Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխե՛նք մեր ոճը

Հունիս 14,2003 00:00 Share

Փոխե՛նք մեր ոճը Թերեւս ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նախօրեին բավական բուռն էր նշել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելը, ուստի խորհրդարանական թղթակիցների հետ հարցազրույցն ուղեկցվում էր նման արտահայտություններով՝ «ցավներդ տանեմ», «քաղցրեր», «սիրելիներ»: Ուշագրավ է, որ նման որակումներ նա չէր խնայում անգամ այն թերթերի լրագրողների համար, որոնց այլ պարագաներում անգամ հարցազրույց չի տալիս: Կամ էլ՝ գուցե նոր պաշտոնի անցնելուց հետո նա մի քիչ ավելի լայնախո՞հ է դարձել: Բավական ազատ այս զրույցի ընթացքում պրն Հովհաննիսյանը նաեւ անկեղծ նկատառումներ հայտնեց վերջին օրերի անցուդարձի առնչությամբ: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ինչո՞ւ էր տարածքային կառավարման նախարարը հետեւում քվեարկության արդյունքների հաշվարկի գործընթացին՝ ԱԺ փոխնախագահը մասնավորապես ասաց. «Քաղաքական կոալիցիայի համակարգի մեջ քվեարկելը մի քիչ այլ սկզբունքներ է ենթադրում, քան պարզ՝ բաց քվեարկությունը… Այստեղ պայմանավորվածություն կա, որը պետք է կատարել: Եթե պայմանավորվածությունը չեն կատարում, ուրեմն կոալիցիան չի կայացել: Բնական է, որ նույն Հովիկ Աբրահամյանը եւ ես շահագրգռված ենք, որ կոալիցիան անցնի առաջին փորձությունը: Պետք չի զարմանալ, որ այդ շահագրգռվածությունը մեկն արտահայտում է սառնասիրտ դեմքով, մյուսն, ասենք՝ արկղի կողքով քայլելով»: Լրագրողը հետաքրքրվեց՝ «այսինքն, պրն Աբրահամյանին ընդունենք որպես կառավարության կողմից դիտո՞րդ», սակայն պրն Հովհաննիսյանն ընդվզեց. «Պետք չի՛: Ինքը դիտորդ չի՛: Ինքը դիտորդական առաքելություն չի իրականացնում»: «ՆՏ»-ի հարցն էր, թե երբ է լինելու, որ պաշտոնների նշանակվեն այդ ոլորտին իրազեկ արհեստավարժները: Վահան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ըստ օրենքի՝ նախարարը պետք է քաղաքական դեմք լինի. «Եվ բոլորովին պարտադիր չի, որ, օրինակ, տրանսպորտի նախարարը ժամանակին տաքսու «շոֆեռ» եղած լինի»: Նկատեց, թե արհեստավարժությունը պարտադիր պայման չէ. «Ի վերջո, այդ դեպքում արհեստավարժին ո՞վ է որոշում: Ես օրինակ, կարող եմ ասել, որ այս կամ այն ասպարեզում 10 արհեստավարժից 9-ը ապուշ են: Կամ 10-ը»: «ՀԺ» թղթակիցը հետաքրքրվեց, թե նա վստա՞հ է, որ ՀՀԿ-ի եւ «Օրինաց երկրի» հետ իրենց քաղաքական կոալիցիան կունենա երկար կյանք: Ի պատասխան՝ Վահան Հովհաննիսյանը թախծոտ ու մտախոհ ասաց. «Գիտեք ինչ, օրինակ եթե էս փողոցի «տռամվի» գծերը չհանեին՝ ես վստահ չէի լինի, որ մենք դուրս գալուց չէինք ընկնի տռամվայի տակ: Ուրեմն՝ վստահ կարելի է լինել միայն սեփական ուժերի վրա»: Խռովեց նույն թերթի թղթակցի՝ կոալիցիայի հասցեին «աջաբսանդալ» որակումից. «Անընդհա՜տ այ սենց փիս խոսքեր է ասում»: Լրագրողները նկատել էին, որ այ ս ԱԺ-ի մեծահարուստների համար նորաձեւ են թանկարժեք, բայց բավական անճաշակ մուգ գծավոր կոստյումները: ԱԺ փոխնախագահն այս առնչությամբ էլ նկատառումներ ուներ. «Եթե գծավոր է կոստյումը՝ միաժամանակ գծավոր վերնաշապիկը ճիշտ չի: Նաեւ ասեմ, որ կոստյումի հետ սպիտակ «նասկի» հագնելն էլ ճիշտ չի»: Նշենք, որ Երեւանում պատգամավոր ընտրվածներից մեկը հենց այդպես էլ հագնվում է: Ինչ վերաբերում է իրեն՝ պրն Հովհաննիսյանին. «Ես ճիշտ եմ հագնվում: Ինձ մամաս սովորեցրել է»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել