Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ՀՀ քաղաքացիներ չե՞նք

Փետրվար 14,2003 00:00

Մենք ՀՀ քաղաքացիներ չե՞նք Խարբերդի այգեգործական տարածքը դարձել է մեր մշտական բնակության վայրը՝ ոչ մեր կամքով, այլ ակամա։ Մենք ապաստանել ենք Խարբերդի այգեգործական տնակներում՝ չդիմանալով կյանքի սոցիալական դժվարություններին, կորցնելով աշխատանքը, չունենալով ապրուստի միջոց, հանապազօրյա հացի համար ընկնելով պարտքերի տակ… Մենք անտուն ենք ու անօթեւան, ծերեր ենք ու գործազուրկներ, փախստականներ ու միայնակ թոշակառուներ։ Մենք շատ ենք, բայց մեզ միավորում է նույն հոգսը՝ ապրելու իրավունք ձեռք բերելու մտահոգությունը։ Այս տարածքում, սակայն, մենք գոյատեւում ենք՝ մոռացված աշխարհից ու իշխանություններից. մենք չենք օգտվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու շատ իրավունքներից, չենք կարող ընտրել, քանի որ այգեգործական տնակի կարգավիճակը թույլ չի տալիս հաշվառման կանգնելու կամ անձնագիր ստանալու, չենք կարող օգտվել բուժօգնությունից, քանի որ տարածքում չկա բուժկետ, չենք կարող կրթություն ստանալ, քանի որ չկա դպրոց։ Մեզ մոտ չեն լուծվում սոցիալական խնդիրները, չկա նորմալ ջրամատակարարում, սանիտարական մաքրում։ Հասարակական կարգի պահպանության մարմինները մեզ հիշում են կատարված հերթական հանցագործությունից հետո։ Չկա հեռախոսակապ… Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել։ Մենք ուզում ենք ապրել որպես հանրապետության իրավահավասար քաղաքացիներ եւ խնդրում ենք հիշել մեզ եւ օգնել լուծելու կուտակված խնդիրները։ Առաջարկում ենք նաեւ այդ խնդիրների լուծման կարճ ուղին՝ Խարբերդի այգեգործական կոոպերատիվների կողմից զբաղեցրած տարածքներին անհրաժեշտ է տալ բնակավայրի կարգավիճակ ու միավորել Շենգավիթի համայնքի հետ։ Դա հնարավորություն կտա լուծելու այստեղ կուտակված բազում հարցերը, հակառակ դեպքում դրանք կխորանան ու կբազմապատկվեն։ Սպառողական կոոպերատիվները պարզապես ի վիճակի չեն լուծելու Խարբերդի հիմնախնդիրները։ Խարբերդի այգեգործական սպառողական կոոպերատիվների տարածքի բնակիչներ Հ. Գ. Խարբերդում այգեգործական սպառողական կոոպերատիվները /նախկինում՝ այգեգործական ընկերություններ/ ձեւավորվել ու գործում են 1967 թվականից։ Այս կոոպերատիվների տարածքը, որտեղ անդամների թիվը մոտ 6000 է, գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում։ Վերջին տարիներին այս տարածքում տարերայնորեն ձեւավորվել է մի հսկայական բնակավայր եւ այն էականորեն կորցրել է «այգեգործական ընկերության» կարգավիճակը։ Այստեղ մշտապես բնակվող ընտանիքների թիվը հաշվվում է հարյուրներով։ Սակայն այստեղ լուծված չեն մարդկանց բնակության համար անհրաժեշտ նույնիսկ ամենատարրական հարցերը։ Լուծված չեն ոչ միայն բնակիչների սոցիալական ու կենցաղային հարցերը /բարձիթողի վիճակում են սոցիալական, կոմունալ, առողջապահական, կրթական, հասարակական կարգի պահպանության, տրանսպորտային ապահովման եւ բազմաթիվ այլ ոլորտները/, այլեւ հազարավոր մարդիկ հաշվառման մեջ չեն, ինչը նրանց զրկում է անգամ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու կամ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Ավելի քան 350 երեխա հաճախում է հարեւան Խարբերդ գյուղի դպրոց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել