Լրահոս
Օրվա լրահոսը

Աչքը շինելու տեղը

Փետրվար 13,2003 00:00

Աչքը շինելու տեղը Նախքան մայրաքաղաքին հրաժեշտ տալը, մի քանի «կազինոյատերեր» որոշել էին իրենց օբյեկտների պերճաշուք լուսագովազդներից զատ մի շքեղ եղեւնիով էլ զարդարել հարակից մայթը։ Խոսքն ամենեւին էլ չի վերաբերում տոնածառերին։ Ասելիքը տեղայնացնենք. Մաշտոցի պողոտայի մայթերը կիսվում են տասնամյակներ առաջ տնկված սոսիներով։ Ծառատեսակի ընտրությունը նպատակային է՝ բարձր սաղարթը չի խանգարում մարդկանց անցուդարձին, ծառատեսակն էլ հիանալի հարմարվում է քաղաքի ծխին եւ ծառայում իր գեղագիտական ու էկոլոգիական նպատակներին։ Բայց վերջին ամիսներին սոսիների շարքը տեղ-տեղ սկսել է ընդմիջվել փարթամ -ճյուղաշատ եղեւնիներով։ Պողոտայի Մոսկովյան հատույթից (դեպի Մատենադարան) վերեւ գտնվող հատվածում կանաչ գեղեցկուհիները հայտնվել են միայն այն տեղում, որտեղ տեղակայված են արդեն նախկին խաղատները։ Այդպիսի զուգադիպություն չի լինում։ Թարմ հողաթմբով եղեւնիներ են տնկվել միայն «Լենդ» ու «Դե կորսեզե» խաղատների դիմաց ու այս շարքում ոչ ուրիշ «կազինո» կա, ոչ էլ եղեւնի։ Ընդ որում, «Դե կորսեզե»-ի դիմաց տնկված ծառն այնքան փարթամ է, որ փակել է ու անանցանելի դարձրել մայթի մի կեսը։ Փորձեցինք հասկանալ այս յուրօրինակ ճաշակն ու դիմեցինք հիշյալ խաղատան տիրոջը։ Հարցն ընդունվեց «սվիններով»՝ տնօրեն Աշոտը (այդպես ներկայացավ) խիստ նյարդայնացավ մեր անհարկի հետաքրքրասիրությունից։ «Տո լավ եմ արել, եղեւնի եմ տնկել, կարող ա՞ ծառ եմ կտրել, որ խոսում ես»,- զայրացավ նա մեր հարցին ի պատասխան։ Հետո ավելացրեց, որ «այդ ես եմ խիստ վիրավորված, որպես էրեւանցի տղա, որ օպերայի այգին կտրին ու դարձրին կաֆե-ռեստորան, բա խի՞ էդ մասին չեք գրում»։ Տնօրեն Աշոտի պահվածքն անվայելուչ էր, խոսում էր միայն բղավելով։ Գուցե զայրույթը չստացված խաղատնային «բիզնեսի» պատճառո՞վ էր, ինչի համար լրագրողներին էր մեղադրում, ով գիտե։ Այսպիսով, լուրջ պարզաբանում ստանալու մեր ջանքերն ապարդյուն անցան։ Փոխարենը նա չթաքցրեց, որ «ուզում եմ քեզ ընենց վիրավորեմ, որ մի վատ բան գրես մեր մասին»։ Ի դեպ, նկատենք, որ սեփական փառասիրությանը հագուրդ տալու համար մայթի կեսը փակող ծառ տնկելով նա արդեն վիրավորել է ոչ միայն ինձ, այլեւ պողոտայով անցնող ցանկացած քաղաքացու։ Ի դեպ, տնօրենը նշեց, թե եղեւնու տեղում սոսի չի եղել։ Տարօրինակ զուգադիպությամբ սոսիները «բացակայել» են «Դե կորսեզեի» ու «Լենդի» ճիշտ դիմաց։ Առաջ անցնելով նշենք, որ «Լենդ» անունով խաղատունն ընդհանրապես ամայի էր եւ կարծիք հարցնել չհաջողվեց։ Խնդրի մասին տեղյակ են «Կանաչապատում» ձեռնարկությունում։ «Դա փողոցի տնկի չէ, այդ ծառերը գազերից խեղդվում են, եւ հետո՝ ո՞վ է նրանց թույլ տվել խախտել սոսիների համահունչ շարքը»,- այս անգամ էլ բարկացած էր Երեւան քաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը։ Պարզվեց նաեւ, որ թույլ տալ-չտալու հարցն ավելորդ է, քանի որ օրենքը չի պարտադրում նման դեպքերում գոնե խորհրդակցել համապատասխան ատյանների մասնագետների հետ։ Օրերս այս եւ այլ լրացումներով առաջարկություն պետք է ներկայացվի կառավարություն, որի ընդունումից հետո «բոլորն էլ տեղը կբերեն, որ քաղաքն ունի գլխավոր դենդրոլոգ, նա պետք է ասի՝ ինչ պետք է կտրվի, ինչ պետք է տնկվի»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել