Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր՝ ինչպես երեկ

Փետրվար 27,2003 00:00

Այսօր՝ ինչպես երեկ Իշխանությունն ու ընդդիմությունն են փոխատեղվել «Այսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ խայտառակ էջ գրվեց, խայտառակվեցինք, որովհետեւ հայերը կրակեցին հայերի վրա, խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով, խայտառակվեցինք, որովհետեւ մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն: Բայց, փառք Աստծո, այս խայտառակությունն արյունահեղության չվերածվեց, չվերածվեց միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով»,- գուցե առաջիկայում հայտարարի Սերժ Սարգսյանը: ՀՀ կառավարությունն էլ իր հերթին՝ «Ընտրություններում պարտություն կրելով, իրեն ընդդիմություն հորջորջող մարդկանց մի խումբ, փորձելով խեղաթյուրել ընտրությունների արդյունքները եւ ամեն գնով իշխանության տիրանալու նպատակով՝ դիմեց հակաօրինական քայլերի» կամ՝ «… դա փորձ էր խաթարել հանրապետության վերջին հինգ տարիների ներքին կայունությունը, վտանգել նրա միջազգային հեղինակությունը: Հանրապետության իշխանությունների վճռական քայլերի շնորհիվ հակաօրինական գործողությունները կասեցված են: ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ հասարակական կարգն ու օրինականությունը պահպանելու, պետության դեմ ուղղված հակասահմանադրական գործողությունները կանխելու համար կձեռնարկվեն անհրաժեշտ ամենախիստ միջոցները»: «ԼՂՀ-ի կառավարությունը վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է՝ որպես հանրապետության անվտանգությանն ուղղված սպառնալիք եւ դավաճանություն ազգային շահերին: Ընտրությունների արդյունքների ուժային մեթոդներով փոփոխության փորձն անթույլարելի է եւ պետք է խստորեն կանխվի: ԼՂՀ ղեկավարությունը պաշտպանում է ՀՀ իշխանություններին եւ զգուշացնում անկարգությունների կազմակերպիչներին իրավիճակի ապակայունացման համար, որի հետեւանքների համար նրանք պետք է պատասխանատվություն կրեն»: Համաձայնեք՝ ծանոթ տողեր են ու ծանոթ ձեռագիր: Բայց չշփոթեք խնդրում ենք՝ հիշյալ հայտարարություններն արված են ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա իշխանության՝ դեռ 96-ի սեպտեմբերի 26-ին, եւ ուղղված են այն ժամանակ՝ ընդդիմություն հանդիսացող, իսկ այսօր՝ իշխանության կերակրատաշտից կուշտ օգտվող քաղաքական ուժերին՝ մասնավորապես ՀՅԴ-ին, ԱԺՄ-ից անջատված բեկորին՝ Սեյրան Ավագյանի գլխավորությամբ: Վերջիններիս ուզում ենք հիշեցնել, որ 96-ին իրենք էլ դեմ չէին սեպտեմբերի 21-ի արդյունքները ոչ միայն Սահմանադրական դատարանում, այլեւ՝ համաժողովրդական հանրահավաքներում բողոքարկելուն, դեպի նախագահի նստավայր ուղղված բազմության երթեր կազմակերպելուն, վերջնագրեր ներկայացնելուն կամ նույնիսկ ԱԺ դարպասներ ու պաշտոնյաների գլուխներ ջարդելուն: Այսօր նրանք իշխանությունների հետ նույն շարքում կանգնած են իրենց դատողների, Լ.Տեր-Պետրոսյանի իշխանությունը զենքի ուժով պահող այն մարդկանց կողքին, ովքեր իրենց էին դավաճաններ, ապակայունացնող ու քրեական տարրեր համարում, որոնց նկատի ունենալով ընկեր Վահանը մեկուսարանից հաթաթա էր տալիս՝ բանտից դուրս գա, թե լինի բանտում՝ այս իշխանություններին եւ նրա ձեռքի գործիք քննիչներին կդիմավորի բարիկադների վրա։ Այդ նույն քննիչներն այժմ էլ «կոնվեերի» նման աշխատում ու անօրինական վճիռներ են արձակում այսօրվա ընդդիմադիր ցուցարարների համար: Բայց այսօր, ասենք՝ ընկեր Վահանը կամ տիկին Ալվարդը Պետրոսյանը դա բնական են համարում, որովհետեւ վերջինս արժանի է ոչ թե Ստյոպիկին, այլ՝ Ռոբիկին: Մինչդեռ հիշեցնենք, որ վերոհիշյալ հայտարարության հեղինակները էլի նրանք են՝ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ովքեր այսօր ՀՀՇ-ի ու Լ.Տեր-Պետրոսյանի՝ իշխանության գալու, այսօրվա ընդդիմության թիկունքում «նախկինների ականջները» տեսնելու մասին երեսպաշտ ու, իբր, սպառնալից հայտարարություններ են անում, թեեւ հենց իրենք են իրենց շրջապատել «նախկիններով»՝ Դավիթ Զադոյան, Անդրանիկ Մարգարյան, Հովիկ Աբրահամյան, Վովա Գասպարյան, Հայկ Հարությունյան, Արթուր Բաղդասարյան եւ այլք: Սա են սրանք՝ իշխանությունները: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել