Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշատակի խոսք

Փետրվար 25,2003 00:00

Հիշատակի խոսք 2003թ. փետրվարի 23-ին երկրի գիտական հանրությունը մեծ կորուստ ունեցավ. կյանքից հեռացավ կենսաբանական գիտությունների ոլորտի ճանաչված մասնագետ Արամ Սուրենի Զուրաբյանը։ Լայն մտահորիզոնի ու մեծ էրուդիցիայի տեր գիտնականը զգալի ներդրում ունի հայրենի գիտության մեջ։ Նա ավելի քան 50 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք վերաբերում են ոչ միայն պոպուլյացիոն գենետիկային, այլեւ իմունոգենետիկայի, իմունաբանության, օրգանների փոխպատվաստման եւ բիոտեխնոլոգիայի հարցերին։ Ա. Զուրաբյանը մուտք է գործել գիտական ասպարեզ իբրեւ կիբեռնետիկայի մասնագետ, հետագայում ուսումնասիրություններ կատարելով նաեւ կենսաբանության ոլորտում։ Նրա աշխարհաճանաչողության վրա մեծ դեր է ունեցել գենետիկայի ոլորտում հայտնի գիտնական Ն. Վ. Տիմոֆեեւ-Ռեսովսկին, որը նաեւ Ա. Զուրաբյանի գիտական ղեկավարն էր։ 1966-ին Ա. Զուրաբյանը Մոսկվայում ավարտել է ասպիրանտուրան ու պաշտպանել գիտական թեզ։ Այնուհետեւ գիտական ուսումնասիրությունները շարունակել է պոպուլյացիոն գենետիկայի եւ մուտագենեզի ոլորտում՝ Երեւանի պետհամալսարանում եւ Հայաստանի էքսպերիմենտալ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում։ 1968-1983թթ. իբրեւ ավագ գիտաշխատող եւ բաժնի վարիչ աշխատել է սրտաբանության եւ էքսպերիմենտալ վիրաբուժության ինստիտուտում։ 1983-ից ղեկավարել է նույն ինստիտուտի իմունաբանության եւ միկրոբիոլոգիայի լաբորատորիան, իսկ 1993-2000թթ.՝ Բիոտեխնոլոգիայի ինստիտուտը։ Նա ղեկավարել է բոլոր այն գիտական ուսումնասիրությունները, որոնք վերաբերում են ամինաթթուների ստացմանը։ Ա. Զուրաբյանը իրեն դրսեւորել է իբրեւ տաղանդավոր գիտնական ու կազմակերպիչ։ Նրա քրտնաջան աշխատանքի շնորհիվ Հայաստանում գիտության համար դժվարին տարիներին պահպանվել է ոչ միայն իր ղեկավարած ինստիտուտի գիտական ողջ ներուժը, այլեւ շարունակվել բոլոր ուսումնասիրությունները բիոտեխնոլոգիայի բնագավառում՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ մյուս երկրների հայտնի գիտական կոլեկտիվների հետ։ Ա. Զուրաբյանը գործընկերների, հարազատների ու ծանոթների հիշողության մեջ կմնա իբրեւ գիտական լայն հետաքրքրությունների տեր մարդ, օրինավոր անձնավորություն։ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն Բիոտեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ Հոգեհանգիստը կկայանա Կաթողիկե Սուրբ Աստվ ածածին եկեղեցում (Աբովյան 15, Լեզվի ինստիտուտի բակում), փետրվարի 25-ին, ժ. 18-ին։ Հուղարկավորությունը՝ նույն տեղից, փետրվարի 26-ին, ժ. 14-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել