանդեպ մոտեցման կտրուկ փոփոխությունը 2000 թ. հետո եղավ։ Առհասարակ, սոցիալական բոլոր հիմնարկների՝ մանկատների, ծերանոցների վիճակը եւ հասարակության վերաբերմունքն այնտեղ գտնվողների նկատմամբ շատ արագ բարելավվում է։ Ես կարծում եմ, որ մեր հասարակության սոցիալական վիճակն էլ կամաց-կամաց կբարելավվի։ – Այստեղ մեծացած, «չափահաս» դարձած երեխաներին տանում են Վարդենիսի տուն-ինտերնատ, որտեղ հոգեկան հիվանդներ են։ Այդպես կարելի՞ է վարվել։ – Իհարկե ոչ։ Դա չի կարելի անել։ Հիմա մենք այդ ծրագրի վրա էլ ենք աշխատում։ 18 տարին լրացած երեխաների համար 40 տեղ ենք հատկացրել երրորդ հարկի առանձին հարկաբաժնում, 20 աղջկա եւ 20 տղայի համար, բայց դա քիչ է։ Հանրապետությունում այդպիսի մի հաստատություն 150 երեխայի համար պետք է։ Կամ մեր հիմնարկի ներսում, ծերանոցի շենքը պետք է վերանորոգեն-ցանկապատեն, կամ մի ուրիշ տեղ։ Այդ հարցը վերջնական լուծում պետք է ստանա։ – Մանկատան երեխաների ծնողներից նրանք, ովքեր այցելում են իրենց ծնած երեխաներին, երազում են մի բան, որ իրենց երեխաները 18-ը լրանալուց հետո էլ մաքուր եւ կուշտ պահվեն։ – Այդ հարցով զբաղվողներ կան։ Համատարած անտարբերություն չի, շատ շատերը մեզ անվարձահատույց օգնում են եւ ոչ միայն նյութապես։ – Ի՞նչ ծրագրեր եք մշակում երեխաներին մանկատնից ժամանակ առ ժամանակ դուրս հանելու ուղղությամբ։ – Վերջերս մենք երկու «Գազել» տիպի մեքենա ենք ստացել, որոնցով 30 երեխա կարող ենք տեղափոխել՝ իրենց սայլակներով ու քայլակներով։ Ցանկություն կա՝ սեփական հանգստյան տուն գնելու մեզ համար, որ կարողանանք բոլոր երեխաներին հերթականությամբ տանել հանգստանալու, տարվա մեջ գոնե տասնհինգ օր։ Սեւանի ափին այդպիսի մի շատ հարմար, 60 տեղանոց մասնաշենք կա։ Մենք ամեն տարի ամռանը ականատեսն ենք այն հրճվանքի, որ ունենում է երեխան, երբ մանկատան պատերից դուրս է գալիս։ Արդեն երկրորդ ձմեռն է, որ Խարբերդի հատուկ մասնագիտացված մանկատան 210 երեխաները եւ 170 աշխատողները տաք տեղ են ապրում եւ աշխատում։ Ջեռուցման համակարգը լիարժեք գործում է, ծորակներից տաք ջուր է գալիս։ «Վերակառուցում». այդպիսի մի հին բառ կար, որ այստեղ կարելի է օգտագործել առանց չակերտների՝ վերակառուցում դրսից, ներսից, հոգեբանությամբ։ Այն, ինչ պահանջում են մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը եւ փոխտնօրեն Կարո Աթայանը աշխատողներից՝ «մայր թերեզայությունը» չի. այլ իրենց աշխատանքին պատասխանատվությամբ մոտենալը։ Հիվանդ երեխաներին բարձր մակարդակով բուժելու խնդիրը՝ վերականգնողական միջոցառումները, ուսումնադաստիարակչական պրոցեսը, էքսպերիմենտալ դպրոցի բացումը, բուժական, կենցաղային եւ սոցիալական բարեփոխումները, շենքային նորոգումը՝ մի բան, որ երկրի երեսը կարող է պարզ անել։ ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել