Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱ

Մարտ 23,2004 00:00 Share

ՔԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԱ «Հանրապետական» կուսակցության գրասենյակում 2003 թվականի Հայաստանի երեք լավագույն մարզիկներին կուսակցության կողմից պատվո թոշակ հանձնելու արարողությունից հետո, օգտվելով առիթից, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուշադրությունը հրավիրեցինք «Նաիրի» ստադիոնի հետագա ճակատագրին: Ժամանակին լինելով մայրաքաղաքի մարզական խոշոր կենտրոններից մեկը, այն ծառայել է երեւանցիների առողջության պահպանման ու ամրապնդման գործին: Հետագայում մարզաբազան զրկվել է խնամքից, հոգատար ձեռքից ու աստիճանաբար մատնվել անգործության: Ավելին, վերջին տարիներին մարզաբազան մաշվածությունից արդեն սկսել է քանդվել: Այդ ժամանակ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ստադիոնը գնեց եւ մեծ ներդրումներ կատարելով՝ այն ուզում է դարձնել եվրոպական բոլոր չափանիշները բավարարող մի հսկայական մարզահամալիր, որը կծառայի ոչ միայն ֆուտբոլի զարգացմանը, այլեւ բազմաթիվ այլ մարզաձեւերի, մարդկանց ակտիվ հանգստի կազմակերպմանը: Նախատեսվածին համապատասխան կառուցելու դեպքում, ի դեմս «Նաիրիի», Երեւանը կունենա լիարժեք մի մարզաբազա, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել նաեւ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ամենաբարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ՝ մեր հավաքականների եւ ակումբների մասնակցությամբ: Սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՈՒԵՖԱ-ն ընդունի ստադիոնը: Իսկ ՈՒԵՖԱ-ն չափազանց խիստ պահանջներ է ներկայացնում: Դրանցից մեկն էլ, որին շատ մեծ կարեւորություն է տրվում, ստադիոններում հանդիսականների եւ ֆուտբոլիստների անվտանգության ապահովումն է: Ցավոք, այս խնդիրը «Փյունիկի» ղեկավարությանը կանգնեցրել է փակուղու առջեւ, քանի որ ստադիոնը սեփականաշնորհելուն գրեթե զուգահեռ դրա շուրջբոլորը՝ պարիսպներին վտանգավոր մոտիկությամբ, բենզալցակայաններ կառուցելու համար հողհատկացումներ արվեցին ու լցակայանները սնկի նման աճեցին: Այդ գործընթացը հիմա էլ շարունակվում է: Ստացվել է մի այնպիսի վիճակ, որ ակումբը ստիպված հրաժարվել է իր ծրագրերի մի մասից ու նպատակահարմար չի համարում նախատեսած ներդրումներն ամբողջությամբ իրականացնել, որովհետեւ որքան էլ ապագա մարզահամալիրը հոյակերտ լինի, միեւնույն է, ՈՒԵՖԱ-ն այն չի ընդունի, միջազգային խաղեր անցկացնել թույլ չի տա: Մինչդեռ, ոչ միայն Երեւանը, այլեւ Հայաստանը չունի շատ թե քիչ նորմալ ստադիոն: – Հողհատկացումներով զբաղվում է քաղաքապետարանը: Դա նրա գործն է,- ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:- Ինչ խոսք, «Նաիրի» ստադիոնի վերակառուցումը ողջունելի նախաձեռնություն է: Բայց եթե շրջակայքում հողհատկացումներ են արվել, դա էլ արդեն սեփականություն է: Բայց զանգվածային լրատվամիջոցները կարող են խնդիրը վեր հանել: – Կներեք, բայց անցած տարի «Առավոտը», «ՀայTV»-ն եւ UEFA.COM-ը միասին անդրադարձել են խնդրին, սակայն քաղաքային իշխանությունները քար լռություն են պահպանում: – Այդ դեպքում ճիշտ կլինի, եթե ֆուտբոլի ֆեդերացիան կամ ակումբը դիմեն կառավարություն: Հարցը կմտցնենք նիստերի օրակարգ, կքննարկենք ու կփորձենք համապատասխան լուծում գտնել: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Դե ինչ, վարչապետը պատրաստակամություն հայտնեց «Նաիրի» ստադիոնի հարցը կառավարության նիստում քննարկել, եթե այն պաշտոնապես բարձրացնեն շահագրգիռ ատյանները: Հուսանք, որ դա չի ուշանա եւ կառավարության անդամներն էլ քաղաքապետարանի հետ միասին կաշխատեն անպայման խնդրին դրական լուծում տալ, շտկել նախկինում կատարված անհեռատես քայլը, քանի դեռ ժամանակ կա ու «Նաիրիում» շինարարական աշխատանքները հնարավոր է նախապես ծրագրված հուն տեղափոխել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել