Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ Լալա Ալեգրովան

Փետրվար 15,2003 00:00

Հիմա էլ Լալա Ալեգրովան Այս օրերին Երեւանում է գտնվում ռուսական էստրադայի հանրահայտ աստղ Իրինա Ալեգրովայի դուստրը՝ Լալա Ալեգրովան, որը բացառության կարգով միայն «Առավոտին» հարցազրույց տվեց։ Վերջինս այստեղ է գտնվում իր նկարահանող խմբի հետ, քանզի նկարահանում է «Անօրինական ամուսինը» գեղարվեստական ֆիլմը։ – Թեեւ ես դեռ չեմ ավարտել իմ ուսումը, բայց արդեն սկսել եմ լիովին զբաղվել ռեժիսուրայով։ Այժմ զբաղված ենք «Անօրինական ամուսինը» մելոդրամով, որից մի քանի դրվագ պետք է նկարահանենք Երեւանում,- ասում է Լալան։ Նա դեռ չի կողմնորոշվել, զբաղվել սկսած գործո՞վ, թե՞ դառնալ երգչուհի, սակայն առաջին քայլն արված է։ Լալան խոստովանում է, որ իրեն հանդիսատեսը ճանաչեց 2000-ին՝ մոր բենեֆիսի ժամանակ, երբ նրանք միասին երգեցին «Մայրիկ» երգը։ Նա ասում է, որ «եթե կարողանամ դառնալ մայրիկիս նման երգչուհի, ապա առանց երկմտելու վաղն իսկ բեմ կբարձրանամ, մանավանդ, երբ այդ առումով որեւէ խնդիր չունեմ, սակայն ես եւ մայրս մտադիր ենք շուտով համատեղ համերգային ծրագրով հանդես գալ, որից հետո էլ կկողմնորոշվեմ՝ ընտրել երգարվե՞ստը, թե՞ կինոն»։ Լալան ասում է, որ եթե շարունակի զբաղվել ռեժիսուրայով, ապա անպատճառ իր նոր ֆիլմերում գլխավոր դերերը կվստահի մորը։ Մտադիր է նաեւ տարիներ անց նկարահանել մոր մասին պատմող գեղարվեստական ֆիլմ։ Լալան ասաց, որ «ինքն ու մայրը կարծես ընկերուհիներ լինեն, քանզի նրանց տարբերությունը ընդամենը տասնյոթ տարի է», իսկ հորը Լալան մինչ օրս չի տեսել։ Վերջինս իր աղջկան լքել էր, երբ նա դեռ վեց տարեկան էլ չկար։ Լալան պատմում է. «Հորս մայրը ինձ նամակներ էր գրում, հրավիրում իր տուն, բայց ես այդպես էլ չգնացի ու չտեսա նրան»։ Այնուհետեւ Լալան հիշեց, որ 1992-ին, երբ մորը՝ Իրինա Ալեգրովային Մոսկվայի «Օլիմպիական» համալիրի 14 հազարանոց սրահում ունեցած մենահամերգից հետո համարում են Եվրոպայի սեքս-մադոննան, նրա առաջին ամուսինը՝ Լալայի հայրը, սկսում է զանգահարել, սակայն Լալայի եւ հոր հանդիպումն այդպես էլ չի կայանում։ Իրինան էլ մինչ օրս չի տեսել իր առաջին ամուսնուն։ Լալան ասում է, որ «մայրիկիս կյանքը չափազանց դժվար է եղել ու այժմ էլ դժվար է։ Թեեւ նրա մասին շատ են խոսում, բայց նա երիտասարդ կին է, որն իր կողքին չունի ամուսին, կյանքի ընկեր, դրան գումարած այն, որ քառասուն տարեկանում տատիկ է դարձել»։ Ինչեւէ, սա Լալայի առաջին այցը չէ Երեւան։ Նա հասցրել է մի քանի անգամ լինել մեր քաղաքում եւ, ինչպես ինքն է ասում, «ճիշտ է, Մոսկվային ու Պետերբուրգին նման չէ, բայց չափազանց ինքնատիպ քաղաք է Երեւանը»։ Նա շատ ուրախ էր, որ իր այցը համընկել է Երեւանում Ռուսական կինոյի օրերին եւ հուսով է, որ հետագայում իր ֆիլմերը նույնպես կցուցադրվեն Հայաստանում եւ կսիրվեն հայ հանդիսատեսի կողմից։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել