Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍՊԱՐՈՎԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 25,2003 00:00

ԿԱՍՊԱՐՈՎԻ ՍԵՆՍԱՑԻՈՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Շաբաթ օրը Իսպանիայի հյուսիս-արեւելքում գտնվող Լինարես փոքրիկ քաղաքում 20-րդ անգամ մեկնարկեց շախմատային աշխարհի ամենահեղինակավոր՝ 20-րդ կարգի, գերմրցաշարերից մեկը, որին մասնակցում են ներկայիս վեց ամենատիտղոսավոր գրոսմայստերները՝ Գարրի Կասպարովը, Վլադիմիր Կրամնիկը, Ռուսլան Պոնոմարյովը, Պետեր Լեկոն, Վիշվանաթան Անանդը, ինչպես նաեւ դեռ պատանի Թեյմուր Ռաջաբովն ու կազմակերպիչ երկրի լավագույն ներկայացուցիչը՝ Ֆրանսիսկո Վալյեխոն։ Այս մրցաշարը նախորդներից առանձնանում է նրանով, որ մեկտեղ հավաքվել են աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար այս տարի կայանալիք միավորող մրցամարտի բոլոր չորս մասնակիցները։ Այնպես որ, մարզաձեւում շուրջ 10 տարի շարունակվող երկփեղկվածության վերացումը, փաստորեն, սկսվում է հենց Լինարեսից։ Դեռ մինչեւ մրցաշարի մեկնարկելը, մասնագետներն ակնկալում էին ծանր պայքար։ Հաղթողի գլխավոր հավակնորդներ են համարվում Կասպարովը, Կրամնիկը, Պոնոմարյովն ու Լեկոն։ Սակայն նրանք չէին բացառում նաեւ, որ մյուսներն էլ, բացառությամբ, թերեւս, Վալյեխոյի, կարող են խառնել բոլորի խաղաքարերը։ Ու դրա առաջին օրինակն արդեն իսկ կա։ Այսպես, հնդիկ գրոսմայստեր Վիշի Անանդը կարող է կրկնել Վեյկ-ան-Զեեի հունվարյան հաջողությունը։ Բայց դա անելն այս անգամ շատ ավելի դժվար կլինի, որովհետեւ Հոլանդիայում բացակայում էին Կասպարովն ու Լեկոն։ Իսկ Ռաջաբովի մասին ասում էին, թե նա կարող է իր ավագ ու անհամեմատ ավելի փորձառու գործընկերներից «ոսկե միավորներ» խլել, բայց հաղթելու նրա շանսերը քիչ են։ Վիճակահանությամբ Լինարեսում առաջին տուրում հանդիպեցին Կրամնիկն ու Կասպարովը, Անանդն ու Պոնոմարյովը, Ռաջաբովն ու Լեկոն։ Առաջին զույգը շատ արագ՝ 18-րդ քայլում հաշտություն կնքեց, երբ թվում էր, թե իրադարձությունները խաղատախտակի վրա նոր պետք է սկսեն զարգանալ։ Բայց ակնհայտ դարձավ, որ կողմերը չեն ցանկանում ռիսկի դիմել՝ այնքան մեծ է յուրաքանչյուր միավորի արժեքը։ Իսկ ահա մյուս երկու պարտիաներն արդյունավետ ավարտ ունեցան։ Օգտվելով Պոնոմարյովի անվստահ խաղից՝ Անանդը համառ պայքարում նրան ստիպեց 64-րդ քայլում անձնատուր լինել, իսկ Լեկոն պարտության մատնեց Ռաջաբովին։ II տուրում գրանցվեց մրցաշարի առաջին սենսացիան։ Սպիտակներով խաղացող աշխարհի ուժեղագույն շախմատիստ Գարրի Կասպարովը չափից ավելի ինքնավստահության համար պատժվեց եւ 39-րդ քայլում ընդունեց իր պարտությունը 15-ամյա Ռաջաբովից։ ՖԻԴԵ-ի ներկայիս չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովը կրկին տանուլ տվեց, այս անգամ Կրամնիկին։ Եվ միայն Վալյեխոն մեկնարկային խաղում ոչ-ոքի արեց Անանդի հետ։ Երեկ III տուրի օրն էր։ Կրամնիկը հանդիպելու էր Վալյեխոյի, Ռաջաբովը՝ Պոնոմարյովի, Լեկոն՝ Կասպարովի հետ։ Անանդը հանգստանում էր։ Իսկ երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ուներ. 1-2. Անանդ եւ Կրամնիկ՝ 1,5-ական միավոր, 3-4. Լեկո եւ Ռաջաբով՝ 1.0-ական, 5-6. Վալյեխո եւ Կասպարով՝ 0,5-ական, 7. Պոնոմարյով՝ 0։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել