Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի չի ստացվում

Մայիս 14,2003 00:00

Էլի չի ստացվում «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի կարծիքով, նախագահական ընտրություններին նախորդող քարոզարշավը մի քանի առումներով ավելի անաչառ էր ու համեմատաբար ավելի լավ էր կազմակերպված, քան խորհրդարանականը: Նախ՝ այն ժամանակ թեկնածուների համար ավելի հավասար պայմաններ էին ստեղծված՝ անվճար եթերի առումով: Ազգային հեռուստատեսությունն, օրինակ, սահմանափակվել է Ա. Հարությունյանին ընդամենը մեկ անգամ «131 հայ» հաղորդաշարին մասնակցելու հրավերով: Ի դեպ, նկատելի է, որ որոշ թեկնածուներ գերադասում են հեռուստատեսությամբ՝ իրենց իսկ պատրաստած հոլովակով երեւալ, քան թերթի էջերում, որտեղ անպայման խառնվում է լրագրողի մատը: Օրինակ, այս կուսակցության շտաբի ղեկավար Վալերի Սարգսյանը լրագրողներին՝ կուսակցության քարոզարշավին չհրավիրելու հանգամանքը բացատրում է նրանով, որ «լրագրողները բարի աչքով չեն նայում իրենց»: Արամ Հարությունյանն էլ կարծում է, որ այդ համակարգիչները, որ թեկնածուները բաժանում են դպրոցներին, կամ նմանատիպ ցանկացած միջոցառում ընտրակաշառք է, եւ իրենք դրան դեմ են: Սակայն ընտրողների հետ էլ դեռեւս ոչ մի անկաշառ միջոցառում նրանք չեն կազմակերպել, բացի թիվ 1 ընտրատարածքում, ըստ Վ Սարգսյանի, «մի թեթեւ» հանդիպելուց: Գովազդային հոլովակների համար նախատեսված անվճար եթերաժամը եւս, ըստ Ա. Հարությունյանի, ճիշտ չէ ընտրված: Որովհետեւ եթե նախագահական քարոզարշավի ժամանակ այն սկսվում էր ժամը 19:00-ին, եւ այդ ժամին արդեն մութ էր, եւ բոլորը տանն էին, այժմ ընտրվել է ժամը 18:00-ը, այն էլ՝ գարնան վերջում, երբ բոլորը դրսում են կամ աշխատանքից չեն հասցրել վերադառնալ, իսկ գյուղերում մարդիկ այդ ժամին դեռ հող են մշակում: «Ավելի ուշ ժամերի եթերի համար որոշ մարդիկ վճարում են հատուկ նրա համար, որ մյուսը չերեւա»,- ասում է պրն Հարությունյանը:- Կուսակցություններ կան, որոնց միայն «02»-ով ու եղանակի տեսությամբ չեն ցուցադրում: Թեպետ նրանց ցուցակներում կան «02»-ին արժանի անձինք, եւ կան նաեւ մարդիկ, ովքեր միայն «եղանակը» կանխատեսելով են զբաղված»: Արամ Հարությունյանը չի հասկանում նաեւ մտքին ու բազկին ապավինող կուսակցությանը, որ թեպետ թիվ 23 ընտրատարածքում ունի իր թեկնածուն, բայց, չգիտես ինչու, ապավինում է Երեմ Կարապետյանին, որ երբեւէ ոչնչով աչքի չի ընկել: «Վիճակը խայտառակ է. խավարասերների նման, որոնք լույսը վառվելուն պես շարժման մեջ են ընկնում, այսօր շտաբներում նստած են իշխանությունների դաբրոն ստացած կիսագրագետ, կիսաքրեածին տարրեր, իսկ կուսակցություններն էլ այնքան են հոռացել, որ այլեւս ընտրակաշառք բաժանելու կարիք էլ չունեն, նրանք աշխատում են հանձնաժողովների վրա, որպեսզի այնտեղ ապահովեն վստահված անձանց մեծամասնությունը՝ ի դեմս ապաքաղաքական տարրերի»: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո, գնահատելով վստահված անձանց գործունեությունը ընտրությունների ընթացքում, Արամ Հարությունյանն ասաց. «Վստահված անձանց ինստիտուտը չաշխատե՞ց, ոչինչ, հիմա ուրիշ ձեւով կանենք, աջից ձախ չստացվեց, կանենք՝ ձախից աջ» («Առավոտ», 07.03.03): Փաստորեն ձախից աջ էլ չի ստացվում: «Ազգային համաձայնությանն» առաջարկում ենք՝ ամեն ինչ ջնջել, նորից սկսել: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել