Լրահոս
Օրվա լրահոսը

Անձեռնմխելի են հանցանքները

Մայիս 21,2003 00:00

Անձեռնմխելի են հանցանքները ԱԺ պատգամավոր Վրեժ Շահգելդյանը թիվ 45 ընտրատարածքում ցանկանում է կրկին ընտրվել ԱԺ պատգամավոր։ Երեկ Մամուլի տան «Մեդիա» սրճարանում ասուլիս էին հրավիրել քաղաքացի Արծրուն Ահարոնյանն ու նրա փաստաբանը՝ Անուշ Մխիթարյանը։ Վերջիններիս տեղեկություններով, Վ. Շահգելդյանը հայտնի է նրանով, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել Ձորաղբյուր գյուղի «Արթուր-1» ՍՊԸ-ին տիրանալու, փաստաթղթեր կեղծելու, ինչպես նաեւ «Արարատ» փայտամշակման ֆաբրիկայի «սեփականացման» փաստի առթիվ։ Քրեական գործը պտտվել է հանրապետության Գլխավոր դատախազությունից մինչեւ տարածքային դատախազություններ, սակայն 1999 թվականից առայսօր քաղաքացին պատասխան չի ստացել իր նկատմամբ, ինչպես նաեւ իր անձնական միջոցներով ստեղծած ֆիրմայի յուրացման հետ կապված։ Ա. Մխիթարյանի կարծիքով, ոտնահարվել են Ա. Ահարոնյանի իրավունքները, խախտվել է նաեւ Եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածը, որի համաձայն, յուրաքանչյուր անձ ունի «էֆեկտիվ» դատական պաշտպանության իրավունք։ Ասուլիսը հրավիրողները հանրապետության նախագահին ուղղված բազմաթիվ նամակներից մեկում գրում են. «Ամենայն հավանականությամբ, մեր հարգելի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տեղյակ չէ իր հովանավորյալ Վրեժ Շահգելդյանի հանցագործությունների մասին, այլապես չէր գնա Կոտայքի մարզ, գյուղից գյուղ առաջնորդելու Վրեժ Շահգելդյանի քարոզարշավը»։ Հետաքրքիր է, որ պատգամավորի դեմ քաղաքացին դուրս է եկել 1999-ից եւ բազմաթիվ լրատվամիջոցներ գրել են այդ մասին։ Միայն այն, որ պատգամավորը ոչ մի անգամ ցանկություն կամ համարձակություն չունեցավ արձագանքել դրանց, ըստ ասուլիսի մասնակիցների, խոսում է այն մասին, որ փաստերը հօգուտ իրեն չեն։ Երեկ Ա. Ահարոնյանը խնդրեց, որ մամուլը պաշտպանի իրեն։ Միայն այն, որ Ա. Ահարոնյանը մեղադրում է Վ. Շահգելդյանին իր կնոջ մահվան մեջ եւ հիշեցնում, որ սույն թվականի մայիսի 7-ին Վ. Շահգելդյանը զինված հրոսակախմբով հարձակվել է թիվ 45 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու առաջադրված Մելիք Մանուկյանի շտաբի վրա (արձակվել էին կրակոցներ եւ մինչ այժմ քրեական գործ չի հարուցվել), խոսում է անպատժելիության գործոնի մասին, նաեւ այն մասին, որ եթե պատգամավոր-թեկնածուն կարող է զինված հարձակվել մեկ այլ թեկնածուի վրա, ապա ոչ մի երաշխիք չկա, որ պաշտպանված կլինեն Արծրուն Ահարոնյանի նման շարքային քաղաքացիները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել