Լրահոս
Օրվա լրահոսը

Արժեթղթերի հանձնաժողովը ամփոփեց անցած տարին

Մայիս 15,2003 00:00

Արժեթղթերի հանձնաժողովը ամփոփեց անցած տարին Արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, ՀՀ արժեթղթերի հանձնաժողովը տարեկան հաշվետվությունը Ազգային ժողովին ներկայացնելուն զուգահեռ, այն ներկայացրեց նաեւ լրագրողներին։ Երեկ այդ կապակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել հանձնաժողովի նախագահ Էդվարդ Մուրադյանը։ Նա նշեց, որ հաշվետու տարին հանդիսանում էր Հայաստանի արժեթղթերի կանոնակարգված շուկայի ձեւավորման եւ զարգացման առաջին փուլի շարունակությունը։ 2002թ. ընթացքում իրենց արժեթղթերն են գրանցել 78 հաշվետու թողարկողներ։ 2002թ. հանձնաժողովը դիտարկել է նաեւ արժեթղթերի գրանցման դադարեցման 9 դեպք, որի հիմնական պատճառը բաժնետերերի թվի նվազումն է։ 2002-ի տարեվերջի դրությամբ, արժեթղթերը գրանցած հաշվետու թողարկողների քանակը կազմել է 205, իսկ համապատասխանաբար գրանցված արժեթղթերի քանակը՝ 207։ Առաջ ընկնելով ասենք, որ այս տարվա առաջին եռամսյակում արդեն գրանցված թողարկողների քանակը հասել է շուրջ 215-ի։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ հաշվետու տարում իրականացվել է 41 ստուգում։ 2002թ. արժեթղթերի շուկայում գործարքներն իրականացվել են 110 թողարկողների բաժնետոմսերով։ Շուկայում իրականացվել է 4148 գործարք։ Կատարված գործարքների առարկա արժեթղթերի քանակը կազմել է 6166962 բաժնետոմս։ Մասնագիտացված անձանց կողմից բաժնետոմսերով իրականացված գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 2058210 հազար դրամ կամ 3591989 ԱՄՆ դոլար։ Պրն Մուրադյանը հայտնեց, որ 2002թ. ՀՖԲ-ում իրականացվել է 798,9 մլն դրամի կամ 1,294 մլն ԱՄՆ դոլարի առեւտուր։ Գործարքներն իրականացվել են միայն բաժնետոմսերով։ Կատարված գործարքների ընդհանուր քանակը եղել է 4035։ 2002թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան իրականացրել է թվով 561 թողարկողի անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրների վարումը, որի արդյունքում նույն ժամանակահատվածի դրությամբ արժեթղթերի սեփականատերերի անձնական հաշիվների թիվը կազմել է շուրջ 135500։ Պրն Մուրադյանը տեղեկացրեց նաեւ, որ անցած տարվա ընթացքում հանձնաժողովը շարունակել է իրականացնել արժեթղթերի շուկան կարգավորող նորմատիվ իրավական դաշտի ձեւավորման եւ կատարելագործման աշխատանքները։ Միաժամանակ, հանձնաժողովը ակտիվ մասնակցություն է ունեցել «Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներին։ Պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե հանձնաժողովը ինչպիսի՞ դիրքորոշում ունի Հայաստանի ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի նախագահի ընտրության հարցում, պրն Մուրադյանը ընդգծեց, որ հանձնաժողովը որեւէ կերպ չի միջամտում այդ ընտրություններին։ Հանձնաժողովի դիրքորոշումը հստակ է. բրոքերային համայնքը ինքը պետք է կատարի իր ընտրությունը։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել