Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԵՆՔ ՈՒՐԻՇ ԵՆ

Մայիս 15,2003 00:00

ԻՐԵՆՔ ՈՒՐԻՇ ԵՆ «Մենք ոչ մեկի առաջ ոչ մի պարտավորություն չունենք։ Մենք չենք ստեղծվել որեւէ մեկի ցանկությամբ, որպես մի կտոր, որը պետք է շեղի ուշադրությունը, ձայներ փախցնի եւ այլն»,- հավաստիացնում է Միավորված աշխատանքային կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող, «Մշակ» ՓԲԸ նախագահ Լեւոն Պողոսյանը։ Պարոն Պողոսյանը սա ասաց չնայած այն բանին, որ իրենց կուսակցությունը իշխանամետ է համարվում եւ ընտրվելու էլ մեծ շանսեր չեն վերագրվում սոցհարցումներ անցկացնողների կողմից։ Լ. Պողոսյանի ներկայացմամբ. «Մենք թաքցնելու բան չունենք։ Այնպիսին, ինչպիսին կանք, դրական ենք գնահատում։ Մենք գիտենք, թե ինչպես կարելի է մեր այս փորձը տարածել ավելի մեծ մասշտաբներով։ Գուցե մի քիչ ինքնավստահ է հնչում, բայց դա միանշանակ է, որովհետեւ այդ պոտենցիալը մեր մեջ կա»։ Գործարարը նկատի ունի ՄԱԿ-ի ղեկավարի եւ անդամների՝ հաջող բիզնես կառավարելու փորձը։ «Իսկ անձամբ ես ոչ մի ակնկալիք չունեմ ԱԺ գնալու համար։ Ես բավարարված մարդ եմ, հետաքրքիր աշխատանք ունեմ։ Ես հիմա նաեւ ամենախոշոր արտաքին առեւտրային կազմակերպություններից մեկի (ռուսաստանյան) գլխավոր տնօրենի տեղակալն եմ։ Բայց մտահոգված եմ իմ երեխաների ճակատագրով»,- անձամբ իր մասին ասաց պարոն Պողոսյանը։ Ի դեպ, հաջողակ գործարարը մեծ նշանակություն է տալիս նաեւ այն հանգամանքին, որ ՄԱԿ-ականները սեւ կապիտալ չունեն. «Այն, ինչ ստեղծել ենք, ստեղծել ենք զրոյից, այն էլ բարդ ոլորտում (նկատի ունի էլեկտրասարքերը- Ա.Ու.)։ Մեր եկամուտը անընդհատ շատացել է վերաներդրումների միջոցով։ Մենք չենք սարքել տներ, եսիմ ինչ։ Ես մինչեւ 2000թ. 2 սենյականոց բնակարանում եմ ապրել, չնայած իմ եկամտով ամեն ամիս կարող էի 3 սենյականոց բնակարան գնել։ Բայց այդ դեպքում չէի ունենա սա (գործարանը- Ա.Ու.), 15 հոգանոց կոլեկտիվից չէինք դառնա 140 հոգանոց»։ Լեւոն Պողոսյանը գտնում է, որ «ազնվությունը պետք է դառնա տնտեսական նորմ։ Ազնիվ լինելը պետք է տնտեսապես շահավետ լինի»։ Այն, որ իրենք ուրիշ են ու «շատերից տարբերվում են», ըստ Լ. Պողոսյանի, երեւում է «նույնիսկ մեր գովազդից, տեխնոլոգիաներից, մեր նախագահի (Գ. Արսենյանի) ելույթներից (օրինակ, մայիսի 9-ի առիթով)»։ Բայց «այստեղ մի խնդիր կա. արդյոք մեզ կընդունե՞ն այնպիսին, ինչպիսին մենք ենք ներկայանում։ Գուցե մեզ ուրիշ գնահատական տան»։ ՄԱԿ-ի ղեկավարները շատ են քննարկել ու եկել են այն եզրակացության, որ անկախ «ժողովրդի վերաբերմունքից, պետք է ներկայանանք այնպիսին, ինչպիսին կանք իրականում»։ «Առավոտն» ահազանգեր էր ստացել, թե ՄԱԿ-ը (ինչպես եւ այլ կուսակցություններ) ընտրակաշառքներ է բաժանում։ Լեւոն Պողոսյանը նախ ասաց, որ դա իրենց սկզբունքներին հակասում է, ապա. «Ես գիտեմ, որ խոսում են դրանց մասին, գոյություն ունեն ընտրական տեխնոլոգիաներ, որ բոլորն իրար մեղադրում են դրա մեջ։ Երեւի բոլորն էլ դրանով զբաղվում են։ Անձամբ ես տեղյակ չեմ որեւէ նման դեպքի։ Ես ոչ մի բյուջե չեմ նախատեսում, որ հատկացնեմ մարդկանց՝ մեր կուսակցությանը ձայն տալու համար։ Եթե ազնիվ ու պարզ լինենք, ես նման պրոցեսների չեմ մասնակցում»։ «Մենք թիմ ենք։ Մենք չենք ձգտում ինչ-որ հայտնի մարդկանց ընդգրկել մեր ցուցակում ու դրանով ուժեղացնել մեզ։ Բայց եթե մեզ հաջողվի անցնել 5%-ի արգելքը, ուրեմն խորհրդարանում մենք մի թիմ կունենանք, որը ընտրվելուց հետո չի ցրվի այս ու այն կողմ»,- համոզված է Լեւոն Պողոսյանը, որն, ի դեպ, հանել է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը։ Նա «Առավոտին» հավաստիացրեց, որ այդ որոշումը մրցակիցների հետ ձեռք բերված համաձայնության արդյունք չէ. «Ես առաջադրված էի ոչ թե քաղաքացիական նախաձեռնությամբ, այլ կուսակցության կողմից։ Քաղխորհուրդը որոշեց ուժերը կենտրոնացնել համամասնական ցուցակի վրա։ Իսկ մրցակիցները, ճիշտն ասած, չեմ էլ իմացել ովքեր են»։ Ա. Ու. Հ. Գ. Գովազդային հոլովակում Լ. Պողոսյանը ՄԱԿ-ի քարոզչությունն անում էր ռուսերեն, ինչի կապակցությամբ «Առավոտը» հիշեցրել էր, որ պատրաստվում ենք ոչ թե ՌԴ Պետդումայի, այլ ՀՀ ԱԺ ընտրություններին։ Այս առնչությամբ, ընդունելով, որ խոսքը պետք է հայերեն թարգմանությամբ զուգակցվեր, պարոն Պողոսյանը նշեց, որ ռուսերեն խոսելու պատճառներից առաջինն այն է, որ խոսքն ուղղված էր Հայաստանի ռուսախոս ընտրազանգվածին, երկրորդը, որ «չնայած ես աշխատում եմ այդ ուղղությամբ, բայց իմ հայերենն այնքան էլ լավ չի, քանի որ մասնագիտական լեզուն ռուսերենն ու անգլերենն են։ Եվ ինձ համար ավելի հեշտ է մտքերս շարադրել ռուսերեն»։ «Ես կարծում եմ, պետք է ազգային արժեքների կրող լինենք։ Եվ այն, որ մեր արտադրանքը («Մշակինը») Ռուսաստանի ամենախոշոր գործարաններում («ԿամԱԶ», «ԳԱԶ» եւ այլն) օգտագործում են եւ որ դրանց վրա գրված է «Made in Armenia», «Mshak», եւ որ մեզ ասում են Ռուսաստանում կա «Սիմենս» եւ «Մշակ», դա է ազգային արժեքները կրելու ամենամեծ գնահատականը։ Իսկ որ հայերեն լավ չեմ խոսում՝ իմ անձնական թերությունն է, որը չեմ համարում, թե կրիտիկական թերություն է մեր ազգի առջեւ»,- ասում է «Մշակ» ՓԲԸ նախագահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել