Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջնագիր՝ Հայաստանին»

Դեկտեմբեր 01,2004 00:00

Այդպես է «Արմատը» գնահատում ՄԱԿ-ում ղարաբաղյան բանաձեւի քննարկման հետաձգումը

Երեկ տեղի է ունեցել «Արմատ» կենտրոնի տարեկան համաժողովը: Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ տնտեսական կյանքին առնչվող հարցեր: Ընդունվել է ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ներկա փուլի մասին հայտարարություն: Դրանում, մասնավորապես, ասվում է. «ԼՂՀ խաղաղ կարգավորման գործընթացը թեւակոխել է ցավալի հետեւանքներով հղի ճակատագրական փուլ»:

Մեկ անգամ եւս արձանագրելով, որ հիմնահարցի շահարկմամբ իշխանությունը զավթած անձի (նկատի ունեն Ռ. Քոչարյանին) գործունեության հետեւանքով Ղարաբաղի ինքնորոշման հարցը փոխակերպվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի, հայտարարությունում մանրամասն ներկայացված են քայլերը, որոնց արդյունքում ԼՂՀ հարցն այդ որակը ձեռք բերեց: Մասնավորաբար՝ սկսած նրանից, որ Ղարաբաղը հակամարտության սուբյեկտից վերածվեց հակամարտության օբյեկտի՝ մինչեւ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 59-րդ նստաշրջանի օրակարգում «գրավյալ տարածքների» հարցի ընդգրկումը: «ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովին՝ Ադրբեջանի կողմից առաջարկված հարցի քննարկման հետաձգումից պարզվեց, որ շուրջ երկու ամիս առաջ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացրել են կարգավորման տարբերակ, որի գոյությունն իսկ խիստ գաղտնի է պահվում հայ հասարակությունից: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ դա ծայրաստիճան անբարենպաստ պայմաններ է ենթադրում հայկական կողմի համար: Հետեւաբար ՄԱԿ-ում բանաձեւի քննարկման հետաձգումը ոչ այլ ինչ է, եթե ոչ վերջնագիր Հայաստանին կամ թելադրանքով առաջարկված պլան՝ գնալ անդառնալի զիջումների կամ կանգնել Վեհաժողովի բանաձեւի ընդունման փաստի առջեւ՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ»,- ասվում է հայտարարությունում:

Ելնելով վերոասվածից՝ «Արմատը» եզրակացնում է. «Վտանգված են հայոց պետությունը եւ Լեռնային Ղարաբաղի գոյությունը: Ժողովուրդը կանգնած է նոր պատերազմի ու չարդարացված կորուստների առջեւ: Քոչարյանի վարչախմբի օր առաջ հեռացումը քաղաքական ասպարեզից եւ օրինական, ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունների ձեւավորումը միայն կարող է հնարավորություն ստեղծել՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել