Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՐԹԱԿՈՒՄ,

Փետրվար 25,2003 00:00

«ՄԵՆՔ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ՀԱՐԹԱԿՈՒՄ, ԻՍԿ ԴԻՄԱՑՆ Ո՞Վ Է» Հայտարարեց Վազգեն Մանուկյանը Մատենադարանի մոտ Նախագահական ընտրությունների եւ դրանց հաջորդած օրերի ընթացքում առավել պարզ դարձավ, թե ինչու փակվեց «Ա1+»-ը։ Հասարակությանը տրվում է խիստ միակողմանի ինֆորմացիա եւ անցած շաբաթ-կիրակի տեղի ունեցած իրադարձությունների մասին մարդիկ հնարավորություն ունեին իմանալ միայն Մատենադարանի մոտ Ստեփան Դեմիրճյանի եւ ընտրողների հանդիպման ժամանակ։ Սակայն բոլորը չէ, որ հնարավորություն ունեին հասնել Մատենադարան. նախ՝ իշխանությունները հնարավոր ամեն բան արել էին՝ սկսած ճանապարհները փակելուց, դեպի Երեւան եկող ավտոբուսներից տղամարդկանց իջեցնելուց՝ մինչեւ ձերբակալություններ, որպեսզի քիչ մարդ հավաքվեր հանդիպմանը։ Ձերբակալվածների թիվը շաբաթ օրվա վերջում հասել է մոտ 100-ի, հետո ոմանց բաց էին թողնում, հիմնականում 15 օրվա կալանքի էին ենթարկվում Ստեփան Դեմիրճյանի առավել ակտիվ վստահված անձինք։ Այս կազմակերպված, հակաժողովրդական քայլերը իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես «կարգուկանոնի» հաստատում։ Իրականում գործի էր դրվել եւ շարունակում է իր գործը ողջ իշխանական մեքենան միմիայն մեկ նպատակով՝ ճնշել ժողովրդավարական գործընթացները երկրում, հաստատել վախի մթնոլորտ, ոտնահարել երկրի Գլխավոր օրենքը։ Իսկ այդ օրենքը սահմանում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին (հոդված 2), եւ որ քաղաքացին ունի խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք (հոդված 26)։ Ստեփան Դեմիրճյանի եւ ընտրողների հետ կիրակի օրը տեղի ունեցած հանդիպումը նույնքան բազմամարդ էր, որքան նախորդ բոլոր օրերինը։ Հանրությունը հանրահավաքում էր փորձում իմանալ ճշմարտությունը։ Հանրային հեռուստաընկերությունը, նաեւ գործող նախագահ Ռ. Քոչարյանը վերջին օրերին շարունակում են որակումներ տալ Ստեփան Դեմիրճյանին շրջապատողներին։ Ալբերտ Բազեյանը՝ հակադարձելով ասվածները, ինքը եւս որոշ որակումներ տվեց. «Ովքե՞ր էին կաշառակերները եւ ովքե՞ր են կաշառակերները. ո՞վ է այսօր տնօրինում մեր երկրի ֆինանսների մեծամասնությունը։ Գործող իշխանությունն ունի «օբչշակ», դրանք այն գումարներն են, որոնք պետք է գնան պետական բյուջե, բայց չեն գնում, այլ նրանց հովանավորյալ բիզնեսմենների միջոցով գնում են իշխանությունների ստվերային բյուջե։ Այդ գումարները տնօրինում է Սերժիկ Սարգսյանը»։ Ըստ Ալբերտ Բազեյանի, «այսօր իշխանությունը հիմնված է հանցագործ տարրերի, կոռումպացված եւ կաշառակեր պաշտոնյաների վրա, եւ նրանք ամեն ինչ անելու են, որպեսզի պահպանեն այս ռեժիմը։ Հայ ժողովուրդը համախմբված է, եւ այս ռեժիմը հեռացվելու է իշխանությունից»։ Ալբերտ Բազեյանը վստահեցրեց, որ երկրապահները կանգնած են ժողովրդի կողքին, որովհետեւ «այո՛, դուք ծնվել եք ժողովրդի միջից եւ պարտավոր եք ապահովել նրա անվտանգությունը»։ Մեկ օր առաջ հրապարակվել էր ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը, որը մեկնաբանելով՝ Ա. Բազեյանն ասաց. «Երկրապահները միասնական են, եւ Մ. Գրիգորյանի հայտարարության մեջ նշված է, որ բոլոր օրինախախտումները հարված են մեր երկրի ազգային եւ պետական շահերին։ Այո՛, բոլոր կարգի ընտրախախտումները, իսկ այսօր ամենազանգվածային օրինախախտումներն ընտրությունների ոլորտից են»։ Պրն Բազեյանը հայտնեց ներկաներին, որ ՊՆ-ում կոլեգիայի նիստ է տեղի ունեցել եւ բանակին պարտադրվել է քաղաքական հայտարարություն անել։ Ա. Բազեյանը հիշեցրեց, որ բանակը ժողովրդի ծոցից է դուրս եկել եւ ժողովրդի դեմ դուրս չի գա։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները մի շարք պահանջներ են ներկայացրել, ըստ որում՝ ԿԸՀ-ն պարտավոր է հրապարակել նախագահական ընտրությունների իրական արդյունքները, դատախազությունը պարտավոր է քրեական գործ հարուցել գործող նախագահ Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի դեմ, Արտակ Սահրադյանին ազատել ԿԸՀ նախագահի պաշտոնից, կառավարությունը պարտավոր է ազատվել այն նախարարներից, որոնք խախտել են մեր երկրի օրենսդրությունը եւ միջամտել են ընտրական գործընթացներին։ Ոստիկանության աշխատակիցներից պահանջվեց «անհապաղ ազատ արձակել բոլոր այն կալանվածներին, որոնք պայքարել են ընտրակեղծիքներն իրականացնողների դեմ եւ կալանավորել բոլոր նրանց, ովքեր ընտրակեղծիքներ են իրականացրել» (հռետորների այս պահանջները հավանությամբ ընդունվում էին հավաքվածների կողմից)։ Ստեփան Դեմիրճյանի շրջապատի հարցը շահարկողները եւս մեկ անգամ հակահարված ստացան ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանից. «Վերջերս սկսել են ասել, թե նայեք՝ ո՞վ է կանգնած հարթակում. մենք ենք կանգնած, մեր հասարակությունն է կանգնած՝ իր բոլոր գույներով, բոլոր շերտերով, մարդիկ, որ երբեմն իրար հակառակորդ են եղել, տարբեր կերպ են մտածել, բայց սա է մեր հասարակությունը եւ հասարակությունն այստեղ է։ Իսկ ո՞վ Է դիմացը՝ դիմացն այն խուժանն է, որը դանակահարո՞ւմ է, այն խուժանն է, որը ենթարկվում է ցանկացած հանցագործ հրահանգների՞»։ Վազգեն Մանուկյանը կոչ արեց բոլոր չկողմնորոշվածներին՝ միանալ ժողովրդին։ Վազգեն Մանուկյանը խորհուրդ տվեց Ռ. Քոչարյանին՝ հայտարարի, որ սրանից ավելի ոչինչ չի կարող անել, ու գնա։ Ռ. Քոչարյանին մի խորհուրդ էլ կոմունիստ Թռչունիչը տվեց, վստահ լինելով, որ իրենը կլսի. «հավատացեք, ամենաերկարը նա Կոմկուսի անդամ է եղել, ուստի իմ խորհուրդն ավելի շուտ կընդունի. պրն Քոչարյան, 49 տոկոս նկարած թիվը թողնում եմ ձեր խղճին՝ կամ այդ թվի առաջինը վերցրեք, կամ՝ վերջինը, ավելի ձայն դուք չունեք։ Պրն Քոչարյան, դուք գոնե ինչ-որ սպորտով զբաղվել եք, ինչքան ինձ հայտնի է՝ բասկետբոլով։ Դուք երբեւիցե տեսե՞լ եք՝ 4172րդ տեղ գրաված մարդն առաջինի հետ ֆինալ դուրս գա»։ Ըստ Արամ Կարապետյանի. «Եթե Ռ. Քոչարյանը մի քիչ մտածում է Հայաստանի վարկի եւ ներքին կայունության մասին, նա երեկ արդեն պետք է հրաժարական տար։ Աթոռից կառչելը երկրի վարկի մասին մտածել չէ»։ Արամ Զավենի Սարգսյանը եւս Ռ. Քոչարյանին առաջարկեց հրաժարական տալ։ Ու եթե ԿԸՀ-ն հրապարակի վերջնական տվյալները, ու դրանք չհամապատասխանեն այն տվյալներին, որոնք ունի ընդդիմությունը. «մենք ստիպված կլինենք գնալ Բաղրամյան պողոտայով, կանգնել նախագահի նստավայրի դիմաց եւ պահանջել նրա հրաժարականը»։ Ստեփան Դեմիրճյանը եւս անդրադարձավ իր շրջապատին եւ հայտարարեց, որ ինքը չի ամաչում իր շրջապատի համար. «Ես շատ հպարտ եմ իմ շրջապատով եւ ուրախ եմ, որ այս քաղաքական ուժերը եւ ժողովուրդն իմ կողքին են, եւ մենք միասին մեր երկիրն այս վիճակից դուրս ենք բերելու»։ Անդրադառնալով մեկ ուրիշ արտահայտության, ըստ որի՝ իբր, համախմբվել են Ստ. Դեմիրճյանի շուրջը, որովհետեւ նա կառավարելի թեկնածու է, պրն Դեմիրճյանը նկատեց, որ կառավարելի է ոչ լեգիտիմ նախագահը, նա, ով հովանավորում է կեղծավորներին եւ հանցագործներին, ով նշանակվում է մի խումբ մարդկանց կողմից. «Ես ղեկավարվելու եմ պատասխանատվության զգացումով եւ իմ խղճով ու պատասխանատու եմ լինելու ժողովրդի առջեւ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ. Գ. Ստեփան Դեմիրճյանի եւ քաղաքական ուժերի հանդիպումը ընտրողների հետ տեղի կունենա վաղը, ժամը 16-ին՝ Մատենադարանի մոտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել