Լրահոս
Օրվա լրահոսը

Քննադատիր, բայց տեղ-տեղ

Մայիս 09,2003 00:00

Քննադատիր, բայց տեղ-տեղ Միավորված աշխատանքային կուսակցությունն (ՄԱԿ) իշխանամետ է համարվում: Նախագահական ընտրություններին պաշտպանեց Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Սակայն կուսակցության ծրագրում (ներածությունում) նաեւ ներկա իշխանություններն ու նրանց վարած քաղաքականությունն այնքան հիմնավոր եւ անխնա են քննադատում, ինչպես կերազեր անել ամենաընդդիմադիրը: Քաղաքական դաշտում իրենց տեղի վերաբերյալ ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը ասում է. «Մենք ազատական գաղափարախոսություն քարոզող կուսակցություն ենք: Եթե կենտրոնը լինի այդ գաղափարը քարոզող, մենք կլինենք կենտրոնամետ: Եթե կենտրոնը լինի կոմունիստական գաղափարախոսությամբ, մեզանից ավելի կարծր ընդդիմություն չի լինի»: Նկատենք, որ եթե արմատական ընդդիմադիրները երկրում առկա բոլոր չարիքները պայմանավորում են անձերով, ապա ՄԱԿ-ը ճիշտ հակառակն է ասում. անձերը էական նշանակություն չունեն: Որոշ առումներով ՄԱԿ-ը նման է «Օրինաց երկիր»-ին, ՀԺԱՄ-ին եւ մյուսներին: ՄԱԿ-ը ի տարբերություն հիշատակվածների, պոպուլիստ չէ եւ ամենեւին էլ «խեղճ ժողովրդի չարքաշ կյանքից ու ցածր թոշակներից» չի անընդհատ բողոքում: ՄԱԿ-ը շատերից դրականորեն առանձնանում է նաեւ նրանով, որ չի անտեսում ձեռքբերումները, որ ընդհանրապես եղել են հետխորհրդային տարիների ընթացքում: Իսկ քննադատություններն ընդհանրական են: ՄԱԿ-ի ծրագրում գրված է. «Այսօր էլ իշխանական համակարգում առկա է կաշառակերությունը, ավելին, ի հայտ է եկել մի նոր երեւույթ՝ գործարար եւ քաղաքական խավերի անառողջ սերտաճում, ձեւավորվել են «ազդեցության խմբեր», որոնց նպատակը քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական դաշտում իրենց ստվերային ազդեցության հաստատումն է»: Կուսակցությունը նշում է նաեւ. «Իշխանական կուսակցությանը» անդամակցում են գլխավորապես պետական պաշտոնյաներ՝ գործադիր իշխանության կենտրոնական եւ ճյուղային մարմիններից, բանկային, ոստիկանական եւ այլ ուժային կառույցներից»: Թվում է, հասկանալի է, թե ովքեր են քննադատության թիրախները, սակայն ողջ ծրագրում որեւէ օրինակ չի բերվում, ոչ էլ հայտնի է կուսակցության ներկայացուցիչներից մեկի հրապարակային ելույթը, որտեղ այս ամենի մասին խոսվեր ավելի հասցեական: Սրա վերաբերյալ «Առավոտի» հարցին ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Մենք չենք պայքարում կոնկրետ անձանց դեմ: Ինձ չի հետաքրքրում, որ, ասենք, մի պետական չինովնիկ չարաշահումներ է թույլ տալիս: Նա վերջիվերջո բանտ կգնա կամ կպատժվի: Ինձ հետաքրքրող թեման հասարակության նորմալ զարգացումն է»: Ա. ՈՒ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել