Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՍԵՐՈՒՆԴ Է ԱՃՈԻՄ

Մայիս 21,2003 00:00

ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՍԵՐՈՒՆԴ Է ԱՃՈԻՄ Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերի, բացի Սյունիքից եւ Վայքից, 74 մարզիկներ։ Ըստ քաշային կարգերի չորս օր տեւած պայքարում հաղթող դարձան. 50 կգ՝ Արման Ադիկյան (Էջմիածին, ԲԿՄԱ), 55՝ Արթուր Մկրտչյան (Երեւան, «Հայաստան» ՄՄ), 60՝ Արտակ Հարությունյան (Երեւան, ՖԻՄԱ), 66՝ Լեւոն Մեծոյան (Էջմիածին), 77՝ Տիգրան Սահակյան (Երեւան, ՖԻՄԱ), 84՝ Գարիկ Սիրեկանյան (Էջմիածին, ՖԻՄԱ), 96՝ Դավիթ Ենոքյան (Էջմիածին, ՖԻՄԱ), 120՝ Սուրեն Ներսիսյան (Էջմիածին)։ Առաջնությունը ցույց տվեց, որ Հայաստանում հուսալի հերթափոխ է աճում, որոնք իրենց հետ լավ աշխատելու դեպքում կարող են ապագայում արժանիորեն փոխարինել ավագներին։ Հատկապես լավ տպավորություն թողեցին Արման Ադիկյանը, Արտակ Հարությունյանը եւ Տիգրան Սահակյանը։ Ափսոս, որ ուսի վնասվածքի պատճառով չկարողացավ մրցագորգ մտնել 84 կգ քաշային կարգում առաջատար համարվող Վահրամ Գալստյանը։ Բայց նա հիմա վերականգնվում է եւ գտնվում է ուսումնամարզական հավաքում։ Ինչ վերաբերում է Ռոման Ամոյանին, նա, չնայած երիտասարդ տարիքին, ընդգրկվել է ազգային հավաքական եւ հիմա նախապատրաստվում է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։ Չեմպիոնները եւ մրցանակակիրները մոտ օրերս մեկ անգամ էլ իրենց հարաբերությունները կպարզեն Լեւոն Ջուլֆալաքյանի միջազգային մրցաշարում, որից հետո կկազմվի երիտասարդական հավաքականի վերջնական կազմը, որն էլ օգոստոսին Ստամբուլում կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Ցավոք, այս մարզաձեւը ավանդաբար անուշադրության է մատնված Սյունիքում եւ Վայքում։ Այս տարածաշրջանները, որպես կանոն, չեն մասնակցում եւ ոչ մի հանրապետական մրցաշարի։ Առավել մտահոգում է Վայքը, որտեղ ժամանակին կար ու գործում էր մարզադպրոց, որի սաները հանդես էին գալիս այս կամ այն առաջնությունում։ Սակայն տարիների ընթացքում այստեղ էլ ուշադրությունը թուլացավ, որի արդյունքում մարզաձեւը կարծես մեռավ։ Մինչդեռ, Սյունիքն ու Վայքը հայտնի են իրենց ամրակազմ ու մարտնչող բնակիչներով։ Այս հանգամանքը պետք է լուրջ մտահոգի մարզերի ղեկավարներին, իսկ Հայաստանի մարզական ղեկավարությունը պետք է կտրուկ միջոցների դիմի, որպեսզի մարզերը դուրս գան ինքնամեկուսացումից։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել