Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՆԱՑԱԾԸ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽՆԴԻՐ Է

Նոյեմբեր 06,2003 00:00

ՄՆԱՑԱԾԸ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽՆԴԻՐ Է Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հետաձգված վերջին երկու հանդիպումները։ Երրորդ տեղի համար պայքարող Աշտարակի «Միկան» արտագնա խաղում 4։2 հաշվով առավելության հասավ Արարատի «Արաքսի» նկատմամբ եւ, կրճատելով Գյումրիի «Շիրակի» հետ միավորների տարբերությունը, հասցրեց երեքի։ Այնպես որ, առաջնության բրոնզե մեդալների համար վճռորոշ կդառնա 27-րդ տուրի «Միկա»-«Շիրակ» խաղը։ Այն կայանալու է նոյեմբերի 13-ին։ Երեկ կայացավ կենտրոնական հանդիպումը առաջատարների՝ «Փյունիկի» եւ «Բանանցի» միջեւ։ Սա երկրորդ տեղում ընթացող «Բանանցի»՝ այս մրցաշրջանում «Փյունիկին» հաղթելու վերջին հնարավորությունն էր։ Եվ դա նրան ոչ միայն չհաջողվեց, այլեւ ավարտվեց հերթական անհաջողությամբ։ «Փյունիկը» առավելության հասավ 2։0 հաշվով։ Գոլերը խփեցին Գալուստ Պետրոսյանը (52-րդ րոպե) եւ Մարիան Զեչուն (54-րդ, 11 մետրանոցով)։ Խաղն անցավ, իրոք, հետաքրքիր։ Դաշտո ւմ հավասար ուժեր էին, համենայնդեպս, մինչեւ առաջին գոլը։ «Բանանցի» ֆուտբոլիստներն այս էլ որերորդ անգամ գլխավոր մրցակցի դարպասի առջեւ ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր, սակայն առիթներն օգտագործել չկարողացան։ Աչքի ընկնել կարող էին Արա եւ Արամ Հակոբյան եղբայրները։ Սակայն, ինչպես ասում են, մարզական բախտը երես էր թեքել այս հարձակվողներից։ Գոլ խփելու քիչ հնարավորություններ չունեցան նաեւ փյունիկցիները։ Բայց, ի տարբերություն Հովհաննես Զանազանյանի սաների, «Փյունիկը» դրանցից երկուսն իրացրեց։ Պարտությունից խուսափելու համար «Բանանցի» մարզիչները փոփոխություններ կատարեցին թիմի կազմում, սակայն դրանք ցանկալի արդյունք չտվեցին։ Իսկ ահա «Փյունիկից» խաղավարտին դաշտ մտած Ժորա Հովհաննիսյանը վերջին րոպեին կարող էր հաշիվը խոշոր դարձնել։ Ինչեւէ, Հայաստանի գործող եւ գործնականում ապագա չեմպիոնը ապացուցեց իր բարձր կարգը եւ հանրապետությունում լավագույն ֆուտբոլային ակումբը կոչվելու արժանիքը։ Մնացած չորս խաղերում մրցակիցների համար այլեւս անհասանելի դառնալու համար «Փյունիկից» պահանջվում է վաստակել եւս մեկ միավոր, մի բան, որը չանել, պարզապես, հնարավոր չէ։ Մրցաշարային աղյուսակ Փյունիկ 24 20 4 0 72-10 64 Բանանց 24 17 3 4 70-14 54 Շիրակ 24 14 2 8 51-30 44 Միկա 24 12 5 7 40-28 41 Կոտայք 24 7 7 10 28-46 28 Դինամո 24 5 3 16 16-58 18 Լեռնագ. 24 3 6 15 19-51 15 Արաքս 24 2 2 20 14-75 8 ԽԱՉԻԿ ՉԱԽՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել