Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանությունը կանխատեսված էր

Դեկտեմբեր 01,2004 00:00

Ըստ
փաստաբան Նազելի Վարդանյանի, դա է ապացուցում Բուդապեշտում տեղի ունեցող դատավարությունը:
Նոյեմբերի 23-ին Բուդապեշտի մայրաքաղաքային դատարանում սկսվել է Ռամիլ Սաֆարովի
դատավարությունը, որը մեղադրվում է ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության
մեջ: Երեկ Փաստաբանների միջազգային միության անդամ Նազելի Վարդանյանը լրագրողներին
պատմեց գործի ընթացքի մասին: Ն. Վարդանյանը դատավարությանը մասնակցում է իբրեւ «դատավորի
օգնական», քանի որ տուժողը հունգարական քրեական օրենսգրքով իրավունք չունի ունենալ
պաշտպան: Ըստ փաստաբանի, հանցագործության ծանրացուցիչ հանգամանքները մի քանիսն էին:
Նախ այն, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել, երկրորդ՝ հատուկ ուղղված է եղել
հայազգի ներկայացուցիչների դեմ եւ երրորդ՝ որ ոճրագործը փորձել է սպանել Հայկ Մակուչյանին:
Եթե նախաքննության ժամանակ ոճրագործը հայտնել էր, թե փոքր հասակում ականատես է եղել
հայերի դաժանություններին ազերիների նկատմամբ եւ վրեժխնդրությամբ է լցվել՝ նախօրոք
գնել է կացինը եւ ցանկացել է սպանել հայերին, ապա դատաքննության ժամանակ նա հայտնել
էր, որ մեղանչում է, չի հասկացել, թե ինչ է արել, որ ինքը մտադիր չի եղել սպանել:
Ցուցմունքի փոփոխությունը նա բացատրել է նրանով, թե ռուսերենի չիմացությունը նրան
խանգարել է ճիշտ ձեւակերպել մտքերը: Սակայն Ն. Վարդանյանը հայտնեց, որ նա մեկ տարի
սովորել է ռուսական ուսումնարանում: Գործում առկա էր նաեւ հունգարացի սպայի
ցուցմունքը, որը նկարագրել էր, թե ինչ դաժանությամբ է ազերին Գուրգենի դիակին հարվածել:
«Ապացուցվեց, որ տղաները ոչ մի մեղք չեն ունեցել, բացի մի մեղքից՝ որ նրանք հայ են»,-
շարունակեց Ն. Վարդանյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ Սաֆարովի պաշտպանները ինչ-որ ճիգեր
են անում փրկելու Սաֆարովին՝ փորձելով ապացուցել, որ սպանությունը կանխամտածված չի
եղել: Նիստը հետաձգվել է մինչեւ փետրվարի 8-ը: Պաշտպանության նախարարության
ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը նկարագրեց Ադրբեջանի ԶԼՄ-ների արտադատարանական գործունեությունը:
«Ստի ինդուստրի ստեղծեցին,- ասաց նա,- եւ այն լուրերը, որ տարածել էին ԶԼՄ-ները,
թե իբր հայ սպաները սրբել են իրենց կոշիկները Ադրբեջանի դրոշով՝ հօդս ցնդեցին: Սաֆարովի
ոչ մի ցուցմունքում դատավորի եւ ոչ մի հարցին չկա կոշիկները ադրբեջանական դրոշով
սրբելու պատմություն, չկա նսեմացնելու որեւէ ապացույց: Դա շինծու պատմություն է եւ
հասկանալի դատարանին»: Տեղեկացանք նաեւ, որ Բուդապեշտում դատական նիստերի
դահլիճում եղել են հայկական սփյուռքի, հյուպատոսարանների ներկայացուցիչներ: Հայկական
ԶԼՄ-ներից ոչ մի ներկայացուցիչ չի եղել: Եվ «Զերկալոյի» տարածած ինֆորմացիան, թե
հայերը «դեսանտ էին իջեցվել», ապատեղեկատվություն էր: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել