Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇԻՐԱԿԸ»՝ ԱՌԱՋԱՏԱՐ

Մայիս 14,2003 00:00

«ՇԻՐԱԿԸ»՝ ԱՌԱՋԱՏԱՐ Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրի ավարտից հետո փոխվեց մրցաշարի առաջատարը։ Երեկ 5-րդ տուրի 2 հանդիպումներում էլ հաղթանակ տոնեցին տանտերերը՝ «Շիրակը» եւ «Փյունիկը»՝ համապատասխանաբար «Արաքսի» եւ «Դինամո-2000»-ի նկատմամբ։ Այս հաղթանակներից հետո թե՛ «Շիրակը», թե՛ «Փյունիկը» շրջանցեցին Աբովյանի «Կոտայքին», որն այժմ ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում։ Գյումրեցիները սեփական հարկի տակ չորս անպատասխան գնդակ ուղարկեցին առաջնության ետնապահ «Արաքսի» դարպասը։ «Շիրակը», պարտվելով առաջնության անդրանիկ տուրում, այնուհետեւ 4 անընդմեջ հաղթանակ տարավ, ապացուցելով, որ շարունակում է մնալ Հայաստանի ուժեղագույն թիմերից մեկը։ Իր հերթին հաղթանակ տարավ հանրապետության չեմպիոն «Փյունիկը», որը Հանրապետական մարզադաշտում 2։1 հաշվով պարտության մատնեց «Դինամո-2000»-ին։ «Փյունիկի» ֆուտբոլիստները մեծ առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, մանավանդ առաջին խաղակեսում, որի ընթացքում էլ 2 անգամ գրավեցին դինամոյականների դարպասը։ Առաջին գոլը գրանցվեց խաղի 18-րդ րոպեին, երբ Իսա Տուսորեին տուգանային հրապարակում վայր գցեցին «Դինամո-2000»-ի պաշտպանները, եւ Արթուր Մկրտչյանը հստակ իրացրեց 11 մետրանոցը։ «Փյունիկն» այնուհետեւ հաջողությունը զարգացրեց՝ շնորհիվ Աղվան Մկրտչյանի անհատական խաղի։ Աղվանը գնդակը մրցակցից խլեց դաշտի կենտրոնում եւ, շարժվելով առաջ, մոտ 17-18 մետրից հուժկու հարվածով կրկնապատկեց հաշիվը։ Չեմպիոնը կարող էր եւս մի քանի անգամ գրավել մրցակցի դարպասը, բայց այս խաղում հուսալի էր գործում «Դինամո-2000»-ի դարպասապահ Մանվել Աֆրիկյանը, որը հետ մղեց մի քանի շատ վտանգավոր հարվածներ։ Արդյունքում՝ դինամոյականները դրանից հետո ոչ միայն անառիկ պահեցին սեփական դարպասը 2-րդ խաղակեսում, այլեւ կարողացան կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը։ 75-րդ րոպեին, օգտվելով «Փյունիկի» պաշտպանների անհամաձայնեցված գործողություններից, Հրաչյա Միքայելյանը մոտ տարածությունից գրավեց «Փյունիկի» դարպասը եւ իր ուրախությունն արտահայտեց ակրոբատիկ պիրուետներով։ Այժմ առաջնությունում մի փոքր ընդմիջում է մինչեւ մայիսի 31-ը։ Այդ օրը կմեկնարկի 6-րդ տուրը։ Բայց «Փյունիկը», «Շիրակը», «Բանանցը» եւ «Միկան» չեն օգտվի այդ հանգստից։ Մայիսի 17-ին եւ 18-ին տեղի կունենան հանրապետության գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները։ «Փյունիկը» մրցելու է «Բանանցի», իսկ «Շիրակը»՝ «Միկայի» հետ։ Նույն թիմերը մի քանի օր անց կհանդիպեն պատասխան խաղերում, իսկ մայիսի 27-ին տեղի կունենա գավաթի եզրափակիչը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Մրցաշարային աղյուսակ 1. Շիրակ 5 4 0 1 8-3 12 2. Փյունիկ 5 3 2 0 16-2 11 3. Կոտայք 5 3 1 1 5-4 10 4. Միկա 5 3 0 2 10-5 9 5. Բանանց 5 2 1 2 5-3 7 6. Լեռնագործ 5 2 0 3 8-8 6 7. Դինամո 5 1 0 4 5-9 3 8. Արաքս 5 0 0 5 1-24 0 ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել