Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐՆ «ԱՌՈՂՋԱՑԱՆ»

Նոյեմբեր 18,2003 00:00

ԳՐԱԽԱՆՈՒԹՆԵՐՆ «ԱՌՈՂՋԱՑԱՆ» Վանաձորի նախկին պետական գրախանութների ցանցի (որն անհայտ պատճառներով կոչվում է «Վանք-91») քայքայումը, որը սկսվել էր 1998թ., երբ տարածքներն սկսվեցին կտրատվել ու վարձակալության տրվել որպես առեւտրի օբյեկտներ (համայնքային բյուջեն համալրելու նպատակով), հասավ իր «տրամաբանական» ավարտին. նոյեմբերի 27-ին Գյումրիում կկայանա դրանց գույքի աճուրդ-վաճառքը։ Թե ինչու Գյումրիում՝ մեզ չհաջողվեց պարզել։ Գրախանութների «վանքերից» հերոսաբար կարողացել է իր տեսակը պահպանել միայն թիվ 2 գրախանութը՝ Թումանյան 1 հասցեում, որտեղ այցելելով համոզվեցինք, որ 2 տարվա ընթացքում այս փոքր տարածքը (կոշկակարի արհեստանոցի չափ) ներսից բարեկարգ տեսք է ստացել, նորոգվել։ Տարածքի տերը, որը գրախանութի երկարամյա աշխատակցուհի է, նշեց, որ գրքերը ձեռք է բերում մայրաքաղաքից։ Իսկ 1998-99թթ. գրախանութների «առողջացման» ծրագիր էր մշակվել Գրահրատարակչության վարչության կողմից եւ, ըստ դրա, տարածքները սեփականաշնորհելու դեպքում այդտեղ միայն գիրք պետք է վաճառվեր, մինչդեռ նախկին գրախանութների բոլոր տարածքները (բացի վերոնշյալից) «վերամասնագիտացել» են այլ կարգի առեւտրում՝ հագուստ, սննդամթերք։ Թե որքա՞ն ժամանակ կկարողանա պահպանել իր գոյությունը Թումանյան 1 հասցեում գտնվող գրախանութը՝ դժվար է ասել։ Ի դեպ, գրախանութի վաճառողը չցանկացավ, որ անունը հրապարակվի, բայց դեմ չէր, որ թերթի միջոցով «գոնե տեղներն իմացող, գնացող-եկող լինի»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել