Լրահոս
Օրվա լրահոսը

«112 մարդ ու 4 տարի՝ երկիրը կշենանա

Մայիս 15,2003 00:00

«112 մարդ ու 4 տարի՝ երկիրը կշենանա Խոստանում են քրիստոնեադեմոկրատները Երեկ Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության համամասնական ցուցակի առաջին դեմքերը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելեցին Երեւանի «Տոսպ» բաց բաժնետիրական ընկերություն: Ի դեպ, ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին ՔԴՄ ցուցակի 20-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Վերջինս իր ենթականերին կոչ արեց՝ «աջակցեք», որքանով «կիսում եք մեր տեսակետները»: «112 մարդ 4 տարի աշխատի՝ էս երկիրը կշտկվի»,- իր հաշվարկները ընտրողներին ներկայացրեց ՀՔԴՄ առաջնորդ Խոսրով Հարությունյանը: Ընդ որում, իբրեւ նախկին, այսպես ասած, «տրիկոտաժնիկ» (տարբեր ժամանակներում, Խ. Հարությունյանն այդ ոլորտում տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել), ՔԴՄ առաջին դեմքի շփումը գործարանի աշխատակիցների հետ, բավականին անմիջական էր: Ընդունված քարոզարշավային տեքստը ժողովրդի դատին հանձնելուց հետո, պատասխանելով հարցերին, Խ. Հարությունյանը կարծիք հայտնեց, որ «քանի դեռ որեւէ մեկն իրեն էս երկրի տերն ու տնօրենն է կարծում, երկիրը՝ երկիր չի դառնա»: Իշխանության ճյուղերից առանձնահատուկ նշանակություն տալով Ազգային ժողովին, Խոսրով Հարությունյանը նկատեց, որ «այնտեղ գտնվող կուսակցությունների, մարդկանց որակից ու նրանց գրած օրենքների որակից է կախված մեր կյանքի որակը»: Ապա՝ «երկրում ոչ թե օրենքի իշխանություն պետք է լինի, այլ՝ իրավունքի: Պետությունը մարդն է, մարդուն մոռանում ենք, բայց պետության հոգսերից՝ խոսում»: Եվ այս համատեքստում լսելով բանվորների անձնական դարդ ու ցավը, ՔԴՄ նախագահը եզրակացրեց, որ «մարդիկ չարացած են ոչ թե, որ կյանքը դժվար է, այլ որ անարդար է»: Ու ըստ այդմ, կոչ արեց քվեարկել խղճով՝ «եթե բոլորս էդպես անենք, կեղծիքներն էլ կբացվեն»: «Փշալարերի ետեւում նախագահ ընտրեցին, կշտկվի որ …»,- արձագանքեց մի կին: «Կյանքը մեկ օրով չի, ելք կա, դա մեկ ընտրությամբ չի, դա միայն մեր քաղաքական ծրագիրն էլ չի, բայց մենք առաջարկում ենք իրատեսական բաներ, մենք առաջարկում ենք մարդուն հարգել եւ այդպիսով պետություն կառուցել»,- փարատեց Խ. Հարությունյանը: Պատասխանելով «27»-ի հետ կապված բանվորներից մեկի հարցին, ՔԴՄ նախագահը խնդիրը ոչ միայն նրանում է տեսնում, որ «դա բարբարոսություն էր, որի հետեւանքները մենք դեռ երկար կզգանք: Այլ մենք մարդ-պետություն ենք սարքում, հույսներս մեկ-երկու մարդու վրա ենք դնում եւ նրանցով ամեն ինչ պայմանավորում: Մինչդեռ բոլոր ինստիտուտներն իրենց տեղում պետք է լինեն: Թե չէ, չուզող միշտ էլ կգտնվի ու մենք էլ կոտրած տաշտակի առաջ կկանգնենք»: Ինչ վերաբերում է գործարանին ու նրա խնդիրներին՝ չորս հիմնական արտադրամասերում 300-350 մարդ է աշխատում: Աշխատավարձի կոնկրետ թվեր տնօրենը չնշեց՝ դա կոմերցիոն գաղտնիք անվանելով: Բանվորները, սակայն, չդժգոհեցին. «Եթե պատվեր է լինում, աշխատում ենք՝ լավ ա»: Այժմ, ամսական կտրվածքով, գործարանը 30 հազար կտոր արտադրանք է թողարկում: Ինչպես փաստեց գլխավոր տնօրենը՝ «տասն անգամ ավելացնելու հնարավորություն ունենք»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել