Լրահոս
Օրվա լրահոսը

Վերելակներն աշխատում են մեր կյանքի գնով

Մայիս 24,2003 00:00

Վերելակներն աշխատում են մեր կյանքի գնով Վերջերս Մալաթիա-Սեբաստիա համայնքում գրանցվեց երկու դժբախտ պատահար՝ մի դեպքում ճոպանի կտրվելը, մյուս դեպքում՝ դռների անսարք լինելու հանգամանքը։ Սակայն ոչ ոք պատասխան չտվեց։ Ճիշտ չէր լինի միայն համատիրություններին մեղադրել այդ հարցում, քանի որ վերջիններս ֆինանսական խնդիրներ ունեն։ Վերելակները պետք է պահպանվեն, շահագործվեն, նորոգվեն եւ սպասարկվեն։ 7.05.2002թ. Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան շենքերի կառավարման մասին թիվ 472 օրենքի 6 կետում նշված է, որ այդ հարցով պետք է զբաղվեն համատիրությունները։ Սակայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Մուշ» համատիրության ինժեներ Քաջիկ Հովսեփյանը պնդում է, որ իրենց հաշվեկշռում ընդգրկված չեն այդ ծախսերը եւ իրենք պատասխանատու չեն վերելակների պահպանման, շահագործման, նորոգման եւ սպասարկման համար։ Իսկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետի տեղակալ Նուբար Արիստակեսյանը հավաստում է, որ թաղապետարանը հիշեցումներ է ուղարկել եւ հայտնել, որ համատիրությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ կետի համաձայն, համատիրությունները պետք է զբաղվեն վերելակների խնդրով, ուստի համատիրություններին ուղղված թաղապետի 1.04.00թ. թիվ 26 գրությամբ առաջարկվել է. «Պայմանագիր կնքել լիցենզավորված վերելակային որեւէ կազմակերպության հետ։ Այդ ուղղությամբ աշխատանքներ չեն կազմակերպվել։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ որոշ շենքերում սպասարկումը չի իրականացվում, իսկ որոշ շենքերում էլ այն կատարվում է չլիցենզավորված մասնագետների կողմից, որը հղի է վտանգավոր երեւույթներով. վերելակի հորը մարդ ընկնելը, ճոպանի կտրվելը, ընդհուպ մինչեւ մարդկային զոհեր տալը։ Ուստի, կրկին դիմում ենք Ձեզ՝ շտապ կարգով կազմակերպել վերելակների օրինական սպասարկումը, որը չիրականացնելու դեպքում, բոլոր պարտավորությունները ընկնում է Ձեզ վրա»։ Երկրորդ հիշեցումն ուղարկվել է 15.01.01թ.։ Մալաթիա-Սեբաստիա համայնքում 1997-ից գործում է «Վերելակ» ՓԲԸ-ն, որը զբաղվում է միայն վերելակների վերանորոգման աշխատանքներով եւ ֆինանսավորվում է միայն թաղապետարանի կողմից։ Սակայն վերելակների անվտանգ սպասարկման համար ոչ ոք պատասխանատու չէ։ Ինչպես նշում է ընկերության տնօրեն Մանվել Մալխասյանը, վերելակները գտնվում են թալանված վիճակում, դեռ ավելին, բոլոր վերելակների շահագործման ժամկետն անցել է։ Խորհրդային տարիներին, երբ լրանում էր վերելակի շահագործման 20 տարին, այն հիմնովին փոխվում էր, սակայն այսօր դրա հնարավորությունը չկա։ Ինչպես նշեց մեքենաշինության եւ արդյունաբերության բաժնի պետ Վանիկ Հովսեփյանը, Սպիտակի վերելակի գործարանը չի աշխատում։ Ըստ մասնագետների, վերելակի ճոպանը կարող է արտաքինից կարգին վիճակում երեւալ, բայց ունի ծառայելու ժամկետ, որը լրանալուց հետո վտանգավոր է դառնում։ Իսկ վերելակի վերանորոգման միջոցների մասին պատկերացում տալու համար նշենք հետեւյալ թվերը։ 14 հարկանի շենքի բեռնատար վերելակի համար հարկավոր է 220 մետր, իսկ մարդատար վերելակի համար՝ 105 մետր ճոպան։ 9 հարկանի բեռնատար վերելակի համար՝ 100 մ, իսկ մարդատար վերելակի համար՝ 63 մ ճոպան։ Ճոպանի 1 մետրն արժե մոտ 1 ԱՄՆ դոլար։ Իսկ միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքում կա շուրջ 800 վերելակ։ Բազմահարկ շենքերի բնակիչները շահագրգռված են վերելակի շահագործման խնդրով եւ որոշակի քայլեր են ձեռնարկում դրա համար, ինչպես, օրինակ, ժետոնային մեխանիզմով աշխատեցնելը, որն ազդում է վերելակի անվտանգության վրա (չէ՞ որ վերելակները նախատեսված չեն այդ մեխանիզմով աշխատելու համար)։ Կամ չլիցենզավորված մեխանիկների են հրավիրում վերելակի աշխատանքները վերահսկելու, երբեմն էլ թողնում են առանց վերահսկողության։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել