Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ձեռքով՝ երկու նվագախումբ

Փետրվար 27,2003 00:00

Մեկ ձեռքով՝ երկու նվագախումբ «Այս տարի առաջին անգամ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Դուբայում, տեղի դասական արվեստի երկրպագուները «հանդիպեցին» բեմում մեծ սիմֆոնիկ նվագախմբի»,- զրույցի սկզբում կարեւորեց ՀՊՖՆ-ի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։ Սկսած 1999 թվականից, ֆիլհարմոնիկ նվագախումբը Ռ. Ասատրյանի ղեկավարությամբ թե մեզ մոտ եւ թե արտերկրում պարբերաբար ելույթներ է ունեցել դասական, ժամանակակից եւ հատկապես հայ կոմպոզիտորների երկերի կատարումներով։ Դուբայի «Ջումերա Բիչ» 1500 տեղանոց բացօթյա համերգասրահում հնչել է խաչատրյանական երաժշտությունը։ Դիրիժորի խոսքերով. «Դա սովորական համերգ չէր։ Ծովի խշշոցը, միկրոֆոնները, դինամիկները, պարզապես, թույլ չէին տալիս նվագախմբի արտիստներին լսելու միմյանց, մի զարմացեք, ցանկացած սիմֆոնիկ նվագախմբի համար խորթ են նման պայմանները։ Միեւնույն ժամանակ, չմոռանանք, որ աշխարհում այսօր, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ արվեստը դահլիճներից դուրս է բերվում բացօթյա համերգասրահներ։ Իսկ նպատակը մեկն է՝ ընդգրկել հնարավորինս մեծ թվով երաժշտասերների։ Ինչեւէ, ես բավարարված եմ համերգից։ Բնականաբար, իմ այս վիճակը գալիս է հանդիսատեսի ընդունելությունից։ Ավելորդ է ասել, որ այս ամենի «մեղավորը» Խաչատրյանն էր»։ Ռացիոնալ օգտագործելով ժամանակը, բանավոր պայմանագիր է կնքվել Պրահայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռիադ Կուդզինի հետ, որը ղեկավարում է Դուբայի պատանեկան փոքր սիմֆոնիկ նվագախումբը։ Ըստ Ռ. Ասատրյանի. «Էմիրաթներում առաջին քայլերն են արվում, ավելի ճիշտ՝ սկսվել են առաջին քայլերը դասական երաժշտության բնագավառում եւ, համագործակցությունը, կարծում եմ, անհրաժեշտ է»։ Իհարկե, անհրաժեշտ է։ Հասկանալի է, թե ինչ կամ ինչեր են հարկավոր առաջին քայլերն անողին։ Նույնչափ հասկանալի է եւ մեր երաժիշտների շահագրգռությունը (կարծում ենք՝ մանրամասնել հարկավոր չէ)։ Ռ. Ասատրյանը միաժամանակ Երեւանի կոնսերվատորիայի Կ. Սարաջյանի անվան ուսանողական նվագախմբի գեղղեկավարն ու գլխ. դիրիժորն է։ Պարզվում է, որ դիրիժորն իր ուսերին մեծ բեռ է վերցրել։ Նրա խոսքերով. «Այսօր ես կատարում եմ այն աշխատանքը, որ իր ժամանակին իրագործել է մեծն Մալունցյանը։ Նա էլ միաժամանակ ղեկավարում էր ֆիլհարմոնիայի եւ կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբերը»։ Զրույցի այս մասում մեզ «հյուրընկալված» դիրիժոր, ՀՀ ժողարտիստ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Դավթյանը, որն, ի դեպ, դասախոսն է եղել Ռ. Ասատրյանի, հարկ համարեց «մենախոսել». «Այլ բան է ղեկավարել ուսանողական նվագախումբ։ Ուսանողական տարիներին է, որ ապագա նվագախմբի արտիստը առաջին քայլերն է անում նվագախմբային երաժշտության արվեստում։ Մի բան է լինել մենակատար երաժիշտ, մի այլ բան՝ նվագախմբի։ Մի խոսքով, այստեղ է, որ դիրիժորը ուսուցանում է նվագախմբային երաժշտության այբուբենը»։ Կարեւորելով դիրիժորի, այս դեպքում Ռ. Ասատրյանի դերը, բազմափորձ մաեստրոն շարունակեց. «Ռուբենը ամենակարճ փորձային ժամանակամիջոցում հասցնում է ստեղծել ամենակարեւորը՝ անսամբլային հավասարակշռություն նվագախմբի բոլոր օղակներում, ստանալ արտահայտչության ակնկալվող զորություն»։ Բազմազբաղ դիրիժորի ղեկավարությամբ թողարկվել են ՀՊՖՆ-ի լազերային սկավառակներ, որոնցում ընդգրկված են Ավետ Տերտերյանի, Սուրեն Զաքարյանի, Արթուր Եղիկյանի եւ այլոց ստեղծագործությունները։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728