Լրահոս
Օրվա լրահոսը

«49,8-Ը ՕԴԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԹԻՎ Է»

Փետրվար 25,2003 00:00

«49,8-Ը ՕԴԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԹԻՎ Է» Վստահ է Ս. Դեմիրճյանի վստահված անձ Աշոտ Սարգսյանը Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, փաստաբան Աշոտ Սարգսյանը զբաղվում է նախագահական ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների հարցերով։ Պրն Սարգսյանի ներկայացմամբ, բոլոր 1868 ընտրական տեղամասերից օրեր շարունակ գալիս են բազմաթիվ եւ բազմաբնույթ ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ. «Այդ ամենը վկայում է, որ նման ապօրինի գործողություններ չեն կատարվել նույնիսկ 98-ին»։ Ընտրախախտումները բազմազան են՝ մաքուր արձանագրություններ, որոնք նախօրոք կնքված եւ ստորագրված են եղել հանձնաժողովի անդամների կողմից (մնում է ցանկացած թիվը նկարել), վստահված անձանց նկատմամբ բռնությունները, հանձնաժողովի նախագահների, դիտորդների, լրագրողների աչքի առաջ արկղերի լցումները, լրագրողների նկատմամբ բռնությունները։ Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբ հասնող բոլոր բողոքները վկայում են, որ «ժողովրդավարական ընտրությունների մասին խոսք լինել չի կարող»։ Արդյո՞ք շտաբը սահմանված կարգով դիմել է դատարան վերոհիշյալ ընտրախախտումների առնչությամբ. «Ըստ օրենքի, բոլոր տեղամասերի վստահված անձինք փորձել են դիմումներ ներկայացնել ընտրությունների հաջորդ օրը մինչեւ ժամը 14-ը։ Սակայն հաջորդ օրը բոլոր տարածքային հանձնաժողովները հանձնարարությամբ (ուրիշ կերպ չեմ կարող բացատրել) փակ են եղել, հետեւաբար դիմումները չեն ընդունվել։ Միայն մի քանի տեղամասում է հնարավոր եղել դիմումներ ներկայացնել։ Եղել են նաեւ հանձնաժողովներ, որոնք թեպետ բաց են եղել, բայց դիմումները հրաժարվել են ընդունել»։ Հաջողվել է բացել Նոր Նորքի բողոքարկված 4 տեղամասերից միայն մեկի տվյալները, արդյունքը եղել է խայտառակ՝ արձանագրության թվերը չեն համապատասխանել իրական քվեաթերթիկների տվյալներին, ձայները կեղծված են եղել հօգուտ Ռ. Քոչարյանի։ Այս բացահայտումից հետո ներքին հրահանգով որոշվել է որեւէ այլ տեղամասում ստուգումներ չկատարել։ Աշոտ Սարգսյանն ասաց, որ դիմել են նաեւ ԿԸՀ, որն իրավունք ունի ստորադաս մարմնի որոշումները վերացնել, սակայն արդեն երեք օր է, ԿԸՀ-ն այս ուղղությամբ ոչ մի գործողություն չի կատարել։ Աշոտ Սարգսյանը նշեց. «Մենք ընտրել ենք օրինականության ճանապարհ, անգամ այս խայտառակ քվեարկությամբ մենք ուզում ենք ընտրությունների արդյունքները պարզ լինեն։ ԿԸՀ-ն հրաժարվում է մեզ տրամադրել իրենց ունեցած տվյալները։ Այդ 49,8 տոկոսն ուղղակի օդից հայտարարված թիվ է։ Ես անձամբ եղել եմ ԿԸՀ-ում եւ արդյունքները հայտարարելուց հետո խնդրել եմ ինձ տալ տվյալները, եւ ԿԸՀ նախագահն ասել է, թե իրենք տվյալներ չունեն բազմաթիվ ընտրատարածքներից։ Հարց է առաջանում. եթե տվյալներ չունես, ինչպե՞ս ես արդյունքների մասին հայտարարություն անում»։ ԿԸՀ-ն, ըստ Աշոտ Սարգսյանի, բացարձակ անգործության է մատնված։ Մեր տպավորությամբ, իշխանությունների թեթեւ ձեռքով ստեղծվել է իրավական փակուղի, իսկ թե վերջն ի՞նչ է լինելու. «այդ հարցն ուղղեք իշխանություններին։ Եթե իշխանությունների կողմից լիներ իրավական դաշտում համագործակցելու թեկուզ չնչին ցանկություն, այս լարվածությունը չէր լինի։ Մենք ընտրել ենք օրինական ճանապարհը, իսկ երբ օրինական ճանապարհը փակվում է եւ դիմացդ առաջանում է մի պատ, որը ոչ մի քայլ ետ չի գնում, ժողովրդին քո կարծիքը հայտնելու ուրիշ ճանապարհ չի մնում՝ բացի հանրահավաքները։ Այս խայտառակ ձերբակալություններն ավելի են կրքերը բորբոքում, ժողովրդին ավելի են տրամադրում։ Ու եթե որեւէ գյուղից իշխանությունը տարել է հինգ ձայն, երկրորդ փուլում այդ հինգ ձայնն էլ չի տանելու»։ Աշոտ Սարգսյանի ներկայացմամբ. «Զգացվում է մի բան՝ «մեր դեմ խաղ չկա»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել