Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԵՐԱՑՆԵԼԻ

Հոկտեմբեր 23,2004 00:00 Share

ԱՆՎԵՐԱՑՆԵԼԻ ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն՝ օտարերկրյա հեռուստաընկերությունների հաղորդումները Հայաստանում կարող են ամբողջությամբ վերահեռարձակվել միջպետական պայմանագրի կամ Ազգային հանձնաժողովի կողմից վերահեռարձակողին տրված արտոնագրի հիման վրա՝ օգտագործելով առկա հեռուստահաճախությունների 1/5-ից ոչ ավելին՝ յուրաքանչյուր ընդգրկույթի համար: Մետրային ընդգրկույթում օրենքի այս դրույթն ակնհայտորեն խախտված է, քանի որ 6 կապուղիներից 2-ը տրամադրված են ռուսական OPT եւ PTP հեռուստաալիքների վերահեռարձակմանը: Մեր հարցին, թե ՀՌԱՀ-ն ինչո՞ւ միջոցներ չի ձեռնարկում այս օրինախախտումը վերացնելու ուղղությամբ՝ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Եթե ծանոթանաք ժամանակագրական պատկերին՝ կհամոզվեք, որ այստեղ չի եղել օրենքի որեւէ խախտում: Խնդիրը հետեւյալն է՝ վերահեռարձակման համար կիրառելի ալիքների 1/5-ի մասով օրենքի փոփոխությունը եղել է շատ ավելի ուշ, քան կնքվել են միջպետական պայմանագրերը եւ մետրային տիրույթում գործել են հեռարձակվող օտարերկրյա հեռուստաընկերությունները»: Իրոք՝ օրենքի այդ փոփոխությունն ընդունվել է 2001-ի նոյեմբերին, իսկ մինչ այդ՝ 2000-ի հոկտեմբերից, երբ ընդունվեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, ուժի մեջ է եղել մեկ այլ դրույթ, ըստ որի՝ օտարերկրյա հեռուստաընկերությունների հաղորդումները Հայաստանում կարող են «ամբողջությամբ հեռարձակվել միջպետական պայմանագրերի հիման վրա՝ օգտագործելով առկա հեռուստահաճախությունների 1/3-ից ոչ ավելին»: Գրիգոր Ամալյանը նկարագրեց իրավիճակը. «Պետությունը կնքել է միջպետական պայմանագրեր՝ մնալով օրենքի շրջանակներում, որի պահանջը տիրույթի 1/3-ն էր: Սկսվել է հեռարձակում եւ դրանից հետո ԱԺ-ն օրենքի փոփոխությամբ սահմանել է 1/5-ը: Կապուղիների տրամադրման, հատկացման պահին բարեխիղճ է եղել հանձնաժողովը՝ այդ պահին պահպանվում էր գործող օրենքի պահանջը: Իսկ հետո մտցվեց խստացնող պահանջ, որը չունի հետադարձ ուժ»: Որքան տեղյակ ենք՝ այս նորմը գործում է միայն քրեական օրենսդրության պարագայում՝ ոչ հեռարձակողների: Սակայն անկախ պատճառաբանությունների հիմնավորվածությունից՝ իրողությունը չի փոխվում. գործող օրենքն այս պահին խախտված է՝ OPT եւ PTP-ի ամբողջական վերահեռարձակմամբ: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել