Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՌԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 14,2003 00:00

ՍԱՌԱԾ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանը անցյալ տարվա դեկտեմբերի 13-ից քննության է առել ամբաստանյալներ Մանվել Ասատրյանի, Արամ Աղաբաբյանի, Կարեն Զաքարյանի եւ Արմեն Բեջանյանի վերաքննիչ բողոքները։ Նրանք բողոքարկել են Մալաթիա-Սեբաստիա առաջին ատյանի դատարանի վճիռը։ Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվել են եւ դատապարտվել ազատազրկման՝ Արարատի մարզի դատախազ Սուրեն Պարսամյանի որդու՝ Արթուրի սպանության մեջ։ Երեկ դատարանը (մինուս 12-15 աստիճանում) շարունակեց լսել ամբաստանյալ Կարեն Զաքարյանի ցուցմունքները եւ Քրօրի 313 եւ 337 հոդվածների համաձայն, նկատի ունենալով նրա ցուցմունքների հակասականությունը, հրապարակեց նախաքննական ցուցմունքները։ Ինչի կապակցությամբ իր դժգոհությունը հայտնեց ամբաստանյալի պաշտպան Հ. Քարամյանը։ Վերջինիս կարծիքով, նախագահող Ս. Ավետիսյանը ամբողջությամբ ցուցմունքները հրապարակելու փոխարեն, հատվածներ էր հրապարակում, դրանով իսկ խախտելով օրենքը։ Նախընտրական տաք ալիքը տարածվել էր նաեւ ամբաստանյալների մայրերի վրա, որոնք երեկ դիմել են նախագահի թեկնածուների շտաբներին, հետեւյալ բովանդակությամբ. «Երիտասարդների վեճի արդյունքում մահացել է Արարատի մարզի դատախազ Ս. Պարսամյանի որդին։ Վեճի նախաձեռնողները եւ հրահրողները եղել են Պարսամյանի որդիները, նրանց ընկերները (հարբած վիճակում)։ Նախաքննությունը տեւեց 9 ամիս, իսկ առաջին ատյանի դատարանում 8 ամիս տեւած դատավարությունից հետո մեր երեխաները դատապարտվել են ծանրագույն հոդվածների (99 հոդվածի 2-րդ կետ եւ 222 հոդվածի 4-րդ մաս)՝ ամենաբարձր պատժաչափերով։ Ցավալին այն է, որ մյուս կողմի կռվողներից ոչ մեկը ոչ միայն չի դատապարտվել, այլեւ դատարան բերման չի ենթարկվել, չնայած փաստաբանների բազմաթիվ միջնորդություններին։ Տեղեկացնում ենք ձեզ, որ ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերաքննիչը, կաշկանդված են իրենց գործողությունների մեջ։ Այլեւս բողոքելու տեղ չունենք եւ միայն ձեր անձնական հսկողության տակ այս գործը կստանա արդար լուծում»։ Վերաքննիչ դատարանում բացակայում էր եռագույն դրոշը։ Հավանաբար, ինչպես շատ եռագույններ, դրանք իրենց ժամանակն են անցկացնում անհրապույր դատարաններից դուրս, թեժ ընտրարշավներում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել