Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական ճանապարհի վրացականն ա լավը

Նոյեմբեր 06,2003 00:00

Սահմանադրական ճանապարհի վրացականն ա լավը Մոտ երկու տարի առաջ, երբ Վրաստանի «ամալյանական» կառույցները փորձում էին եթերից դուրս շպրտել «Ռուսթավի-2» անկախ հեռուստաընկերությանը, երկրի պետական ողջ համակարգը ցնցած հասարակական հուժկու հակազդեցության արդյունքում մազ մնաց, որ իր բազկաթոռից դուրս թռչեր քաղաքական խարդավանքների «վաստակավոր գործիչ» Էդուարդ Շեւարդնաձեն: Այս հանգամանքը ժամանակին շատ էր ոգեւորել հայկական «Ա1+» հեռուստաընկերության համակիրներին, որոնք, ինչպես ժամանակը ցույց տվեց՝ երիցս չարդարացված հույսեր էին տածում, թե հասարակական զայրույթի նույնպիսի դրսեւորումներ կլինեն նաեւ Հայաստանում, ինչը թույլ չի տա մի քանի երդվյալ պնակալեզների եթերազրկել «Ա1+»-ին: Հետընտրական Վրաստանի այսօրվա զարգացումների համատեքստում առիթ ունենք եւս մեկ անգամ արձանագրելու, որ վրաց հասարակայնությունն, այնուամենայնիվ, զգալի չափով տարբերվում է իր հայկական «համարժեքից», եւ այնտեղ, ի տարբերություն Հայաստանի, այնքան էլ հեշտ չէ բռնաբարել ժողովրդի ազատ կամարտահայտության բնական իրավունքը: Երեկ Վրաստանի ընդդիմադիր ուժերի առաջնորդությամբ ընթացող հասարակական հուզումների ալիքը գրեթե իր գագաթնակետին էր հասել: Նախօրեին, ինչպես հայտնի է, ընդդիմության կողմից Շեւարդնաձեին էր ներկայացվել վերջնագիր՝ քվեների արդարացի հաշվարկման պահանջով: Այդ պահանջը ոչ միայն չէր կատարվել, այլեւ, բոլորի համար անսպասելի, մի տեւական ժամանակահատվածով ձայների հաշվարկն ընդհանրապես դադարեցվել էր: Այս փաստն, ի դեպ, անհապաղ դատապարտեց նաեւ ԱՄՆ Պետդեպը: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա այս շրջանակներում, ինչպես երեւում է, պայքարի սահմանադրական ճանապարհների մասին իրենց սեփական պատկերացումներն ունեն: «Շեւարդնաձե, դու հեղափոխություն էիր ուզում, դու կստանաս այն», այս կարգախոսի ներքո երեկ Վրաստանի Պետգրասենյակի առջեւի հրապարակում հսկայական թվով ցուցարարներ էին հավաքվել: Հետաքրքիր է, որ մինչ ընտրությունները միմյանց նկատմամբ բավականաչափ անհաշտ վարքագիծ դրսեւորած ընդդիմադիր ուժերն այս օրերին միավորվել են մեկ ընդհանուր նպատակի շուրջ: Եվ մինչ նրանք այդ նպատակը ձեւակերպում են, իբրեւ քվեների արդարացի հաշվարկ, Վրաստանի ուժային կառույցները խոսում են ընդդիմության՝ «իմփիչմենտային» տրամադրությունների մասին: Վրաստանի ՆԳ նախարարը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ 70 տոկոս հավաքած ընդդիմության ուզածն արդեն այլ բան չէ, քան հենց հիմա սկսել Շեւարդնաձեի պաշտոնազրկման գործընթացը: Նման կարծիք է հայտնել նաեւ նախագահի խոսնակ Կախա Իմնաձեն, նշելով, թե այդպիսով ընդդիմությունն ուզում է իշխանության բերել Նինո Բուրջանաձեին, որը դեռեւս խորհրդարանի խոսնակն է, հետեւաբար՝ սահմանադրորեն կարող է փոխարինել Շեւարդնաձեին: Իսկ մինչ այդ, անգամ խայտառակ կեղծումների գնով հազիվ 30 տոկոս հավաքած իշխանությունները հասարակական հուզումները ճնշելուն ուղղված կտրուկ քայլեր են անում: Կանգնեցվում են հանրահավաքի գնացող տասնյակ ավտոբուսներ, մարտական վիճակի է բերվել բանակը: Այդ քայլերը, սակայն, ավելի շատ հուսահատ ջղակծկումների են նմանվում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել