Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ մենք անում ենք, պարզապես նվեր է»

Մայիս 21,2003 00:00

«Այն, ինչ մենք անում ենք, պարզապես նվեր է» «Մենք սեւ PR-ով չենք զբաղվում։ Քարոզչության ընթացքը ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունն էլ չկա։ Որովհետեւ, երբ որոշ կուսակցություններ զբաղվում են քարոզչությամբ, անկախ իրենց կամքից վերածվում է հակաքարոզչության»,- ասում է ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը։ Պրն Միրզախանյանը՝ խոսելով այլ կուսակցությունների կողմից կատարվող հակաքարոզչության մասին, անդրադարձավ օրերս «Հզոր Հայրենիքի» կողմից իրենց հասցեին արած քննադատությանը. «Երեւանի իշխանություններից բաղկացած կուսակցությունն իր ելույթի ժամանակ քննադատեց մայրաքաղաքի եւ ՀՀ տարբեր մարզերում կոմպյուտերային դասասենյակներ բացելը։ Մինչդեռ իրենց ղեկավարած մայրաքաղաքի դպրոցներին նման մոտեցում ցուցաբերելը պետք է արժանանար գովասանքի։ Ով՝ ով, բայց փաստի առթիվ ամենաուրախն ու շահագրգռվածն իրենք պետք է լինեին, բայց, փաստորեն, հարցը քաղաքականացվեց»։ Որպես Ռամկավար-ազատական կուսակցության ընտրազանգված, Ռ. Միրզախանյանը դիտարկում է մասնավորապես մտավորականության ներկայացուցիչներին, այդ թվում եւ՝ ուսուցիչներին։ «Հետեւաբար, ՀՌԱԿ-ի եւ Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ իրականացվող հանրապետության դպրոցների կոմպյուտերիզացումը չպե՞տք է դիտարկել որպես ընտրակաշառք» հարցին ՀՌԱԿ ատենապետն այսպես պատասխանեց. «Դա գավառամտության դրսեւորում է, որովհետեւ համակարգիչներ տրվում են աշակերտներին, որոնք ընտրելու իրավունք չունեն (նկատենք, որ վերջիններս ընտրելու իրավունք ունեցող ուսուցիչ եւ ծնողներ ունեն.- Լ. Բ.)։ ՀՀ Ընտրական օրենսգրքում հստակ գրված է, թե ինչն է դիտվում ընտրակաշառք, եւ թե ով է տալիս եւ ում է տալիս»։ Ռուբեն Միրզախանյանի հավաստմամբ, իրենց կուսակցության առաջ դրված խնդիրը մեկն է՝ «միջնակարգ ուսումնական հաստատությունները համակարգիչներով համալրելը»։ Ըստ ատենապետի, մեկ տարի է արդեն, որ այս ակցիան իրականացվում է, եւ որը, պարզապես համընկել է ընտրությունների ընթացքին։ ՀՌԱԿ ատենապետը բարձրաձայնեց այլ կուսակցությունների կողմից ժողովրդին տրվող «իսկական» ընտրակաշառքները. «այս օրերին շատ պատգամավորության թեկնածուներ փորձում են նույնն անել՝ փոքր ծավալներով, կախված իրենց հնարավորություններից։ Կամ հաճախ ականատես ենք լինում, երբ մարդկանց ցուցակագրում են, նույն անձը երեք կուսակցության ցուցակներում հայտնվում է, բայց դրանց մասին ոչ ոք բարձրաձայն չի խոսում»։ Ռ. Միրզախանյանը չցանկացավ ընտրակաշառքներ բաժանող կուսակցությունների անուններ մատնանշել։ Միայն ավելացրեց, որ շուտով մայիսի 25-ը կանցնի, իսկ «կոմպյուտերները մեր երեխաներին կմնան»։ Ռուսաստանի հայերի հետ համատեղ իրականացվող բարեգործությունն էլ Ռ. Միրզախանյանը խնդրեց չքաղաքականացնել. «Այն, ինչ որ մենք անում ենք, պարզապես նվեր է։ Սա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Չեմ կարծում, որ մեր աշակերտները տիրապետելով կոմպյուտերային գիտելիքների, կլինեն ավելի քաղաքական»։ Կուսակցության ղեկավարը չնշեց, թե ԱԺ ընտրություններում քանի տոկոս են ակնկալում, միայն ասաց, որ քարոզարշավի ընթացքում մարդկանց տրամադրվածությունից իրենց համար պարզ է դարձել, թե որքան շատ համակիրներ ունեն։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Ռ. Միրզախանյանը հերքեց տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի հայերի միությունը ցանկացել է խզել համագործակցությունը ՀՌԱԿ-ի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել