Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԻՆԱՄՈՅՈՒՄ» ՈՐՈՇՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ

Մայիս 09,2003 00:00

«ԴԻՆԱՄՈՅՈՒՄ» ՈՐՈՇՎՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱԶՄԸ Մայրաքաղաքի «Դինամո» մարզական ընկերության դահլիճում տեղադրված ռինգում այս օրերին իրենց հարաբերություններն են պարզում կաշվե ձեռնոցի մեր ներկայիս լավագույն վարպետները։ Երեւան են ժամանել հանրապետության տարբեր մարզերի ու քաղաքների ներկայացուցիչներ։ Հաղթողներն ու մրցանակակիրները հայտնի կդառնան մայիսի 11-ին։ Եվ այդ ժամանակ էլ կկազմավորվի ազգային հավաքականի նոր կազմը, որը կսկսի նախապատրաստվել այս տարի կայանալիք կարեւորագույն ու պատասխանատու մեկնարկներին։ Երեկ մարզադահլիճում զրուցեցինք մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի հետ։ – Առաջնությանը մասնակցում են 98 բռնցքամարտիկներ,- ասաց նա։- Ուրախալի է, որ շարունակվում է վերջին երկու-երեք տարում ստեղծված լավ ավանդույթը։ Հայաստանի առաջնությանը պետք է մասնակցեն բոլորը, անկախ ունեցած տիտղոսներից ու կոչումներից։ Հակառակ դեպքում, իհարկե, եթե չկան հարգելի պատճառներ, նրանք չեն ընդգրկվի ազգային հավաքական։ Արդյունքում, բոլոր քաշային կարգերում այսօր ունենք մրցակցություն հավաքականի անդամների եւ հավակնորդների միջեւ, որից շահում է թե՛ բռնցքամարտը, թե՛ հանդիսատեսը։ Հայտնի է, որ ներկայումս բռնցքամարտը Հայաստանի այն մարզաձեւերից է, որի աշխարհագրությունը բավականին ընդգրկուն է։ Ու պատահական չէ, որ ռինգում տեսնում ենք հանրապետության բոլոր մարզերի ներկայացուցիչներին, բացի Վայոց ձորից ու Սյունիքից։ – Արդեն երկու օր է, ինչ բռնցքամարտիկները պայքարում են ռինգում։ Առաջին տպավորություններն ինչպիսի՞ն են։ – Հիմա նախնական փուլի մենամարտերն են։ Հասկանալի է, կան եւ ուժեղներ, եւ թույլեր, որոնք առայժմ ի վիճակի չեն հավասար պայքար մղել ավելի փորձառուների հետ։ Բայց նկատելի է նրանց պայքարի ոգին։ Այնպես որ, առաջին տպավորությունների մասին առայժմ պետք չէ խոսել։ – Ձեր նախաձեռնությամբ եւ անձնական կապերի շնորհիվ Հայաստանի պատանի ու երիտասարդ բռնցքամարտիկների մի ամբողջ խումբ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի ղեկավարությամբ մոտ մեկ ամիս հյուրընկալվեց Մոսկվայի ձեր գործընկերոջ մարզական օջախում։ Նրանցից այս առաջնությանը մասնակցողներ կա՞ն։ – Ըստ նախնական պայմանավորվածության, Մոսկվա պետք է մեկնեին մեր ՕՀՀՈՒ-ի սաները։ Բայց ես, որպես հանրապետական ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, շահագրգռված էի, որպեսզի առիթն օգտագործեինք, նաեւ մեր մյուս մարզադպրոցների լավագույն ներկայացուցիչներին եւս օգնած լինեինք։ Լավ էր, համաձայնություն ստացանք։ Այսօր այդ խմբի տղաներից մեկը 54 կգ քաշային խմբում իր առաջին մենամարտն անցկացրեց հանրապետության չեմպիոնի հետ ու հաղթեց։ Այնպես որ, առաջին արդյունքներն արդեն իսկ երեւում են, ու ես դրանից բավարարված եմ։ – 2003 թ. աշխարհի առաջնությունը նշանակված է աշնանը՝ Թաիլանդում։ Մեր հավաքականը մասնակցելո՞ւ է դրան։ – Հայաստանի ընտրանին նախապատրաստվելու է տարվա գլխավոր մրցմանը։ Բայց այդ տարածաշրջանում հայտնի հիվանդության համաճարակ կա։ Մայիսի 29-ին Քիշնեւում կայանալու է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստ, որին մասնակցելու եմ նաեւ ես։ Ես Մոլդովայի մայրաքաղաքում հանդես եմ գալու աշխարհի առաջնությունն այլ երկիր տեղափոխելու առաջարկությամբ։ Համոզված եմ, որ նույն բանն առաջարկելու են նաեւ ուրիշները։ Ասեմ, որ ներկայումս որպես ռեզերվային տարբերակ ընտրված է Մոսկվան։ Կարծում եմ, որ գործկոմի անդամների ընդհանուր ջանքերով աշխարհի առաջնությունը հնարավոր կլինի տեղափոխել Ռուսաստանի մայրաքաղաք։ Մնում է մի քիչ էլ սպասել, ու ամեն բան կպարզվի։ Բայց, անկախ ամեն ինչից, մեր հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը, իհարկե, եթե այդ ժամանակ խանգարող այլ հանգամանքներ չլինեն, ինչպես ատիպիկ պնեւմանիան։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել