Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է՞Լ ԵՆ ԵՂԵԼ ԵՐԿՈՒՍՏԵՔ»

Նոյեմբեր 18,2003 00:00

«ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է՞Լ ԵՆ ԵՂԵԼ ԵՐԿՈՒՍՏԵՔ» Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտարկման խմբին հարց է ուղղում «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, որը հիասթափված է եվրոպական կառույցների դիրքորոշման փոփոխությունից: Հոկտեմբերի 17-ին լրացավ ընտրությունների արդյունքները վիճարկող հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ժամկետը, սակայն «Արդարություն» դաշինքն առայժմ ընդամենը դիմել է բողոքարկելու մտադրությունը հայտնող նամակով: Սա նշանակո՞ւմ է, որ բաց թողնվեց Ստրասբուրգում մեր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում թույլ տրված խախտումներն ուսումնասիրելու հնարավորությունը՝ հարցին «Արդարության» առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց. «Եվրոպական դատարանը ստացել է մտադրության մասին մեր նամակը, եւ մեզ տրվել է համապատասխան տեղեկատվություն: Իսկ քանի որ մտադրության մասին նամակը ստացվել է մինչեւ հոկտեմբերի 17-ը՝ այլեւս գոյություն չունի ժամկետի խնդիր: Ներկայումս համապատասխան մասնագետներն աշխատում են ամբողջական հայցի վրա: Եվ այն շուտով կուղարկվի Եվրոպական դատարան»: Վերջերս Փարիզում հրապարակվեց ԵԽԽՎ դիտարկման հանձնախմբի զեկույցը, որում կային նոր շեշտադրումներ: Մասնավորապես նշված էր, թե նախագահական ընտրությունների ժամանակ խախտումները եղել են տարբեր թեկնածուների համար: Այս վարկածը տեւական ժամանակ շրջանառվում էր իշխանության ներկայացուցիչների կողմից: Ըստ այդմ՝ նրանց հաջողվե՞լ է Եվրախորհրդին փաստերով համոզել, թե խախտումները եղել են երկուստեք՝ մեր այս ենթադրությանը Ստեփան Դեմիրճյանն արձագանքեց. «Դիտարկման խմբի զեկույցի մեջ կան կետեր, որոնք բացարձակապե՛ս ընդունելի չեն. մասնավորապես՝ Ձեր մատնանշած պնդումը: Ակնհայտ է, որ իշխանությունների կողմից իրականացվել են կազմակերպված, նախապես ծրագրված կեղծիքներ: Իսկ ընդդիմությունն ուղղակի ի վիճակի չէր կազմակերպել կեղծիքներ: Քիչ թե շատ մտածող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում ընդդիմությունն ի վիճակի չէր դա անել»: Հիշեցրինք, թե Գլխավոր դատախազության ժամանակին հրապարակած տեղեկանքում, այնուամենայնիվ, կային հօգուտ Ստեփան Դեմիրճյանի կատարված ընտրախախտումների մասին հիշատակումներ: Ճիշտ է, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի օգտին լցոնված քվեաթերթիկների՝ Ստեփան Դեմիրճյանի պարագայում նշված քանակները 3, 5 կամ 10 էին: «Այն, որ այս իշխանությունների լկտիությունը եւ ցինիզմը սահման չունեն՝ նորություն չէ,- իր օգտին իբր կատարված խախտումների մասին հիշեցմանն արձագանքեց պրն Դեմիրճյանը:- Բայց Եվրախորհուրդը պետք է սկզբունքային լինի իր դիրքորոշումներում եւ չմոռանա սեփական պահանջները: Նրանց պահանջներից էր նաեւ կեղծիքներ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելը: Եվ ամբողջ զավեշտն այն է, թե իշխանության համապատասխան մարմիններն ինչպես արձագանքեցին եվրոպական կառույցների այդ պահանջներին: Ոչ մեկը մինչ օրս չի կրել որեւէ պատասխանատվություն: Եվ դատախազությունը ներկայացրեց միայն այնպիսի «փաստեր», թե իբր մեր կողմից են եղել խախտումներ: Մնում է, որ իշխանությունը բռնազավթած անձն էլ դիմի Եվրոդատարան՝ իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար»: «Արդարության» ղեկավարն ամփոփեց զրույցի այս հատվածը. «Հիասթափեցնում են դիտարկման խմբի զեկույցի այդ կետերը: Եվրոպական դիտորդներն ընտրություններից հետո տվել էին անաչառ եւ կատարվածին համարժեք գնահատականներ: Եվ եվրոպական կառույցների դիրքորոշումների այս փոփոխություններն ուղղակիորեն ազդում են այդ կառույցների հեղինակության վրա: Մնում էր ուղղակի գրեին, թե ձերբակալություններն էլ են եղել երկուստեք: Թեեւ բոլորն են հիշում, թե ինչպես էր ոստիկանությունը դուրս բերում ընտրատեղամասերից ընդդիմության այն ակտիվիստներին, վստահված անձանց, ովքեր պայքարում էին կեղծիքների դեմ: Ձերբակալվեցին հարյուրավոր մարդիկ: Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գիտի, որ կազմակերպված կեղծիքների միջոցով բռնազավթվել է իշխանությունը: Եվ ամեն դեպքում՝ կարեւորը մեր ժողովրդի կարծիքն է, ու դա ասում էինք նաեւ այն ժամանակ, երբ դիտորդները տալիս էին իրենց անաչառ գնահատականները: Լեգիտիմությունը պայմանավորված է ժողովրդի ընկալմամբ եւ այն, ինչ լեգիտիմ չէ՝ հնարավոր չէ դարձնել լեգիտիմ: Հայաստանում օրինական իշխանության հաստատումը մնում է առաջնահերթ խնդիր՝ անկախ նրանից, թե ինչ են զեկուցում դիտարկման խմբերը»: Մինչ Ստեփան Դեմիրճյանը դժգոհում է եվրոպական կառույցներից, «Արդարություն» դաշինքում իր գործընկերները՝ «Հանրապետության» քաղխորհրդի անդամներ Սուրեն Սուրենյանցն ու Լեւոն Եղիազարյանն էլ, որոնք դատարանում ներկայացնում էին այլ տուժողների՝ դժգոհում են «27»-ի դատավարությունում Դեմիրճյանների ներկայացուցիչ Արամ Սարգսյանից: Նրանք վիճահարույց են համարում փաստաբանի այն պնդումը, թե Արմենակ Արմենակյանի սպանությունն իրականացրել է Հունանյանի հանցախումբը, նաեւ այն, որ Աշոտ Սարգսյանը թուրքական հետք է տեսնում «27»-ի կազմակերպման մեջ, մինչդեռ «Հանրապետության» ներկայացուցիչները պնդում են, թե «27»-ի արմատները Հայաստանում են: Նրանք դժգոհում են, որ Դեմիրճյանի փաստաբանը հրապարակեց Հունանյանների հոր նամակը՝ կասկածի տակ դնելով Նաիրի Հունանյանի ցանկացած հայտարարություն: «Աշոտ Սարգսյանի եւ ոչ մի գնահատականի հետ համաձայն չենք,- մամուլում հայտարարել էր Լեւոն Եղիազարյանը:- Այսօր ես դեռ Աշոտ Սարգսյանի վրա չեմ կասկածում, բայց վաղը կարող եմ ունենալ դրա հիմքերը»: Ստեփան Դեմիրճյանը մեր խնդրանքով անդրադառնալով ե՛ւ այս, ե՛ւ մամուլում առկա այն ակնարկներին, թե Աշոտ Սարգսյանը երկու վստահորդ ունի, մեկն էլ՝ Սերժ Սարգսյանն է, միայն ասաց. «Մենք լիովին վստահում ենք Աշոտ Սարգսյանին: Նա սպառիչ պատասխաններ է տվել այդ բոլոր հարցերին: Ես ուղղակի կարող եմ ավելացնել, որ Աշոտ Սարգսյանն ամենալավը գիտի քրեական գործը, քանի որ աշխատել է առաջին իսկ օրվանից: Ընդ որում՝ ավելորդ չեմ համարում շեշտել, որ աշխատել է անվարձահատույց, ինչպես ինքն է ասում՝ կատարելով իր հոգու պարտքը: Կարծում եմ՝ առկա է թյուրըմբռնում: Թե՛ Աշոտ Սարգսյանի ելույթը, թե՛ ամբողջ դատաքննությունը հիմնավորեցին, որ այդ ճիվաղները չեն գործել ինքնուրույն, ունեցել են աջակցություն եւ ուղղորդվել հենց երկրի ներսում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել