Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամիտ ռոմանտիզմի հետեւանքները

Մայիս 15,2003 00:00

Մեծամիտ ռոմանտիզմի հետեւանքները «Արդարություն» կուսակցությունը ոչ այնքան հաճախ, բայց այցելում է մարզեր։ Տղաները եւս խոստովանում են, որ քարոզարշավային հանդիպումների ժամանակ մարդիկ իրենց կասկածանքով են վերաբերում։ «Մտածում են, որ իշխանական կառույց ենք՝ ստեղծված ընդդեմ «Արդարություն» դաշինքի»,- ասում է Աշոտ Ալեքսանյանը։ «Ի տարբերություն մյուս կուսակցությունների շտաբների, մեզ մոտ ոչ թե հարբեցողությամբ են զբաղված, այլ աշխատում են»,- հայտարարում են պատգամավորական մանդատի հավակնող երիտասարդները եւ հանուն այդ սուրբ գործի՝ ընտրությունների, նրանք պատրաստ են երթուղային տաքսիներով էլ գնալ շրջաններ՝ քարոզարշավի։ Մարտունիում նույնիսկ մի պապիկ նրանց խղճացել է, թե «խեղճ էրեխեք, ուրիշները ջիպերով են գալիս քարոզարշավի, դուք՝ մարշուտնիո՞վ»։ Բայց հանուն ազգի փրկության հասունացած նրանց նպատակը զոհողություններ է պահանջում՝ էլ ո՞վ պետք է մարզերի խնդիրներով զբաղվի, եթե ոչ «Արդարությունը»։ Գյումրիում, Եղեգնաձորում, Մարտունիում ունեցած հանդիպումների ժամանակ տղաները խոստացել են տեղացիներին հուզող բոլոր խնդիրներին (կրթության որակից, աշխատատեղերի ստեղծումից սկսած, ավարտած ծնելիության բարձրացմամբ) լուծում գտնել։ Օգնել՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Ի դեպ, վերջերս ԱԼՄ հեռուստաընկերությունը բանավեճի էր հրավիրել «Արդարություն» դաշինքին եւ նույնանուն կուսակցությանը, սակայն առաջինը հրաժարվել էր մասնակցել։ «Երեւի մտածել են, որ մենք շատ փոքր մարդիկ ենք, ու լայեղ չեն արել մեզ հետ բանավիճելու»,- այս առիթով կարծիք հայտնեց Հակոբ Աբրահամյանը։ Իսկ Ռուբեն Մարկոսյանը, որին ոչ մի կերպ չի լքում մեծամիտ ռոմանտիզմը, ասաց. «Մեր ցուցակում կան մարդիկ, որ իրենց մտավոր պոտենցիալով ու ունակություններով կարող են բանավիճել ցանկացած ցուցակի ցանկացած ներկայացուցչի հետ։ Շատերը կերազեն, որ մեր ցուցակում ընդգրկվածները լինեին իրենց ցուցակներում»։ Չնայած ամենուր իրենց շուրջ ստեղծված ոչ բարենպաստ կարծիքին, տղաները չեն վհատվում։ Օրինակ, քարոզարշավի շրջանակներում շարունակում են պայքարը օպտիմալացման ծրագրի դեմ, որի պատճառով ուսուցիչներ են կրճատվում։ Գյումրիում, Անանիա Շիրակացու անվան համալսարանում խոսել են կրթության ոլորտում տեղ գտած նեգատիվ երեւույթների դեմ, Եղեգնաձորում՝ շփվել մարզային հասարակական կազմակերպությունների հետ։ Ըստ Աշոտ Ալեքսանյանի, ընտրազանգվածի հետ շփումներից հետո եղել են մարդիկ, որ լինելով այլ կուսակցությունների անդամներ, երդվել են «Արդարությանն» ընտրել։ Ռուբեն Մարկոսյանն էլ քարոզարշավային հաջողություններ է գրանցել հատկապես ուսանողների շրջանում։ Աղջիկներին նա խորհուրդ է տվել նախ անգլերեն սովորել, հետո մագիստրատուրայում մասնագիտանալ սոցիոլոգիայի եւ միջազգային հարաբերությունների ոլորտում՝ աշխատանքային շուկայում գնահատվելու համար։ Մայիսի 15-ին «Արդարությունը» կմեկնի Կապան՝ հանդիպելու տեղի բուժաշխատողների, հաշմանդամների եւ ՈՒՀԱ-ի անդամների հետ։ «Եթե չընտրվենք, հետո շատ շատերը ափսոսանք են հայտնելու,- կանխավ զգուշացրեց Ռ. Մարկոսյանը,- չէ՞ որ տիրապետում ենք բնակչության շատ պրոբլեմներին»։ Ի դեպ, նա ցավով փաստեց, որ երիտասարդ լրագրողները ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ, որ իրենք «բոլորից մի գլուխ բարձր են»։ «Արդարության» տղաները մի քիչ էլ լորդ Ռասել Ջոնսթոնից են նեղացած, որ խոստացել էր պարբերաբար հանդիպել, իրենց հետ քննարկել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Խոստացել էր ու խոստումը չի կատարում։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել