Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք լռում են, որ հետո խոսեն

Փետրվար 15,2003 00:00

Կանայք լռում են, որ հետո խոսեն Նախագահի թեկնածուների առաջադրման առաջին իսկ շաբաթվանից «Առավոտը» հարցազրույցների շարք սկսեց նրանց կանանց հետ: Թվում էր, թե կանայք ոչ միայն չեն խուսափի մեր զրույցներից, այլ իրենք անձամբ խոսելու ցանկություն կունենան: Չէ՞ որ իրենք պետք է պատմեին իրենց ընտանիքի մասին, ներկայացնեին իրենց ամուսնուն որպես ընտանիքի ղեկավար, ամուսին ու հայր: Մանավանդ, մեր ժողովուրդը իմաստուն համեմատություն ունի, որ պետությունը արժանապատիվ կարող է ղեկավարել այն մարդը, ով ամուր եւ համերաշխ ընտանիք ունի: Չէ որ, եթե ոչ կինը, ապա էլ ով կարող է բացահայտել տվյալ տղամարդու ամբողջական կերպարը, որը երկիրը ղեկավարելու կամք է արտահայտել: Համաձայնեք, որ այս շարքը հասարակո ւթյանը թեկնածուների մարդկային նկարագիրը ներկայացնելուց զատ՝ անվճար գովազդի լավ հնարավորություն էր: Բայց պարզվեց, որ ՀՀ նախագահի թեկնածուների կանանց մեծ մասը չցանկացավ բացահայտել իր ամուսնու կերպարը: Չեմ ուզում մտածել, թե սեփական ամուսնու իրական կերպարը թաքցնելն էր պատճառը՝ հարցազրուցից հրաժարվելը վերագրելով հայ կանանց ամոթխածությանը: Բայց այդ դեպքում էլ ստիպված եմ համաձայնել իմ զրուցակից կանանցից մեկի այն մտքի հետ, թե արտաքուստ ամուսնու գործերին չխառնվող կանայք իրականում ավելի մեծ ազդեցություն ունեն ամուսինների վրա: Այս մեկ ամսվա ընթացքում իրենց ամուսինների կերպարը հասարակության աչքում բացահայտելուց չխուսափեցին Վարդուհի Մանուկյանը (Վազգեն Մանուկյանի տիկինը), Կարինե Սարգսյանը (Արամ Գ. Սարգսյանի տիկինը), Գայանե Կարապետյանը (Արամ Կարապետյանի տիկինը), նաեւ Արմենուհի Հովհաննիսյանը (Րաֆֆի Հովհաննիսյանի տիկինը): Նախագահի մյուս թկնածուների ու նրանց կանանց համար ասեմ, որ յուրաքանչյուր թեկնածուի տիկնոջ զրույցը տպագրելուց հետո ընթերցողների, ասել է թե՝ ընտրողների հոծ բազմություն էր զանգահարում մեր խմբագրություն տվյալ տիկնոջ եւ նախագահի թեկնածու ամուսնու մասին վերաբերմունքը արտահայտելու համար: Քիչ չէին նաեւ դեպքերը, երբ նշում էին, թե յուրաքանչյուր թեկնածուի տիկնոջ զրույցի տպագրությունից հետո ընտրողների շրջանում բարձրանում էր տվյալ թեկնածուի վարկանիշը: Ինչեւէ, լրատվամիջոցներին հարցազրույց չտալը յուրաքանչյուրի իրավունքն է, պարզապես մեր ընթերցողներին տեղեկացնենք, թե մնացած թեկնածուների կանանցից յուրաքանչյուրը ինչ պատճառաբանությամբ մերժեց հարցազրույց տալ: Ստեփան Դեմիրճյանի տիկնոջ հետ անձամբ գոնե հեռախոսազրույց ունենալու իմ բոլոր ջանքերը անպտուղ անցան: Տիկին Թամարան տանը եղած դեպքում անգամ նախընտրեց չմոտենալ խոսափողին: Երբ վերջնականապես հունից հանեցի Դեմիրճյանների ընտանիքի ողջ անդամներին՝ լսափողը վերցրեց տիկին Ռիման. «Նա հիմա չի ուզում խոսել»: Արտաշես Գեղամյանի հետ ունեցած մեր պարբերաբար հեռախոսազրույցների չորս շաբաթվա ընթացքում չգտնվեց մի բարի մարդ, որը տիկին Անուշին ամենաշատը մեկ ժամով ազատեր թոռանը խնամելու հաճելի հոգսից: «Ախր, նա թոռնիկիս է պահում, ժա-մա- նակ չու-նի: Որ նա հարցազրույց տա, ու-րեմն ես պետք է թոռնիկիս պահեմ՝ ես էլ զահլա ու ժամանակ չու-նեմ», անկեղծորեն խոստովանում էր նախագահի թեկնածուն: (Անկեղծ ասած՝ անհարմար զգացի մի հարց պարզել՝ բա թոռնիկի ծնողներն ի՞նչ են անում): Արամ Զ. Սարգսյանը կտրականապես հայտարարեց. «Ես իմ կնոջը չեմ խառնում քաղաքականության հետ»: (Հավանաբար, այդ ժամանակ արդեն նախագահի այս թեկնածուն գիտեր, որ մինչեւ վերջ չի գնալու, թե չէ ստիպված էի պարոն Սարգսյանին հիշեցնել, որ նախագահ դառնալու դեպքում իր կինը մեխանիկորեն Առաջին տիկին է դառնալու ու ուզած-չուզած՝ հասարակական ակտիվություն է ցուցաբերելու): Արամ Հարությունյանը շարունակ ինձ համոզում էր, որ իր կինը հարցազրույց կտա, եթե հարցերը նախօրոք տրամադրվեն, պարզապես այս ողջ ընթացքում խնամում է հիվանդ սկեսրոջը: (Անկեղծորեն առողջություն մաղթելով այս թեկնածուի սիրելի մայրիկին՝ հավատացնում ենք, որ հաստատ սա այն դեպքը չի, որ սեփական ամուսնու մասին խոսելու համար նախօրոք հարցերը ներկայացնելու անհրաժեշտություն կա): Ռուբեն Ավագյանի կինն էլ, նախընտրական շտաբի հավաստիացումներով, հաճույքով հարցազրույց կտար, եթե, ասենք, հանկարծ Մոսկվայից Երեւան գար: (Չէ, կնոջ տեսանկյունից ճիշտ է՝ մինչեւ ամուսինս նախագահ չդառնա՝ ոտս էդ երկիրը դնող չեմ, բայց դե…)։ Գառնիկ Մարգարյանի հենց նախընտրական շտաբից մերժեցին՝ «համերաշխության» այն սկզբունքով, թե մյուս թեկնածուները մերժում են, մենք էլ ենք մերժում: (Երկաթե տրամաբանություն է՝ միասնական թեկնածուի հարցում համերաշխություն չկա, բայց, այ, սկզբունքային այս հարցում ինչպիսի միասնական մոտեցում): Վլադիմիր Դարբինյանին իսկի դիմելու «բախտը» չունեցա՝ քարոզարշավի սկզբում Մոսկվայում էր, Երեւան հասնելուն պես թեկնածությունը հանեց: Ռոբերտ Քոչարյանի գործող նախագահ լինելու հանգամանքը հարգելով, հարցազրույց վարելու մտադրությանս մասին գրավոր դիմեցի՝ մաժամանակ ներկայացնելով հարցերս: Մինչ օրս տիկին Քոչարյանը մտորում է՝ այս ընթացքում իհարկե հասցնելով հարցազրուցներ տալ բացառապես իշխանամետ լրատվամիջոցներին։ Սա այն դեպքում, որ նույն այդ լրատվամիջոցները, ի տարբերություն «Առավոտի», ոչ թե բոլոր թեկնածուների տիկնանց հետ էին հարցազրույցներ տպագրում, այլ միմիայն գործող Առաջին տիկնոջ հետ: ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել