Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀՇ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Փետրվար 15,2003 00:00

ՀՀՇ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է Երեկ ՀՀՇ վարչությունը եւ Հանրապետական խորհուրդը հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ներկա նախագահական ընտրությունները հնարավորություն են ընձեռել առանց քաղաքական ցնցումների, Սահմանադրությանը համապատասխան ազատվել հեղաշրջման միջոցով Հայաստանի իշխանությունը բռնազավթած վարչախմբից։ Ընտրություններում որպես առաջնահերթ խնդիր Հայոց համազգային շարժումը տեսնում է Հայաստանում իշխանության օրինականության հաստատումը։ Նախընտրական պայքարը ցուցադրում է հեղաշրջման եւ բռնազավթման միջոցով իշխանությանը տիրացած վարչախմբի գործունեության քայքայիչ հետեւանքները։ Խեղաթյուրված քաղաքական դաշտը, նենգափոխված քաղաքական ելակետները, բնականաբար, չեն կարող հրապարակ հանել քաղաքական իրատեսական ծրագրեր։ Դա է պատճառը, որ ասպարեզում հայտնվել են ներքին տրամաբանական կապից եւ իրականացման մեխանիզմներից զուրկ խոստումների եւ կարգախոսների ցանկերն ու արտաքին ցուցադրանքը։ Ընտրապայքարը ցույց տվեց նաեւ, որ ընդդիմության մեջ կան Քոչարյանի կողմից ներդրված, նրա հետ գործարքի մեջ գտնվող թեկնածուներ։ Նրա ներկայացրած բացահայտ կեղծ փաստաթղթերը անվավեր ճանաչելու մասին դատարան տրված դիմումը այն լակմուսի թուղթն էր, որ բացահայտեց այդպիսիներին։ Կարելի է չկասկածել, որ «ընդդիմության» դաշտում առաջիկայում էլ կբացահայտվեն նոր ականներ։ Ներկա ընտրություններում՝ որպես առաջնահերթ եւ միակ խնդիր, ՀՀՇ-ն տեսնում է Հայաստանում իշխանության օրինականության հաստատումը։ Դա հնարավոր կլինի այն թեկնածուներից որեւէ մեկի հաղթանակի դեպքում, որը բավարարում է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված 10 տարվա քաղաքացիության եւ 10 տարվա մշտական բնակության մասին հստակ պահանջները։ Ստիպված ենք նաեւ արձանագրել, որ միջազգային կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների հայեցողական գործունեությունը տպավորություն է ստեղծում, որ նրանց նպատակը ոչ թե օրինական, արդարացի եւ ազատ ընտրություններին նպաստելն է, այլ վարչախմբի ապօրինությունների վերաբերյալ փաստեր հավաքելը՝ դրանք հետագայում, ըստ քաղաքական նպատակահարմարության, ի դեմս ոչ լեգիտիմ նախագահի, Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործելու համար։ 13.02.03թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել