Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրներին նեղում են

Մայիս 09,2003 00:00

Ընդդիմադիրներին նեղում են ՀՀ-ում ընտրական արատավոր տեխնոլոգիաներին հրաժեշտ տալու միտումներ տակավին չեն նշմարվում, իսկ դրանցից մեկի «զոհն» օրերս դարձել է թիվ 17 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորության թեկնածու Գրիշա Սարգսյանը: Վերջինս իր նախընտրական բուկլետում նշել է, թե դեռ խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1981-82թթ., ընդունվել եւ ավարտել է Երեւանի ՆԳՆ վերապատրաստման դպրոցը, որից հետո աշխատանքի է անցել ՆԳ համակարգում եւ մինչեւ 96-ը զբաղեցրել տարբեր պատասխանատու պաշտոններ: 1984-87թթ. սովորել է Խարկովի ՆԳՆ Ն/Ծ սպայական ուսումնարանում՝ ստանալով սպայական կոչում: Ապա՝ 1987-88 թթ., աշխատել է ՀՀ ՆԳՆ միլիցիայի բարձրագույն դպրոցում՝ որպես վերապատրաստման կուրսերի ավագ դասախոս: 1988-92թթ. ՆԳՆ-ի միջնորդությամբ սովորել է Դոնի-Ռոստովի ՆԳՆ բարձրագույն իրավաբանական ակադեմիայում: 1990-94-ին՝ լինելով ՄՀՕՋ-ի հիմնադիր հրամանատարներից մեկը, մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանն ու Արցախի ազատագրական մարտերին, երկու անգամ վիրավորվել է, եւ այլն: 2002-ին Երեւանի Տնտեսաիրավագիտական համալսարանի գիտական խորհուրդը նրան շնորհել է իրավաբանական գիտությունների «Պատվավոր պրոֆեսոր» կոչում: Թեկնածուի կենսագրական այս տվյալները ընտրողների հետ հանդիպումների ժամանակ կասկածի տակ է առել նույն ընտրատարածքում առաջադրված մեկ այլ թեկնածու՝ Արմեն Դանիելյանը: Գ.Սարգսյանի ասելով, վերջինս հայտարարել է, թե այդ բոլորը շինծու եւ սուտ տեղեկություններ են: «22 տարի աշխատել եմ ՆԳ համակարգում, նշածս կրթությունները ստացել եմ ՆԳՆ-ի միջնորդությամբ: Դրանց վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կան ՆԳՆ արխիվում եւ ամբողջովին համապատասխանում են իրականությանը: Նրանք, ովքեր կասկածում են, կարող են դա ստուգել: ՆԳՆ-ն քաղաքացիական հիմնարկ չէր, որտեղից հնարավոր լիներ դիպլոմներ առնել: Նրա հորեղբայրը՝ Գեւորգ Դանիելյանը, որ ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետն է, գոնե կարող է դա ստուգել: Ես իմ մրցակիցներից որեւէ մեկին չեմ փնովել, նրանց մասին ապատեղեկատվություն չեմ տարածել եւ նրանց էլ նույնն եմ խորհուրդ տալիս, թեեւ այսօր ստիպված եմ հայտարարել, որ Արմեն Դանիելյանը, որ թաքցրել է ՀՀԿ անդամ լինելու փաստը, չունենալով վարկանիշ՝ փոխարենն ունի իշխանական ու վարչական լծակների աջակցությունը: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իմ նախընտրական քարոզչական բուկլետում գրված ամեն մի տողի համար պատրաստ եմ պատասխան տալ»,- երեկ հայտարարեց մեր խմբագրություն այցելած Գ.Սարգսյանը: Վերջինս հավելեց նաեւ, որ եթե Ա.Դանիելյանն իր նախընտրական քարոզչությունը կառուցի իրեն հակաքարոզելու եւ մրոտելու մեթոդով, ինքը պատկան մարմիններից ստիպված կլինի պահանջել նրան պատասխանատվության ենթարկել՝ կեղծ տեղեկատվություն, զրպարտություն տարածելու համար: «Երբ ես ճակատում եմ եղել, նա երեխա է եղել եւ իրավունք չունի դատողություններ անել իմ անցած մարտական ուղու մասին»,- հայտարարեց Գ.Սարգսյանը: «Իսկ եթե իշխանությունները մտադիր են այստեղ անցկացնել ԱԺ այնպիսի խայտառակ ընտրություններ, ինչպես արեցին նախագահի ընտրությունների ժամանակ, ապա՝ հայտարարում եմ, որ թույլ չենք տալու: Այդ դեպքում իշխանափոխությունը սկսելու ենք հենց այս ընտրատարածքից»,- հավելեց թեկնածուն: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել