Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵԶՈՆԱՅԻՆ ԷԼԻՏԱՅԻ» ԺԱՄԱՆԱԿԸ

Մայիս 16,2003 00:00

«ՍԵԶՈՆԱՅԻՆ ԷԼԻՏԱՅԻ» ԺԱՄԱՆԱԿԸ Հարցազրույց Ռուբեն Անգալադյանի հետ Մտնում են քաղաքականություն, որ հետո դառնան բիզնեսմեն – Մենք ընտրությունների ընթացքին հետեւում ենք «ներսից»։ Դուք արդեն 2-րդ շաբաթն է, ինչ Հայաստանում եք եւ հետաքրքիր է իմանալ Ձեր տպավորությունները։ – Ամենամեծ թերությունն այս ընտրություններում այն է, որ չկա ուրույն քաղաքական միտք։ Յուրաքանչյուրը վերցնելով կարգախոս (որի տակ ոչինչ չկա), չի պատկերացնում, թե ժողովուրդն ո՞ւր է գնում։ Խոշոր բիզնեսմենները ձգտում են դառնալ պատգամավոր, այն դեպքում, երբ բիզնեսն անվերջ գործընթաց է։ Բայց ձգտում են դառնալ պատգամավոր։ – Ինչո՞ւ այդպես նախընտրելի վայր դարձավ խորհրդարանը։ – Ինչ-որ բան, այնուամենայնիվ, մեր երկրի քաղաքական կյանքում թերի է։ Մինչեւ անգամ խոշոր բիզնեսը ի վիճակի չէ (գտնվելով պետական ինստիտուտներից դուրս) այդ հարցերը լուծել, ուր մնաց թե՝ փոքր բիզնեսը։ – Հետեւաբար շահեկան վիճակում է հայտնվում օլիգարխը։ – Օլիգարխը ոչ թե շահեկան վիճակում է, այլ ստիպված է գնալ պառլամենտ, որ գոնե իր շահերը պաշտպանի։ Եթե օլիգարխը չի գնում պառլամենտ, նշանակում է գործերը լավ են։ – Իսկ գուցե օլիգարխը գտնում է, որ ինքը քաղաքական գործչի կերպարի կրողն է, գործիչ, որի կարիքն ունի նաեւ հասարակությունը։ – Եկեք փաստենք, որ վերջին 10 տարիներին այդպես էլ չձեւավորվեց քաղաքական գործչի կերպարը։ Մենք կերպարին նայելով պիտի կարողանանք ասել. նա այս ոլորտի մարդ է։ Կան կերպարներ (նարոդնիկներ, հեղափոխականներ, ինտելեկտուալ պոռոտախոսներ), որոնց հիշում ենք, որ հանրահավաքների կենտրոնում էին։ Կան կերպարներ, որոնք անհասկանալի են, որտե՞ղ են. ա՞ջ թեւում են, կենտրոնո՞ւմ, ձա՞խ թեւում, վերջապես ի՞նչ են ուզում։ Ապացուցել, որ ամեն անգամ ճշմարտությունը ես եմ ասում, Աստծո մենաշնորհն է։ Եթե պնդում են, թե իսկությունն են ասում, այն, ինչ կատարվում է, սխալ է, քանի որ յուրաքանչյուր մարդ սուբյեկտիվ է։ Ոչ մեկի նկատմամբ նախատրամադրված չեմ, սակայն ուզում եմ իմանալ, քաղաքական գործչի կերպար ձեւավորվելո՞ւ է, թե՞ ոչ։ Չկա քաղաքական կուլտուրա։ Իսկ, ինչպես գիտեք, քաղաքական կուլտուրան ստեղծվում է քաղաքական մտքի վրա։ Այն, ինչ կատարվում է հիմա, հենված է ոչ թե որոշակի գաղափարախոսական եւ տնտեսաիրավական հարցերի վրա, այլ ուղղակիորեն ընտրազանգվածի նկատմամբ տեռորի ենթարկելու։ Որպեսզի «իրենց մարդկանց» մի կերպ անցկացնեն խորհրդարան։ Աշխատելու է 2 գործոն. փողը եւ վարչական ռեսուրսը։ – Այն, ինչ եղել է: Պրն Անգալադյան, ի՞նչ է լինելու այս պառլամենտի հետ։ – Այն կլինի ավելի վատը, քան նախորդը։ Ընտրությունների ընթացքը ցույց է տալիս, թե ինչքան վատ է աշխատել նախորդ պառլամենտը։ Եթե նախորդում ունենային որոշակի լուծումներ, այսօր չէին ասի, օրինակ, թե… մենք «էլիտա» ենք ստեղծելու։ Ինչը նշանակում է՝ մենք վերջնական ենք գալիս։ «Էլիտա» ասել նշանակում է ամրագրել. «Ես էլիտայի մեջ եմ»։ «Քաղաքական էլիտա» ստեղծվում է ոչ թե տարիների, այլ դարերի ընթացքում։ Քաղաքական էլիտա, որի մասին ես եմ մտածում։ Եվ ոչ թե սեզոնային էլիտա։ Այսօրվա թեկնածուների կարգախոսն է. մենք ուզում ենք մշտական մնալ։ Չորրորդ պառլամենտ մտնելու համար, ես կարծում եմ, որ կարեւորագույն խնդիրը ճշտելն է. ի վերջո ում շահերն են պաշտպանում։ Մի դիտարկում էլ. շատերը քաղաքականությունը տեղափոխում են բիզնես։ Մտնում են քաղաքականության մեջ, որպեսզի հետո դառնան բիզնեսմեն։ – Ուշացած չէ՞ նրանց այդ քայլը։ – Ուշացած է այնքանով, որ չեն մասնակցել ալան-թալանին։ Այս ամենը ցույց է տալիս, որ անկայուն վիճակ է երկրում, տնտեսական-իրավական ոլորտում։ Կյանքն՝ իբրեւ շոու – Իսկ ինչպե՞ս եք գնահատում հասարակական կարծիքի ձեւավորման ընթացքը։ – Կրկնելով այն բոլոր սխալները, որոնք կատարվում են ԱՊՀ բոլոր երկրներում, վերցնելով ամերիկյան կարեւորագույն գաղափարախոսությունը՝ «կյանքը որպես շոու», մեր թե մամուլը, թե, մանավանդ, հեռուստատեսությունը ուզում են ներկայացնել կյանքն իբրեւ շոու։ Այն էլ այս աղքատ, տխուր երկրում, ուր 70%-ից ավելի է աղքատությունը։ Այդ շոուի բովանդակությունն է. «մի քիչ լավ է», «հույս կա, որ ամեն ինչ լավ է վերջանալու»։ Ինչը միանշանակ ցույց է տալիս, որ պետությունը, որը մենք կառուցում ենք, ճիշտ չէ։ Սակայն քաղաքական առումով իրավիճակն աշխարհում խիստ փոխվել է։ Խնդիրը չհասկանալը կամ զմռսելը թույլ չի տալիս ըմբռնել, մեր իշխանությունները ի վիճակի՞ են պատասխանելու, թե ինչպես է զարգանալու մեր երկիրը եւ որտեղ են մեր, ժողովրդի շահերը։ Ազգային անվտանգության հայեցակարգ գոյություն չունի։ Այն դեպքում, երբ երկրի համար գոյություն ունի զմռսված կոնֆլիկտ։ Իրականում կոնֆլիկտ չկա։ ՄԱԿ-ը եւ անվտանգության խորհուրդը իրենց ֆունկցիաները պետք է վերանայեն։ Իրաքյան պատերազմի հետեւանքն է սա։ Այն, ինչ տեսնում ենք, կարծում եմ, նոր համաշխարհային քաղաքականության սկիզբն է։ Լինելով աշխարհի բազմաբեւեռ կրողը՝ ասեմ, որ այն, ինչ կատարվեց բռնապետությունում, ինչ կատարեց ԱՄՆ-ն, Անգլիան, դաշնակիցները, ողջունում եմ։ Ինչպես եւ առաջ։ Դեմոկրատիայի եւ իրավունքի միջեւ կա ջրբաժան, որը թույլ է տալիս ուժեղ անհատին չար մտադրություններով իշխել։ Նա շոյում է լյումպենին հայրենասիրական լոզունգներով, ցույց տալով թշնամու պատկերը, մի սերունդի միջոցով գալով իշխանության՝ մյուսին ճտի պես է պահում։ Մտավորականությունը ստիպված է լինում օպոզիցիա լինել եւ դուրս գալ երկրից։ Նա խաղից դուրս է։ ԱՊՀ երկրներում այդ վտանգը նույնպես կա։ Այդ շերտավորված քաղաքական էլիտան ստիպված էր լսել մեկ մարդու։ – Մեր ընտրությունների համատեքստում ո՞րն է կապը։ – Ոչ մի թեկնածու չի անդրադառնում իրաքյան պատերազմին։ Իրաքի պառլամենտի որեւէ պատգամավոր չկանգնեց-չասաց. «Ես ժողովրդի կողմից ընտրված եմ։ Դուք՝ ամերիկացիներդ, թողեք-դուրս եկեք։ Ես իմ ժողովրդի պատասխանը գիտեմ եւ գիտեմ ինչ պիտի անեմ»։ Մեր խորհրդարանը նույնպես ընտրվում եւ գործում է իշխանությունների հովանու ներքո։ Եվ սա ամենամեծագույն թերությունն է։ Եթե դու չունես ժողովրդի քվեն, դատապարտված ես։ Մենք գտնվում ենք այս ռեգիոնում։ Ամերիկյան մտադրությունը, թե առեւտրի ազատ գոտի է ստեղծում, մեր ճիշտ պահելու դեպքում, կարող է օգտակար լինել։ Եվ հակառակը։ Իսկ որ քաղաքական իրավիճակը մի համակարգից տեղափոխվում է այլ համակարգ, միանշանակ է։ Եվ այդ համակարգում գոյություն ունեն գործելակերպի փոփոխություններ։ – Ի՞նչ են սպասում պառլամենտից ժողովուրդը եւ իշխանությունները։ – Ժողովուրդը սպասում է իրավիճակի ճշտմանը, բարի իրավունքի գերակայությանը, որը կբերի վստահություն եւ տնտեսական զարգացման սկիզբը կդառնա։ Այդ ժամանակ Հայաստանը ոչ թե ԱՊՀ երկրներում կփնտրի շուկա, այլ Հայաստանը օրենքների միջոցով կդառնա շուկա։ Իսկ իշխանությունները կցանկանան ունենալ բզկտված խմբավորումներ, որոնց կենտրոնում կլինի իշխանությունը։ Ուրեմն, ինքներդ գնահատեք, ի՞նչ է ուզում ժողովուրդը, ինչ՝ իշխանությունը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել