Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ՈՒՂԵՎՈՐԸ՝ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ

Նոյեմբեր 26,2003 00:00

ԴԱՐՁՅԱԼ ՈՒՂԵՎՈՐԸ՝ ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ Երթուղային տաքսիների վերջին վթարներից հետո պետավտոտեսչությունը երթեւեկությունը «կանոնակարգելու» յուրօրինակ ձեւեր է կիրառում։ Շաբաթ օրը, ժամը 14-ի սահմաններում 289ՏՏ01 համարանիշով մեքենայում նստած ավտոտեսուչները Կոմիտասի այգու մոտ, կանգառից հեռու կանգնեցրին թիվ 41 երթուղայինը։ Ըստ երեւույթին վարորդի ու նրանց «փոխզիջումը» չկայացավ, ստիպված ավտոտեսուչներից մեկը եկավ ու զննեց մեքենան, որտեղ միայն նստած ուղեւորներ էին։ Նա պահանջեց, որ «ավելորդ մարդիկ» իջնեն։ Որեւէ մեկն իրեն ավելորդ չհամարեց, ուղեւորները որոշեցին ի նշան վարորդի հետ համերաշխության, չիջնել մեքենայից։ Գործընկերոջը օգնության հասած մյուս ավտոտեսուչը «պարզեց», որ վարորդի փաստաթղթերն էլ կարգին չեն, իսկ նրանց կանչով եւս երկու պետավտոտեսչության մեքենայով ժամանած տեսուչների խումբն էլ իր «փորձագիտական» եզրակացությունը տվեց՝ երթուղային տաքսու անիվներն էլ մի բան չեն։ Ուղեւորները խնդրեցին գոնե կանգառ հասցնել, որովհետեւ թիվ 41 երթուղայինը կանգնեցվել էր կանգառից հեռու՝ փողոցի բանուկ մասում, իսկ երթուղային տաքսիների ու ավտոբուսների վարորդները «խրտնելով» ավտոտեսուչներից, բնականաբար, չէին կանգնում։ Տեսուչները ուղեւորներին խորհուրդ տվեցին տաքսիով գնալ։ «Բա խախտում անող ջիպերին ինչո՞ւ չեք կանգնեցնում»,- ասաց մի կին։ «Ջիպերը» ուղեւոր չեն տեղափոխում»,- բացատրեց մի ավտոտեսուչ (հավանաբար, նկատի ունենալով, որ «ջիպերում» նստած մարդիկ ուղեւորներ չեն)։ «Թե տղա եք՝ գծատերերին բռնեք»,- բողոքեց մեկ ուրիշը։ «Խնդրում եմ չքաղաքականացնել»,- զգուշացրեց մյուս ավտոտեսուչը։ «Լավ կլինե՞ր, որ զոհվածների մեջ քո բարեկամներն էլ լինեին»,- գոռաց վերջինիս գործընկերը։ Անօգուտ սպասելուց հոգնած ուղեւորները կամաց-կամաց ցրվեցին՝ դժգոհելով տեսուչների անհարգալից վերաբերմունքից։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել