Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆՆ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ»

Մայիս 14,2003 00:00

«ԲԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆՆ Ի՞ՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ» Վանաձորի՝ շուրջ 150 տարվա պատմություն ունեցող, մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունը կրող թիվ 3 դպրոցի շենքը մոտ ապագայում կծառայի ԵՊՃՀ Վանաձորի կրթահամալիրին (նույն ինքը՝ նախկին պոլիտեխնիկական ինստիտուտ)։ Այս մասին հավաստել է Լոռու մարզպետը՝ օրերս կայացած մամուլի ասուլիսում (թերեւս, ի պատասխան «Առավոտում» 15.04.03թ. տպագրված «Նախ՝ կառուցում են, հետո՝ օպտիմալացնում» հոդվածի)։ Հիշեցնենք, որ թիվ 3172֊ի կոլեկտիվը նախատեսված է միավորել թիվ 4 (ռուսական դասարաններ ունեցող) դպրոցի հետ, քանի որ, ըստ օպտիմալացման ծրագրի, դրանք կմիավորվեն որպես միմյանց մոտ գտնվող։ Միաժամանակ պարզվել է (1988թ. երկրաշարժից տուժած թիվ 3-ը վերականգնելուց երկու տարի հետո, այսինքն՝ այս տարի), որ Վանաձորի կրթահամալիրի («Դիմաց» թաղամասում գտնվող) շենքային պայմանները «բարվոք չեն» (՞), ուստի աչքադրվել է 150 տարեկան թիվ 3-ը եւ ոչ թե 70 տարեկան թիվ 4֊172ը, որոնք երկուսն էլ գրեթե միաժամանակ են վերանորոգվել։ Այս ֆոնի վրա հարց է ծագում. եթե կրթական համակարգը օպտիմալացվում է, ինչո՞ւ է պետական մանկավարժական ինստիտուտում նոր՝ 4-րդ մասնաշենք կառուցվում, այն դեպքում, երբ մանկավարժական կադրերի գերկուտակում կա եւ պետպատվերի կրճատում։ Եթե դպրոցականները Լոռու մարզում մի քանի հազարով պակասել են, ուսանողների թիվը ինչո՞ւ պետք է ավելացած լինի։ Իսկ ո՞ւր մնաց Լոռիում պետական համալսարան ստեղծելու գաղափարը, որ 1998թ. իշխանափոխությունից հետո առաջարկում էին Լոռվա մարզային իշխանությունները. չէ՞ որ դա օպտիմալացման լավագույն տարբերակ էր։ Եվ վերջում՝ մեկ իրապատում172անեկդոտ։ Թիվ 3 եւ թիվ 4 դպրոցների միավորման փաստով մտահոգ մի վանաձորցի հարցրեց. «Բա հիմա Թումանյանի արձանն ի՞նչ են անելու»։ Չնայած պնդումներ կային, թե արձանը Թումանյանին նման չէ, այդուհանդերձ, թերեւս, կտանեն մանկավարժական ինստիտուտ, որը վերջին տարիներին անվանակոչվել է Հովհ. Թումանյանի անունով։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել