Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՑԵԼ ԵՆ «ԱԴԱԲՐՅԱՄՍ»-Ի ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Նոյեմբեր 27,2003 00:00

ԱՆՑԵԼ ԵՆ «ԱԴԱԲՐՅԱՄՍ»-Ի ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում դատարանում իր ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւի, «Հանրապետության» քաղխորհրդի անդամների եւ Դեմիրճյանի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի միջեւ ծավալված բանավեճին՝ «27»-ի կազմակերպման թուրքական վարկածի, Արմենակ Արմենակյանի սպանության եւ այլ հանգամանքների վերաբերյալ՝ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց. «Ես կիսում եմ մեր փաստաբանի տեսակետները: Իսկ Աշոտ Սարգսյանի փաստարկները դեռ չեմ լսել: Հուսով եմ՝ ինքն էլ իր փաստարկները հիմնավորելու խնդիր կունենա, որից հետո կարող եմ պատասխանել, թե որն է ավելի համոզիչ: Ամեն դեպքում՝ հակված եմ կարծել, թե առանց ներսի ուժերի՝ դրսի ուժերը ոչինչ չէին կարող անել»: Նույնը պնդում են նաեւ Դեմիրճյանն ու նրա ներկայացուցիչը: Դատարանում Սմբատ Այվազյանի ներկայացուցիչ Լեւոն Եղիազարյանն ասել էր. «Աշոտ Սարգսյանը դատարանից դուրս եկավ դատավարության ամենակարեւոր մասում՝ վկաների հարցաքննության ժամանակ, որոնց մեջ էին նաեւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ես չեմ ասում՝ Աշոտ Սարգսյանը վախեցել է կամ չի վախեցել, բայց ինձ մոտ դա այժմ կասկած է առաջացնում»: Գործի նյութերին փոքրիշատե ծանոթ մեկը գիտի, որ ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը դատակոչված վկաներ չեն: Սակայն նաեւ փաստաբան Աշոտ Սարգսյանն էր դատարանում միջնորդել նրանց հարցաքննելու վերաբերյալ: Մեր հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այս ակնարկներին, որ Աշոտ Սարգսյանը վախեցել էր եւ այդ պատճառով էր դադարել մասնակցել դատաքննությանը՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Բացառո՛ւմ եմ նման բան: Չեմ կարծում, թե վախեցավ ու այդ պատճառով չմասնակցեց: Հետո՝ կարող է ակտիվ մասնակցություն ունենալ կամ պասիվ՝ սա չեմ համարում վերլուծության նյութ: Կարեւորը մեր տեսակետներն են, որոնք խիստ չեն տարբերվում իրարից: Իսկ տարբերություններ կան, քանի որ դատաքննությունն այնպես չընթացավ, որ համոզեր այս կամ այն տեսակետի իրավացիության մեջ»: Իսկ ընդհանրապես՝ որքանո՞վ է ճիշտ համարում տուժողների միջեւ առկա տարաձայնությունները մամուլ փոխադրելը հարցին պրն Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ես դրանք չեմ համարում տարաձայնություններ: Սա համարում եմ առողջ բանավեճ: «Ադաբրյամս»-ի ժամանակներն անցել են, եւ ամեն մեկն ունի իր տեսակետը: Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումներն իրարից խիստ չեն տարբերվում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել