Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ ՉԻ ԱՍՈՒՄ

Մայիս 08,2003 00:00

ՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ ՉԻ ԱՍՈՒՄ Բաց նամակ ՀՀ նախագահին Հունվարի 31-ին «Էրեբունի» թանգարանի մոտ տեղի ունեցած նախընտրական միտինգի ընթացքում ես անձամբ Ձեզ հանձնեցի իմ դիմումը։ Դուք ամբիոնից հայտարարեցիք, որ բոլոր դիմումներին կտրվեն գրավոր պատասխաններ։ Սակայն մինչեւ հիմա դիմումի պատասխանը ես չեմ ստացել։ Դիմումում հայտնել էի, որ ամուսինս՝ ազատամարտիկ Ստյոպա Արսենյանը, զոհվել է 1992թ. հուլիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի մոտ։ Ամուսնուս զոհվելուց հետո, իմ 3 երեխաներին սովից փրկելու համար վաճառել եմ 15-րդ թաղամասի կոոպերատիվ բարձրահարկ շենքի 3 սենյականոց բնակարանս։ Վաճառքից ստացած գումարի փոքր մասով գնել եմ Հանրապետության հրապարակի մոտ գտնվող Փ. Բուզանդի 16 բակի բնակարան կոչվող մի խուց, որտեղ էլ ապրում ենք արդեն 8 տարի։ Սակայն այդտեղ չեմ կարողացել գրանցվել, որովհետեւ առքուվաճառքը անօրինական համարվեց։ 2 տարի առաջ լուր տարածվեց, որ քանդելու են իմ ընտանիքի միակ բնակատեղը եւ մեզ փողոց են շպրտելու, որովհետեւ չունենք մշտական գրանցում։ Դիմումով խնդրել էի ձեզ՝ որպես զոհված ազատամարտիկի ընտանիքի համար բացառություն, հանձնարարել, որ իմ ընտանիքին մշտական գրանցեն փաստացի բնակատեղում։ Ես գիտեմ, թե ինչքան դժվար է բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներին ապահովել բնակարանով։ Բնակարան ստանալու համար դիմել էի նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին։ Անցյալ տարվա հունիսին նրան ուղղված իմ դիմումով խնդրել էի օգնել ինձ՝ Երեւանի Կենտրոն համայնքի բնակարան ստացող զոհված ազատամարտիկների ընտանիքների ցուցակում հերթագրելու համար։ Իմ այդ խնդրանքը մերժվեց։ Եվ հանկարծ մի քանի օր առաջ՝ մայիսի 3-ին, հեռուստացույցով լսեցի, որ պրն Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարեց. «Այսօր չկա զոհված ազատամարտիկի ընտանիք, որը բնակարանի կարիք ունենա»։ Ո՞ւմ են պետք այդ սուտ հայտարարություններն ու խոստումները։ ԼԻԴԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Զոհված ազատամարտիկի այրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել