Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ՉԷ

Նոյեմբեր 18,2003 00:00

ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ ՉԷ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) մասին մի շարք մտահոգություններ է հայտնում ծրագիրը մշակող աշխատանքային խմբի փորձագետ Հրանուշ Խառատյանը: Ըստ տիկին Խառատյանի, անհրաժեշտ է ունենալ մոնիտորինգային ցուցանիշների համակարգ: Օրինակ, որքանով է մարդը տեղեկացված իր իսկ տարածքում իրականացվող պետական կամ միջազգային կազմակերպությունների ծրագրերին, որքանով է նա դրանց հետ հույս կապում եւ այդ ամենի արդյունքում կոնկրետ ինչ գործողությունների կդիմի: Փորձագետը գտնում է, որ այս պահին հետազոտության մեջ ցանկալի է ավելացվեն հետեւյալ բաժինները՝ մարդու իրավական, մշակութային եւ իրազեկման ոլորտների հետ առնչության գնահատականը: «Մարդը, որը նստեց հեռուստացույցի առաջ եւ լսեց իր մարզպետի խոսքը, ի՞նչ հասկացավ դրանից եւ դրանից հետո նրա քայլերում ի՞նչ փոխվեց, ի՞նչ չափով է նրան մատչելի Երեւանում խմորվող լրատվական միտքը, ի՞նչ չափով է դա մարդու համար դառնում ապրելու, պայքարելու, հաստատվելու կամ լուծումներ գտնելու միջոց: Ինչքանո՞վ է հնարավոր, որ մարդը սոցիալական տեսուչի մոտ գնալուց եւ նրանից վիրավորված վերադառնալուց հետո փորձ կանի նորից գնալ, ինչպիսի՞ն է մարդու եւ մարզպետարանի ունեցած կապը եւ դրա արդյունքը», – հարցնում է տիկին Խառատյանը: Սա միակ դիտողությունը չէ, որ փորձագետն ունի ծրագրի վերաբերյալ: Ըստ փաստաթղթի տրամաբանության, «եթե երկրում իքս թվով հարուստ մարդիկ ձեւավորվեն, արդեն իսկ դրանով ակամա վերանալու է աղքատությունը»: Հրանուշ Խառատյանը դրան առարկություններ բերեց. կան երկրներ, որտեղ հարյուրամյակներով իքս թվով հարուստներ կան եւ դրա կողքին՝ գոյատեւող աղքատների հսկայական բանակ: Հարստության կուտակումը ոչ միշտ կարող է բերել աղքատության նվազեցման, այլ հակառակը, ինչի ականատեսը մենք ինքներս ենք: Բացի այդ, այդպես էլ չի սահմանվել՝ ինչպիսի, որ ռեսուրսների՝ ինտելեկտուա՞լ, սպասարկմա՞ն, տուրիզմի՞ վրա կառուցած երկիր ենք ուզում: Տիկին Խառատյանը կարծում է. «Այս հարցի պատասխանն այստեղ չկա, կամ ասենք այսպես. այս հարցի պատասխանն այն է, որ այն թողնված է ինքնակարգավորման»: Մեր զրուցակիցը պարզաբանեց, թե ինչու է ծրագիրը այս տեսքով ներկայացվել կառավարության հաստատմանը: Բանն այն է, որ ԱՀՌԾ-ն իր մշակման փուլում այս տեսքը չի ունեցել: 2002 թ. հոկտեմբերին արդեն պատրաստ էր Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) տեքստային մասը: Այդ ժամանակ այն փոխանցվել է միջինժամկետ բյուջեն ձեւավորող խմբին, որը այդ բյուջեն կազմելիս պետք է ելներ տվյալ ծրագրի դրույթներից: Մի քանի ամիս անց աշխատանքային խումբն այն հետ է ստացել բավական փոխված: Փոփոխությունների տրամաբանությունն այն է եղել, որ հաշվարկվել են երկրի առաջիկա եկամուտները: Եվ բյուջեն ձեւավորող խումբը գտնելով, որ ծրագիրն իր ծավալներով չի համապատասխանում այդ եկամուտներին, կատարել է կրճատումներ: Դրանք, որոշ մարդկանց, այդ թվում՝ Հրանուշ Խառատյանի կարծիքով, կատարվել էին կամայական, այսինքն՝ դուրս էին մնացել ծրագրի բուն գաղափարախոսությունը կազմող հատվածները: Օրինակ, ծրագրից անհետացած են եղել գյուղի, Աղետի գոտու զարգացման, փախստականների հետ կապված, բնապահպանական կոնկրետ ծրագրեր: Տիկին Խառատյանը չի գնահատում, թե այդ երկու ծրագրերից որն է ճիշտը, որը՝ սխալը, պարզապես արձանագրում է, որ դրանք սկզբունքորեն տարբեր, իրար հակադիր մոտեցումներ ունեցող փաստաթղթեր են: Մխիթարականն այն է, որ ԱՀՌԾ-ն երկու տարին մեկ պետք է վերանայվի եւ հնարավոր է, որ այդ ընթացքում նաեւ բարելավվի: Սակայն Հ. Խառատյանի կարծիքով, այս պահին ԱՀՌԾ-ն ամենակարեւոր փուլում է այն իմաստով, որ ցանկացած ծրագրի իրականացման ընթացք կախված է առաջին հերթին նրանից, թե ինչ չափով է երկրի բյուջեն պաշտպանում այդ ծրագիրը եւ ինչ չափով են այս ծրագրի ընթացքով գնալու՝ քաղաքականությունը գործողությունների վերածող նախարարությունները: «Այսօր դեռ չունենք այդ գործողությունների փաթեթը, որ հասկանանք՝ դրանք համապատասխանու՞մ են ծրագրի բովանդակությանը, թե՞ ոչ: Չունենալով այդ փաթեթը, չենք կարող նաեւ համեմատել 2004 թ. բյուջեի նախագծի հետ, որ հասկանանք գոնե, թե 2004 թ. բյուջեն ինչ չափով է արտահայտում այս ծրագիրը»,- ասաց տիկին Խառատյանը: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել